ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի թէյասեղանը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, յունւարի 21-ի երեկոյեան, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ թէյասեղան, Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների եզրափակման համար:
Հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան, գլխաւորութեամբ ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, համայնքի զաւակների համար սոյն ուրախալի պահը ստեղծւեց, որին ներկայ գտնւեցին ՀՕՄ-ուհիներ եւ համայնքի զաւակներ:
Բացման ու բարի գալստեան խօսքը արտասանեց վարչութեան փոխատենապետուհի Լալա Ֆարհադեանը, կրկին շնորհաւորելով բոլորի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: Այս առիթով նա անդրադարձաւ 2023 թ.-ին նշանակալից դէպքերին եւ յատկապէս դրանց բարձրակէտը հանդիսացած արցախեան բռնագաղթին, Գազայում շարունակւող կոտորածին եւ միւս կողմից՝ համայնքում ազգային-միութենական մի շարք իրագործումների: Իր խօսքում, Լալա Ֆարհադեանը մաղթեց, որ բացւող Նոր տարին յաջողութիւնների եւ ձեռքբերումների տարի լինի համայն հայութեան համար: Նա այս առիթով թւեց այն նամակագրերի անունները, սկսեալ Սրբազան Հօրից, որոնք շնորհաւորագրեր էին ուղարկել Ամանորի եւ Սուրբ Ծննդեան համար: Նրանց շարքին նա յիշեց դոկտ. Արա Շահվերդեանի, ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնատեղիի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի անունները: Իր խօսքում, Լալա Ֆարհադեանը յիշեց Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուների բարեացակամ մօտեցումը եւ ընձեռած դիւրութիւնները, միութեան բարւոք գործունէութեան ի խնդիր: Վերջապէս Լալա Ֆարհադեանը շնորհակալութեան խօսք ուղղեց բոլոր նւիրատուներին, որոնք ներկայ տնտեսական դժւարին պայմաններում իրենց յատկացումներով քաջալեր են հանդիսանում միութեան կրթական եւ մարդասիրական աշխատանքներին:
Հաւաքը հիւրասիրութեամբ եւ մտերմիկ զրոյցների ջերմութեամբ շարունակւեց, որի ընթացքում տեղի ունեցած վիճակախաղն ու բաշխւած նւէրները հաճելի մթնոլորտ ստեղծեցին ներկաների համար:
Ներկաները շնորհակալութիւն յայտնեցին ՀՕՄ-ի վարչութեան, որ նման ձեռնարկներով կենդանի է պահում համայնքի ներքին կեանքը, ուրմիահայութեան զաւակների միջեւ առաւել եւս սերտացնելով ընկերական կապերը: