ԱտրպատականՀամայնք

«Տասն Կուսանաց»-ի ապագայատեսիլ արարողութիւնը Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Քրիստոսի երկրաւոր կեանքի աւարտը, մեր եկեղեցական տօնացոյցում կոչւում է Աւագ շաբաթ, իսկ քրիստոնեայ այլ եկեղեցիները այն կոչում են «Սուրբ շաբաթ»:

Այս շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեզմայլ շարականներով հարուստ արարողութիւնների շարքում իր իւրայատուկ տեղն ունի Աւագ Երեքշաբթի օրը, որի երեկոյեան ժամերգութիւնը նւիրւած է Յիսուսի պատմած Տաս Կոյսերի առակին, եւ դրանից բղխող հոգեկան արթնութեան հոգեթով կոչին:

Երեկոյեան ժամերգութեան ընթացքին, տաս աղջիկներ խորհրդանշականօրէն ներկայացրին Յիսուսի պատմած առակի կոյսերին, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտերներ իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում ներկայացւած հինգ «իմաստուն» կոյսերին, իսկ միւս հինգը՝ «յիմար» կոյսերին:

Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզ եւ Ուրմիա քաղաքներում գործող զոյգ եկեղեցիներում, երեքշաբթի, ապրիլի 15-ի երեկոյեան ժամը 17:00-ին տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի ընթացքում կարդացւած Աւետարանի ժամանակ, իրենց բաշխւած փակ թղթիկների վրայից տաս կոյսերը խորհրդանշող աղջիկներից հինգը մարեցին իրենց լապտերները՝ խորհրդանշելով յիմար կոյսերին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով իմաստուն կոյսերին:

Թաւրիզի «Պարոն Աւագ» թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած ժամերգութեան ընթացքին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, աշխարհի վախճանի ու վերջին դատաստանի գաղափարը պատկերող բոլոր աստւածաշնչական ընթերցումները կատարւեցին: Տաս կոյսերը խորհրդանշում էին Փոլետ Բենոյեանը, Էմելիա Աբրահամեանը, Մեղմիկ Ոսկանեանը, Նարէ Բուդաղեանը, Յասմիկ Շահմուրդեանը, Մարիամ Վարդանեանը, Վանէ Բահադորեանը, Գեղանի Գրիգորեանը, Էրեբունի Մարգարեանը եւ Էմիլին Մկրտիչեանը:

Սրբազան Հայրը տաս կուսանաց առակը մեկնաբանեց իր խօսած քարոզում եւ բարձր գնահատեց մասնակից աղջիկներին, որոնք իրենց ներկայութեամբ ճոխացրել էին եկեղեցական արարողութիւնը, եւ թարմ շունչ բերել մեր թեմի հաւաքական կեանքին: «Այս աղջիկները աշխարհի մարդկութիւնը խորհրդանշեցին այսօր: Նրանք հիմնականում երկու խումբ են՝ հեռատեսներ եւ կարճատեսներ, բարիներ եւ չարեր, Յիսուսի գալստեան հաւատացողներ եւ չհաւատացողներ…, եւ դեռ շա՜տ կարելի է երկարել այս շարքը, որը մարդկային կեանքի երկգոյն՝ սեւ ու սպիտակ երեսներն է խորհրդանշում»,- ասաց Սրբազան Հայրը:

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի միջոցով կատարւեց երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում, Տասը Կոյսեր շարւեցին սուրբ խորանի բեմի առջեւ լապտերներ իրենց ձեռքին, եւ Աւետարանի ընթերցումի պահին դարձան «հինգ իմաստուններ» եւ «հինգ յիմարներ»:

Յայտնենք, որ ե՛ւ Թաւրիզի ե՛ւ Ուրմիայի Խնամակալ մարմնի կանայք բծախնդիր աշխատանքով պատրաստել էին աղջիկների շապիկները եւ լապտերները, ու կանոնաւորութեամբ հսկում էին երեխաների մասնակցութեան: Աւարտին, Խնամակալ մարմնի կանանց կողմից եւ Սրբազան Հօր ձեռամբ նւէրներ յանձնւեցին մասնակցող աղջիկներին, քաջալերելով նրանց ապագայատեսիլ կեանքը, որի առաջին խորհրդանշական քայլը, իւրաքանչիւրի համար, սոյն արարողութեամբ հիմնադրւեց:

Related Articles

Back to top button