ԹեհրանՀամայնք

Զեկոյց՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեան ներքոյ աշխատող Ուսանողական ֆոնդի աշխատանքների մասին

Անցնող տարիների ընթացքում իրարայաջորդ Թեմական խորհրդի կազմերը հայ նոր սերնդի բարձրագոյն կրթութիւն ստանալու խնդիրը կարեւորելով, փորձել են հնարաւոր բոլոր միջոցներով, ոչ-միայն քաջալերել՝ այլ նաեւ հովանաւորել եւ օժանդակել երիտասարդներին:

Այս ուղղութեամբ գործնական նշանակալից քայլերից է եղել Թեմական խորհրդի կողմից Ուսանողական ֆոնդի ստեղծումը, որը հիմնադրւել է «Շահվերդեան», «Պանիրեան» եւ «Դաւթեան» ֆոնդերի համատեղմամբ, որին ժամանակի Թեմական խորհուրդը եւս ներդրել է մի շօշափելի գումար, որպէսզի հնարաւոր լինի աւելի մեծ թւով ուսանողների օժանդակել:

Նշելի է, որ այս շրջանում եւս Ուսանողական Ֆոնդի անձնակազմը՝ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, ոչ մի ջանք չի խնայում իրեն վստահւած առաքելութիւնը լաւագոյն կերպով իրագործելու ուղղութեամբ:

Շաբաթ՝ փետրւարի 8-ին, Թեմական խորհրդում մարմնի հետ կապ՝ Անի Միրզախանեանի ներկայութեամբ գումարւած Ուսանողական ֆոնդի հերթական նիստի ընթացքում ընդհանուր անդրադարձ է կատարւել Ֆոնդի գործունէութեանը եւ ապագայ ծրագրերին:

Նշելի է, որ ֆոնդի անձնակազմը վերջին ամիսների ընթացքում յաջողել է իր հովանաւորութեան ներքոյ գտնւող ուսանողների թիւը բարձրացնել եւ ներկայիս օժանդակում է շուրջ 40 ուսանող-ուսանողուհիների:

Թեմական խորհուրդը եւս երիտասարդութեան ուսման կարեւորութիւնից ելնելով ուսումնասիրել է ֆոնդին յատկացւած մայր գումարը բարերարների օժանդակութեամբ եւ հնարաւոր տարբերակներով յաւելելու ելքերը եւ 1403-1404 (2024-2025) ուս. տարեշրջանի Ա կիսամեակից սկսեալ տարեկան սակերը բոլոր մակարդակների համար 24.000.000 ռիալից բարձրացրել է 80.000.000. ռիալի, որը վճարւելու է երկու նւագով, իւրաքանչիւր կիսամեակ՝ 40.000.000 ռիալ:

Ուսանողական ֆոնդի անձնակազմը լիայոյս է, որ հնարաւորութիւն կունենայ աւելի մեծ թւով ուսանողների ներգրաւել եւ արդիւնաւէտ դերակատարութիւն ունենալ հայ ուսանող-ուանողուհիների բարձրագոյն կրթութիւն ստանալու ճանապարհում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button