Այլ

Ի՞նչ կապ կայ պասիւ ծխելու ու թոքի քաղցկեղի միջեւ

Ծխելը եղել է, կայ եւ կը մնայ թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի ամենակարեւոր գործօնը: Այնուամենայնիւ, համացանցում կարելի է գտնել պնդումներ, որ պասիւ ծխելը այնքան էլ վնասակար չէ, որքան սովորաբար համարւում է: Պարզենք՝ սա ճի՞շտ է, թէ՞ սխալ։

Քաղցկեղների շարքում թոքի քաղցկեղը համարւում է թիւ 1 մարդասպանը: Բժիշկները վստահ են, որ դէպքերի 85-90%-ում դրա զարգացումը կապւած է ծխելու հետ։ Ծխելը կարող է լինել ակտիւ, երբ ծխողն ինքն է ներշնչում այրւող ծխախոտի ծուխը, եւ պասիւ, ծխողի ծխախոտի այրման արտադրանքը ստիպւած է ներշնչել նոյն սենեակում  կամ տարածքում գտնւող չծխող մարդը։ Ինչպէս ակտիւ, այնպէս էլ պասիւ ծխելը վնասակար է եւ մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս փաստը հաստատում են բազմաթիւ հետազօտութիւններ, որոնք ուսումնասիրել են ծխելու ազդեցութիւնը թոքի քաղցկեղի առաջացման վրայ:

Որքանո՞վ է վնասակար պասիւ ծխելը

Եթէ ակտիւ ծխելը որպէս թոքի քաղցկեղի ռիսկի գործօն առաջին անգամ քննարկւել է 1940-50-ականներին, պասիւ ծխելու վերաբերեալ, որպէս թոքի քաղցկեղի առաջացման պատճառ, առաջին խոշոր հետազօտութիւնները հրապարակւել են 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին:

1981 թւականի յունւարին, երկու օրւայ տարբերութեամբ, հրապարակւեցին երկու նմանատիպ հետազօտութիւնների արդիւնքները, որոնք յստակ ցոյց տւեցին ամուսինների ծխելու եւ նրանց չծխող կանանց մօտ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի կապը: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ չծխող կանանց մօտ թոքերի քաղցկեղի զարգացման յարաբերական ռիսկը կապւած է ամուսնու ծխելու կարգավիճակի հետ եւ կախւած է նրանց ամուսինների ծխած ծխախոտի քանակից. ռիսկի մակարդակը 2,4 անգամ  (RR-2,4) բարձր է, եթէ ամուսինները ծխում են օրական մէկ տուփից պակաս, եւ 3,4 (RR – 3,4) անգամ բարձր է՝ եթէ մէկ տուփից աւել: Ճապոնացի գիտնականները յանգել են նոյն եզրակացութեանը. հեղինակները հաշւարկել են, որ թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը այն կանանց մօտ, ում ամուսինները ծխում են մէկ տուփից պակաս փոքր-ինչ բարձր է (RR-3,17), իսկ օրական մէկ տուփից աւել ծխելու պարագայում՝ 4,5 անգամ (RR – 4,57) բարձր է չծխող տղամարդկանց կանանց համեմատ։

Այնուհետեւ ամբողջ աշխարհում հրապարակւեցին բազմաթիւ հետազօտութիւններ, որոնց նպատակն էր պատասխանել հարցին՝ պասիւ ծխելը նպաստո՞ւմ է թոքի քաղցկեղի զարգացմանը, թէ ոչ։ Մինչեւ 1986 թւականը հրապարակւեցին այս խնդրի վերաբերեալ 12 խոշոր հետազօտութիւնների արդիւնքները, իսկ 1992 թւականին՝ արդէն 325: Ուսումնասիրութիւնների թիւն աւելացաւ, բայց եզրակացութիւնները մնացին անփոփոխ. պասիւ ծխելը եւ թոքի քաղցկեղը անքակտելիօրէն կապւած են. հիւանդութիւնն աճում է 15-35%-ով, արտաշնչած ծխախոտի ծուխը քաղցկեղածին է, եւ տարեկան միայն ԱՄՆ-ում չծխողների մօտ հանդիսանում է թոքի քաղցկեղից մահւան մօտ 3 հազար դէպքի պատճառ5:

