ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախաձեռնութեամբ յուշերեկոյ նւիրւած՝ Վարդան Դաւթեանի յիշատակին

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թւականիս մարտի 6-ին մեծ թւով ազգայիններ ու գաղափարակից ընկերներ էին համախմբւել Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ, յիշելու եւ մեծարելու մի մարդու, ով իր կեանքի մեծ մասը յատկացրել էր իր համայնքին: Համայնք եւ իրանեան հայրենիք, որով նա հպարտանում էր, այդպիսին էր հանգուցեալ Վարդան Դաւթեանը: Հոգով լրագրող, վերլուծաբան, «ԱԼԻՔ» օրաթերթի բազմավաստակ լրագրող, թարգմանիչ, հրապարակախօս բանահաւաք, խորհրդատու, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադիրներից եւ այն հազւագիւտներից ում խօսքը, խորհուրդները եւ գրութիւնները միանգամայն հաստատւում էր ազգային իշխանութեան եւ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան մի քանի շրջանների պատգամաւորների կողմից: Նա էր, որ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջին օրերին երբ երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանը այցելել էր Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմէյնիին, իր լուսանկարով յաւերժացրեց այդ պահը:

Նրա յիշատակը վառ պահելու նպատակով՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր յուշերեկոյ, Սրբոց Վարդանանց եկեղեցու ներքեւի դահլիճում: Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման խօսքը՝ յանուն միութեան  արտասանեց Ժասմենա Առաքելեանը:

Յուշերեկոյին Վարդան Դաւթեանի կենսագրական տւեալների մասին, որը զուգորդւած էր նաեւ հանգուցեալի ազգային-հասարակական աշխատանքներով եւ ներկայացնում էր նաեւ համայնքի ժամանակի պատմական իրավիճակը, համապարփակ գծերով  անդրադարձաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, նշելով որ Վարդանը միակ հայ լրագրողն էր, ով ժամանակին Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մամլոյ գերատեսչութեան կողմից ստացել էր լրագրողական պետական լիազօրութիւն: Նա կարեւորութեամբ ընդգծեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին Վարդան Դաւթեանի անմնացորդ դերակատարութեանը, որպէս ժամանակի  Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանի հանրութեան հետ կապերի գրասենեակի պատասխանատու եւ ժամանակի խորհրդարանի պատգամաւոր Վարդան Վարդանեանի խորհրդատու եւ գրասենեակի պատասխանատու եւ այդ առիթով նա փոխանցեց նաեւ օրւայ առիթով՝ Վարդան Վարդանեանի յղած խօսքերից: Հայրիկ Աղանեանը նշեց, որ Վարդան Դաւթեանը պատրաստել էր նաեւ Սրբոց Վարդանանց եկեղեցու հիմնադրման 30-ամեակի պրակը եւ ընդգծեց, որ նրա մասին բազմիցս է անդրադարձ եղել իրանահայ անւանի դէմքերի վերաբերեալ լոյս ընծայւած գրքերում:

Յուշերեկոյին հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ժամանակի Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանապետ եւ ներկայիս Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Նա համապարփակ գծերով անդրադարձաւ Վարդան Դաւթեանի ազգային-հասարակական անմնացորդ դերակատարութեանը կապւած յեղափոխութեան առաջին տարիներին: Նա ընդգծեց, որ այդ տարիներին յոյժ կարեւոր էր ազգային առաջնորդարանը օժտել հանրային կապի գրասենեակով եւ պատասխանատու նշանակել մի այնպիսի անձնաւորութեան, ով տիրապետում էր հայերէնին ու պարսկերէնին, օրւայ քաղաքա-հասարակական պայմաններին, լաւատեղեակ էր թէ՛ Քրիստոնէութեանը, եւ թէ՛ Իսլամին, տիրապետում էր լրագրողութեանը եւ ամենակարճ ժամանակամիջոցում  ի զօրու էր  լուրերը ճիշտ փոխանցել պատկան մարմիններին: Նա նշեց, որ նման հնարաւորութիւններով օժտւած էր Վարդան Դաւթեանը, որի բերումով էլ ժամանակի ազգային իշխանութիւնը այդ հարցով վստահեց Վարդան Դաւթեանին: Սերոժ Օհանեանը ընդգծեց, որ նա ոչ միայն լաւագոյնս կատարեց իր առաքելութիւնը, այլ իր աշխատանքներով մեծ աւանդ թողեց ապագայ սերունդներին, եւ աւելացրեց, որ նրա գրած նամակները եւ հաղորդագրութիւնները, անվարան հաստատւում էին ազգային իշխանութեան կողմից:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու «ԱԼԻՔ» օրաթերթի բազմավաստակ գլխաւոր խմբագիր, պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեանը: Իր համապարփակ ելոյթի ընթացքում, նա ընդգծեց որ Վարդան Դաւթեանը սնւել ու դաստիարակւել է «ԱԼԻՔ»-ի ժամանակի խմբագիրներ՝ Անդրէ Տ. Օհանեանի (Ամուրեան), Հրայր Խալաթեանի շունչի ներքոյ: Նա ներկայացրեց այն արժէքները, որոնք յարիր են հայ լրագրողին: Դերենիկ Մելիքեանը ապա ընդգծեց մի քանի կէտեր, որոնք առկայ էին Վարդան Դաւթեանի յօդւածներում, ինչպիսիք էին՝ նրա քննադատական մօտեցումները, քաղաքական դաշտի խորը ըմբռնումը եւ վերլուծութիւնները: Նա անդրադարձաւ Վարդանի այն կարողականութիւններին, որ նա դրսեւորում էր Իրանի նոյնիսկ Հանրապետութեան նախագահների հետ հանդիպման ընթացքում, երբ ամենակարճ ժամանակամիջոցում Վարդանը կարողանում էր ներկայացնել իրանահայ համայնքին, որի բացայայտ օրինակը համարեց մամուլի ցուցահանդէսների ժամանակ Հանր. նախագահների ու պետական հիւրերի այցերի պահերին: Դերենիկ Մելիքեանը կարեւորութեամբ անդրադարձաւ «ԱԼԻՔ»-ի էջերում Վարդանի գրչին պատկանող «Տրամագիծ» սիւնեակին, եւ նշեց որ սիւնեակը շօշափում էր հասարակական, ու քաղաքական  հարցերը եւ այդ սիւնեակով հնարաւոր էր լինում ընկղմւել Վարդանի ներաշխարհը, որ որպէս լրագրող ի յայտ էր բերում նրա արդար բողոքի ձայնը, մարդկային ու քննադատական հակումները:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ժամանակին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան  պատգամաւոր Գեւիկ Վարդանը, ով պատգամաւորութեան տարիներին աշխատակցել է Վարդան Դաւթեանի հետ: Նա իր ներկայացրած յուշերի ընդմիջից անդրադարձաւ Վարդան Դաւթեանի առանձնայատկութիւններին եւ ընդգծեց որ նրան առաջին անգամ հանդիպել է դեռ պատանի տարիքից, երբ Վարդան Դաւթեանը ընթերցում էր Ապրիլ 24-ի քաղաքական հաւաքի վերջնագրերը եւ իր ոգեշունչ կարգախօսերով մի ամբողջ ժողովրդի փոխանցում օրւայ ոգին: Նա նշեց, որ Վարդանի ունակութիւնները փոխանցւում էր երիտասարդներին եւ նա շատ հեշտ իր տեղը զիջում էր երիտասարդներին ու խրախուսում նրանց շարունակել գործը: Նա կարեւորեց Վարդան Դաւթեանի այն կարողականութիւնը, որը նոյնիսկ յետ մահու եւ այսօր իր յուշերեկոյին կարողացաւ իր շուրջ համախմբել մեծ թւով ընկերների ու հարազատների: Գեւիկ Վարդանը նշեց, որ Վարդանը շատ հանգիստ ընդունում էր իր սխալը եւ սրբագրում այն, քանզի նա մեծ ունակութիւն ու գիտակցութիւն ունեցող անհատ էր, նա արդար էր եւ նա որպէս իրանցի խիստ հպարտանում էր իր իրանցի լինելով եւ այդպիսով նա կարողանում էր հետամուտ լինել համայնքային իրաւունքների իրականացման:

Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա իր յուշերի ընդմիջից վեր հանեց Վարդան Դաւթեանի կարողականութիւնները, ընդգծելով որ Վարդան Դաւթեանին ճանաչել է դեռ մանկուց երբ իր հանցուցեալ հօր եւ «ԱԼԻՔ»-ի բազմավաստակ պաշտօնեայ, բանաստեղծ Նազար Շահվերդեանի հետ այցելում էր «ԱԼԻՔ»: Նա նշեց, որ Վարդանի հետ զրուցելիս չէիր հոգնում, քանի որ շատ բան ունէր փոխանցելու եւ սովորեցնելու, նա դիպուկ քննադատում էր սխալը եւ արդար մօտեցում դրսեւորում խնդիրների նկատմամբ: Նա նշեց, որ Վարդանի հետ միասին եղել է մամուլի ցուցահանդէսներում, երբ նա «ԱԼԻՔ»-ի տաղավարի պատասխանատուն էր եւ այդ օրերին շատ բան է սովորել նրանից:

