Տօն անւանակոչութեան Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցու եւ նշում՝ կառուցման 180-ամեակի

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ փետրւարի 16-ին, առաւօտ ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատոյց Լիլաւա հայաշատ թաղամասում 19-րդ դարում կառուցւած Ս. Սարգիս եկեղեցում, որով եւ նշւեց եկեղեցու անւանակոչութեան տօնը, Սուրբ Սարգիս Զօրավարի յիշատակի օրւայ հետ զուգահեռ: Խորանին սպասարկում էր բարեշնորհ Սեւան սրկ. Ենովքեանը, իսկ երգեցողութիւնը կատարւում էր «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Սրբազան Հայրը իր քարոզում վեր հանեց Ատրպատականի հայոց թեմի մեր ժողովրդի խոր հաւատքը, որով 180 տարիներ առաջ, հաւաքական ջանքով կարողացել էին իրենց թաղամասում հայ հաւատքի տուն կառուցել, գմբէթաւոր եւ քարաշէն արտաքինով. «Սբ. Սարգիս եկեղեցու կառուցումից առաջ, այստեղ էր եղել Լիլաւա թաղամասի հողաշէն եւ փայտածածկ եկեղեցին: Թաւրիզահայ անւանի մեծահարուստ եւ բարերար Պարոն Աւագի մայրը՝ Նանաջան բաջին դպրոց էր բացել եւ հայերէն լեզու էր սովորացնում, հնում Լէյլաբադ անունով ծանօթ նոյն թաղամասի հայ երեխաներին: Նոյն օրերին, սոյն թաղամասի հայերը միասնաբար որոշում են կայացնում, ազգային առաջնորդարանի հովանաւորութեամբ նոր եկեղեցի կառուցել, որը մնայուն հոգեւոր տունն էր լինելու սոյն թաղամասի: Այս աշխատանքի մէջ իր կարեւոր դերակատարութիւնն է ունենում, սոյն թաղամասի հոգեւոր հովիւ Տ. Զաքարիա քհնյ. Տէր Զաքարեանը»,- ասաց Սրբազանը, օրհնելով եկեղեցաշէն բոլոր հանգուցեալների յիշատակը:
Առաջնորդ Սրբազան Հայրը այս առիթով խօսեց Սուրբ Սարգիս զօրավարի հաւատքի զօրութեանը, մաղթելով, որ սուրբ զօրավարի ոյժը միանգամ եւս յայտնւի աշխահում, ներկայ քաղաքական, ապահովական, տնտեսական եւ ընկերային բազմապիսի դժւարութիւններ դիմակայելու համար: Սրբազանը այս առիթով բացատրեց, որ Ս. Սարգսի տօնի շաբաթւան զուգադիպող պահքը չի առնչւում սրբի հետ, այլ այն կոչւում է Առաջաւորաց Պահք, որը Ս. Գրիգոր Լուսաւորիչը հաստատել էր երեքօրեայ դրութեամբ, Հայաստանը քրիստոնէացնելուց եւ Տրդատ թագաւորն ու հայոց արքունի մեծամեծները մկրտելուց յետոյ:
Իր քարոզի աւարտին, առաջնորդ Սրբազան Հայրը բարձր գնահատանք յայտնեց եկեղեցու Խնամակալ մարմնին, որոնք ամէն Կիրակի եւ տօնական օրերին բաց են պահում եկեղեցու դռները, իսկ ամէն Շաբաթ օրերին, հերթաբար մաքրում են այն, Աստծու տան նկատմամբ իրենց բծախնդիր մօտեցմամբ: