ԱտրպատականՀամայնք

Ս. Կոյսի Վերափոխման տօնը եւ խաղողօրհնէք Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ – Հայ եկեղեցու հինգ Տաղաւար տօներից չորրորդը՝ Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը, մեր թեմի հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում նշւեց կրօնական հանդիսաւորութեամբ, եւ խաղողօրհնէքի ազգային-եկեղեցական աւանդութեամբ:

Կիրակի, օգոստոսի 17-ին, Թաւրիզի Մարալան թաղամասի դարաւոր Ս. Աստւածածին ուխտավայր-մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Խորանին սպասարկում էր բարեշնորհ Սեւան սրկ. Ենովքեանը: Երգեցողութիւնը կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Օրւայ ճաշու ընթերցումը կատարեց Քարմէն Աբրահամեանը:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզի բնաբանը ընտրել էր Աստւածամօր նւիրւած բոլոր շարականների սկզբնատողից «Մեծացուսցէ անձն իմ զտէր եւ ցնծասցէ հոգի իմ Աստուծով փրկչաւ իմով»: «Մեծացուսցէ» շարականների այս առաջին տողից սկսելով Սրբազան Հայրը ներկայացրեց Ս. Կոյսի երկնային ընտրութեան արժանացած լինելը, որպէս ամենօրհնեալ կին: Նրա սրբակենցաղ կեանքի բոլոր անցքերին անդրադառնալուց յետոյ, Սրբազանը խօսեց նրա կեանքի վերջին տարիների մասին, երբ քաջալեր էր հանդիսանում առաքեալներին եւ Յիսուսի հետեւորդների ամբողջ բազմութեան:

Ներկայ կեանքի բազմաձեւ ու բազմատեսակ դժւարութիւններին, պատերազմական եւ ապահովական կացութիւնների ակնարկելով, առաջնորդ Սրբազանը դարձեալ Ս. Կոյսի օրինակը մէջբերեց, նրա մայրական դիմադրողականութիւնը օրինակելի համարելով. «Նրա քաջութիւնը, համբերութիւնը, դիմադրողականութիւնը բացառիկ օրինակներ են ներկայ կեանքում տառապող մարդկանց համար», ասաց նա. «Այսօր ամէն մարդ նւազագոյն անհանգստութեան համար բողոք է ներկայացնում շրջապատին, նոյնիսկ Աստծուն, երբ հարազատի մահւան առջեւ է գտնւում: Ս. Կոյսը լացեց, բայց չբողոքեց Աստծուն, անձնական հեղինակութիւն փնտռելով: Աստւածամօր խոնարհութիւնը թող օրինակ հանդիսանայ համայն մարդկութեան», եզրակացրեց Սրբազանը:

Չորրորդ Տաղաւար տօնի Ս. Պատարագի աւարտին, Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինի  կողմից  պատրաստւած  խաղողներով  լեցուն ծրարները, որոնք հաւատացեալները նւիրաբերել էին, եկեղեցու մուտքում դասաւորւած սեղանի վրայ տեղադրւեցին, որի վերեւում յարդարւել էր խաղողների ողկոյզներով զարդարուն հնամենի կամարը: Սոյն խաչկալի տակ կատարւեց խաղողօրհնէքի հանդիսաւոր արարողութիւնը: Ապա, Խնամակալ մարմինը ճաշի հիւրասիրութեամբ պատւեց ներկաներին:

Նոյն օրը, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց Ս. եւ անմահ Պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը: Ս. Պատարագը մատուցեց եւ քարոզեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Խորանին սպասարկում էր բարեշնորհ Առլէն սրկ. Բադալեանը: Սուրբ Պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի միջոցով: Օրւայ Ճաշու ընթերցւած կարդաց Անահիտ Բաբախանեանը:

Եկեղեցու Խնամակալ կանանց աշխատանքով  պատրաստւել էին օրհնւելու խաղողների ծրարները, որոնք ներկայ հաւատացեալ ժողովրդի կողմից նւիրաբերւել էին եկեղեցուն: Օրհնութեան արարողութիւնից յետոյ, Խնամակալ կանանց միջոցով բոլոր ծրարները բաշխւեցին հաւատացեալներին:

Նոյն օրը, կէսօրից յետոյ ժամը 1-ին, Գեարդաբադ գիւղի Ս. Գէորգ եկեղեցում, Տէր Մարտիրոս քահանայի միջոցով, տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին օրհնւեց խաղողը եւ բաշխւեց գիւղի բարեպաշտ ժողովրդին:

Երկու եկեղեցիներում՝ Ուրմիա եւ Գեարդաբադ, Տէր հայրը իր խօսած քարոզի միջոցով բացատրեց Աստւածամօր երկրաւոր կեանքի աւարտից յետոյ դէպի երկինք վերափոխւելու դրւագը:

Ապա տեղի ունեցաւ խոստովանանք եւ գիւղի ժողովուրդը մօտենալով սուրբ խորանին, երկիւղածութեամբ ստացաւ Ս. հաղորդութիւնը:

Յայտնենք, թէ Վերափոխման տօնի յաջորդ օրը՝ Երկուշաբթի, օգոստոսի 18-ին, Թաւրիզի ազգային գերեզմանատանը տեղի ունեցաւ Մեռելոց յիշատակի հոգեհանգստեան արարողութիւն, որի աւարտին քահանայ հայրը գերեզմանօրհնէք կատարեց բոլոր փափագողաց, որոնք իրենց հարազատների համար «Հոգւոց» խնդրեցին եւ ծաղկեմատոյց կատարեցին:

Related Articles

Back to top button