Ինչպէ՞ս է ծխելը բարձրացնում թոքի քաղցկեղի առաջացման վտանգը

1997 թւականին հրապարակւեցին մետա-վերլուծութեան արդիւնքները, որոնք հաւաքագրեցին 37 հետազօտութիւններ, այդ թւում՝ 4,5 հազար թոքի քաղցկեղով պացիենտների տւեալներ, որոնք երբեք չէին ծխել:

Մետա-վերլուծութիւնը հետազօտութիւն է, որը վիճակագրօրէն միաւորում է բազմաթիւ անկախ հետազօտութիւնների արդիւնքները, ինչը թոյլ է տալիս խնդրին նայել գլոբալ եւ անաչառ:

Հեղինակները պարզել են, որ չծխող ամուսնու պասիւ ծխելը մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը 24%-ով (RR – 1.24; 95% CI – 1.13-1.36), բացի այդ շատ կարեւոր է ծխած սիգարետների քանակն ու ծխի ազդեցութեան տեւողութիւնը չծխող մարդու վրայ։ Նոյն եզրակացութեան գալիս են այն գիտնականները, ովքեր հրապարակել են 2000 թւականին մէկ ուրիշ մետա-վերլուծութեան արդիւնքները. չծխող կանանց պասիւ ծխելը 20%-ով մեծացնում է նրանց մօտ թոքի քաղցկեղի առաջացման վտանգը (RR – 1,20; 95% CI – 1,12–1,29)։

Մօտաւորապէս նոյն արդիւնքները հրապարակւել են 2006 թւականին ԱՄՆ-ի գլխաւոր վիրաբոյժի զեկոյցում, որն ուսումնասիրել է 52 հետազօտութիւն՝  ծխախոտի ծխի ազդեցութեան վերաբերեալ  չծխող ամուսինների եւ 25-ը՝ գործընկերների վրայ. եթէ ամուսինը ծխում է, թոքի քաղցկեղով հիւանդանալու հաւանականութիւնը չծխող կնոջ համար բարձրանում է 15-43%-ով (կախւած սեռից եւ տարածաշրջանից, որտեղ անցկացւել է հետազօտութիւնը), իսկ աշխատանքի վայրում ծխախոտի ծխի ազդեցութիւնը չծխող աշխատակիցների վրայ բարձրացնում է նրանց թոքի քաղցկեղով հիւանդանալու հաւանականութիւնը 22%-ով։ (RR: 1.22; 95% CI: 1.13–1.33):

Ինչու է թոքի քաղցկեղը զարգանում չծխողների մօտ

Վերոնշեալ արդիւնքները մասամբ բացատրում են, թէ ինչու է թոքի քաղցկեղն աւելի տարածւած կանանց մօտ, ովքեր երբեք չեն ծխել, քան այն տղամարդկանց մօտ, ովքեր երբեք չեն ծխել. նրանք տառապում են իրենց ամուսինների վատ սովորութիւններից:

Այսպիսով՝ պասիւ ծխելը բարձրացնում է չծխող անձանց մօտ թոքի քաղցկեղի զարգացման վտանգը 20-30%-ով:

Մթնոլորտ արտաշնչւող ծուխը պարունակում է առնւազն 17 քաղցկեղածին նիւթ եւ դրանց կոնցենտրացիան արտաշնչւող օդում աւելի բարձր է, քան ներշնչւող ծխի մէջ:

Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը նւազեցնելու միակ միջոցը ծխելու դադարեցումն է, իսկ պասիւ ծխելու դէպքում՝ ծխախոտի ծուխը ներշնչելուց խուսափելը։

Related Articles

Back to top button