«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ նոյեմբերի 12-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, աւելի քան 30 պատգամաւորների ներկայութեամբ եւ ատենապետութեամբ Սուրիկ Աբնուսեանի ու Սեւակ Հաթամեանի:
Ժողովը մեկնարկեց Տէրունական աղօթքով, ապա մեծարւեց ՊԺ-ի պատգամաւոր Վալոդ Հախինեանի նորոգ հանգուցեալ մօր՝ Եսթեր Հախինեանի յիշատակը:
Պատգամաւորական ժողովի նիստի հիմնական օրակարգն էր ունկնդրել նորանշանակ Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի առաջիկայ երկամեայ ծրագրերը թէ՛ գործադրական, թէ՛ նիւթական ոլորտներում, եւ քննարկել ու ներկայացնել առաջադրանքներ, առաջարկներ կամ շտկումներ:
Ժողովը օրակարգի առաջին կէտով ունկնդրեց նորանշական Կրօնական խորհրդի 2024 առ 2026 թւականների գործունէութեան երկամեայ ծրագիրը, որը ընթերցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:
Երկամեայ ծրագրի մէջ ներառնւած էր համայնքի հոգեւոր եւ հայեցի դաստիարակութեան ի խնդիր կէտեր: Ծրագիրը պարփակում էր համայնքի հոգեմտաւոր կարիքներին ու պահանջներին յագուրդ տալու համար բազմազան ծրագրեր: Ծրագրերից էին՝ քահանաների եւ ժողովրդի ու միութիւնների միջեւ առաւել սերտ կապերի ու համագործակցութեան ամրապնդումը, գրքերի հրատարակութիւններ, մասնագիտական համագումարների ու վերապատրաստման դասընթացների կազմակերպում, արդի միջոցներով համայնքիս, յատկապէս՝ երիտասարդ սերնդին ծանօթացնել Աստւածաշնչին եւ Հայ Առաքելական Եկեղեցու ուսուցումներին, զարգ տալ համայնքիս ազգային ու հոգեմտաւոր կարողութիւններին: Ծրագրի մէջ ներառւած էր Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի աշխատանքները:
Յաջորդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի երկամեայ իրագործելիք ծրագրի բովանդակութիւնը, որը պարփակում էր տարբեր խորհուրդների ու մարմինների համար նախատեսւած ու մշակւած երկամեայ կտրւածքով աշխատանքները: Ծրագրում անդրադարձ էր կատարւել, Եկեղեցական խորհուրդների, ենթակայ մարմինների եւ շրջանների ընդհանուր գործունէութեանը:
Ծրագրի մէջ անդրադարձ էր կատարւել ազգային կառոյցների վերադասաւորման, թեմապատկան կալւածների լաւագոյնս օգտագործման, կրթական մակարդակի բարձրացման համար այժմէական միջոցների օգտագործման, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների բարեկարգման, ազգային իշխանութեան աշխատանքները մերթընդմերթ համայնքի սեփականութիւնը դարձնելու անհրաժեշտութեանը եւ կրթօջախների հարցերին: Ծրագրի հիմնական գլուխները անդրադարձել էին՝ Կրթական խորհրդի, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Կարիքաւորներին օժանդակող մարմնի, Կտակա-կալւածային մարմնի, Շինարարական մարմնի, Դատական խորհրդի, Ուսանողական ֆոնդի, Գերեզմանատների վարչութեան, Յարաբերական մարմնի եւ Եկեղեցական խորհուրդների աշխատանքներին: Ներկայացւած ծրագրից յետոյ, որը ընթերթեց Արազ Սիմոնեանը, պատգամաւորները ներկայացրեցին իրենց առաջադրանքները, շտկումները եւ քննարկեցին գործադիր իշխանութեան ներկայացրած երկամեայ ծրագիրը:
Ժողովին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամները:
Յաջորդ նիստը գումարւելու է այսօր՝ նոյեմբերի 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանում:
Այսօր ՊԺ-ն քննարկելու է Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից աշխատանքների համար նախատեսւած բիւջէն եւ գործադիր խորհուրդների ու մարմինների համար ներկայացւած անւանացանկերը եւ պատգամաւորները ներկայացնելու են իրենց առաջարկութիւնները Թեմական խորհրդի առաջիկայ գործունէութեան համար: