ԹեհրանՀամայնք

Հայկական մի շարք դպրոցների տրամադրւել է տեխնիկական սարքաւորումներ՝ «Ղալամչի» կենտրոնի կողմից

Ուրախութեամբ յայտնում ենք Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի եւ Կրթական խորհրդի անդամ՝ Սերժ Եղիազարեանի միջնորդութեամբ «Ղալամչի» կենտրոնը հայկական մի շարք դպրոցների ներառել է բարեգործական ծրագրի մէջ եւ տրամադրել է տեխնիկական սարքաւորումներ՝ մասնաւորապէս 15 հատ դիւրակիր համակարգիչ (Lap Top), գրատախտակներ (White board) եւ տեսացրիչ (Video projection):

Նշելի է, որ դպրոցները յատկացրել են ընդհանուր գումարի մէկ երրորդ մասը, իսկ մնացած խոշոր գումարը՝ յատկացւել է «Ղալամչի» կենտրոնի կողմից:

Հինգշաբթի՝ յունւարի 23-ին, Կրթական խորհուրդը վերոնշեալ առիթով իր երախտագիտութիւնը յայտնելու նպատակով կենտրոնի տնօրէն պրն. Քազեմ Ղալամչիին եւ իրեն ընկերակցող խմբին հրաւիրել էր հանդիպման:

Հանդիպումը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի դահլիճում, որին ներկայ էին պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, Թեմական խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանը, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը, Կրթական խորհրդի անդամներ եւ դպրոցների հայ տեսուչներ։

Ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ Սերժ Եղիազարեանը, գնահատանքի եւ շնորհակալական խօսքերով արտայայտւեցին պատգամաւորը եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ Սաքօ Ազիզեանը: Պրն. Ղալամչիին, որպէս գնահատանք յանձնւեց գնահատագիր եւ նւէրներ:

Պրն. Ղալամչին իր երախտիքի խօսքը ուղղեց ներկաներին եւ յոյս յայտնեց, որ այս համագործակցութիւնն էլ աւելի կընդլայնւի։

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն այնուհետեւ հիւրերը իրենց ցանկութեամբ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի։

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Related Articles

Back to top button