Յուշերկոյին հրաւիրւեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ եւ միութեան հիմնադիրներից Մուշեղ Ծատուրեանը փոխանցելու իր խօսքը: Նա նշեց որ Վարդանի հետ իր 50-ամեայ ծանօթութեան առաջին իսկ օրւանից, նրա մօտ յայտնաբերել է ազգասէր, ընկերասէր եւ գաղափարին կառչած հայ մարդու վեհ ունակութիւնները, ում իւրաքանչիւր բառը փոխանցում էր այդ յատկութիւնները: Նա նշեց որ Վարդան Դաւթեանի հետ ծանօթացել է այն ժամանակ, երբ բանուկ էր Շահազիզ միութիւնը: Նա նշեց, որ Վարդանը շատ լաւ ընկեր էր եւ իր ուղղութիւններով ամէն գնով նպաստում էր իրեն դիմողներին, յատկապէս երիտասարդներին: Նա կարեւորեց Վարդանի դիպուկ քննադատութիւնները եւ խօսքի բարձր կարողականութիւնը եւ բեմին տիրապետելը: Նա իր յուշերի ընդմիջից անդրադարձաւ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադրման գծով Վարդանի անմնացորդ դերակատարութեանը եւ միութեան ապագայ միջոցառումներին իր համեստ ու վճռորոշ մասնակցութեանը: Նա իր գնահատանքը յայտնեց կազմակերպիչ յանձնախմբի անդամներ՝ Ժասմենա Առաքելեանին, Գուրգէն Քարամեանին, Վարդուհի Օրուջեանին, Իւետ Այւազեանսին, Ալիս Դաւթեան-Իւթուջեանին, Հայրիկ Աղանեանին, Դերենիկ Մելիքեանին, Բեսի Յովհաննիսեանին, Սերոժ Օհանեանին եւ Կարէն Մնացականեանին:

Օրւայ եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը փոխանցելու Սրբազան Հօր պատգամը: Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը ընդգծեց. «Ամէն ազգ եւ ամէն ժողովուրդ իր պատմութեան եւ կեանքի մէջ ունի իր մեծութիւնները, ունի իր տիպարները եւ հսկաները, որոնցով կը հպարտանայ, կը պարծենայ, կը գոհանայ եւ կը ներշնչւէ: Այդ մարդիկ այն անձերն են, որոնք իրենց կեանքի ընթացքին մերժած են սովորական եւ պարզ մարդ լինել եւ իրենց տարբեր ծառայութիւններով դրոշմ, հետք եւ հռչակ թողած են յիշողութեան եւ պատմութեան մէջ»: Նա ընդգծեց Թեհրանի հայոց թեմի հարուստ անցեալի մասին  եւ նշեց. «Երբ ընթերցեցի Վարդան Դաւթեանի կենսագրութիւնը, իմացայ որ նա իսկական հայու տիպար է, ծառայած է թէ՛ եկեղեցուն եւ թէ՛ հայրենիքին, թէ՛ կրօնին եւ թէ՛ ազգին, թէ՛ աղօթքին եւ թէ՛ մշակոյթին, թէ՛ Աստւածաշունչ մատեանին եւ թէ՛ հայոց պատմութեանը, թէ՛ Աստւածաբանութեանը եւ թէ՛ հայութեանը»: Ապա Հայր Սուրբը աղօթեց  Վարդան Դաւթեանի հոգու խաղաղութեան համար:

Միջոցառմանը ներկայ էին՝ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը եւ նեկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Վարդան Դաւթեանի այրին Ալիս Դաւթեան-Իւթուջեանը, իր զաւակները՝ ընտանեօք, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ Վարդանի տարբեր ժամանակաշրջանների ընկերներ:

Յուշերեկոյին ընթերցւեց «ԱԼԻՔ»-ի խմբագրակազմում Վարդանի երկարամեայ գործընկեր՝ Վարանդի յուշգրութիւնը:

Օրւայ առիթով մեներգերով ելոյթ ունեցաւ Զօրիկ Ֆարհադեանը:

Յատկանշական է, որ միջոցառմանը ձայնասփռւեց Վարդան Դաւթեանի ձայնով, ժամանակին «Փոթորիկ» երգչախմբի յեղափոխական երգերի ելոյթից առաջ հնչած՝ «Արդարութեան մարտիկներին» նւիրւած ոգեշնչող բանաստեղծութիւնը: Նաեւ սփռւեց տեսաֆիլմ որը ժամանակին էր պատրաստւել պետական օրգանների միջոցով նրա կենսագրական տւեալների մասին: Սրահում ցուցադրւել էր Վարդան Դաւթեանի հասարակական կեանքը պատկերող լուսանկարների ցուցահանդէս, կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button