Հանգիստ՝ Գրիշ Զիրաքեանի հոգուն (1950-2026)

Անհատներ կան, որոնք երբ մահանում են, միայն իրենց ֆիզիկական գոյութիւնն է, որ դադարում է ներկայութիւնից. սակայն նրանց թարմ յիշատակը շարունակում է ապրել մեզ հետ, իրենց կատարած գործերով, աշխատանքներով եւ ջերմ յիշողութիւններով: Ահա այսպիսի նւիրւած անձնաւորութիւն էր Գալուստ Գրիշ Զիրաքեանը:
Նա ծնւել էր 1950 թւականի օգոստոսի 19-ին, Իրանի Ատրպատականի Ուրմիա քաղաքում, իր ծնողների՝ Եփրեմի եւ Լուսիկի հաւատացեալ եւ ազգային ընտանիքում: Իր կրթութիւնը ստացել է սոյն քաղաքում, աշխատանքի է անցել առողջապահական հիմնարկութիւնում, ամուսնացել է 1978 թւին Մարիի հետ եւ զոյգը օրհնւել է մէկ զաւակով՝ Թադէով:
Ծնողների ազգային դաստիարակութիւնը խթան է հանդիսանում եւ Գալուստի մէջ ձեւաւորում աստւածապաշտութեան եւ հայրենասիրութեան ոգին: Նա իր ողջ կեանքում միշտ ազգային շահերը վեր է դասել անձնական կեանքից, նւիրւելով Ուրմիայի համայնքի հայ ժողովրդին, որին նւիրել է 30 տարիներ, ազնիւ նւիրումով, ի շահ Ուրմիա քաղաքի եւ շրջակայ գիւղերի հայ բնակչութեան բարօրութեանը: Նա իր համեստ եւ բարի բնաւորութեամբ կարողացել է ջերմ կապ հաստատել կառավարական պատասխանատուների եւ յատկապէս կրթադաստիարակչական կառոյցների հետ, ի շահ մեր ազգային դպրոցների եւ Միութիւնների, եւ յաջողել է Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցը երկսեռ դարձնել: Նրա յատում ջանքերով, դպրոցի կրթական ծրագրում պահպանւել է կրօնի եւ հայոց լեզւի ուսուցման ծրագիրը: Նրա մասնաւոր ջանքերով, դպրոցը կարողացել է կառուցել իր երկրորդ յարկը, իսկ եկեղեցու շրջափակում՝ «Արամ Մանուկեան» անւամբ սրահ է կառուցւել: Շինարարական աշխատանքների ծիրից ներս, եկեղեցու շրջափակում, Հ.Մ.Ա.Կ.-ը օժտւել է սենեակներով, որպէս կենտրոն, իսկ ՀՕՄ-ը՝ ունեցել է իր հաւաքավայրն ու «Նայիրի» նորաստեղծ մանկապարտէզը:
1974 թւին ընտրւել է Ատրպատականի հայոց թեմի Արեւմտեան շրջանի՝ Ուրմիա քաղաքի Գործխորհրդի քարտուղար եւ յետագայում նոյն Խորհրդի ատենապետ, միաժամանակ անդամակցելով ՀՅԴ կուսակցութեան:
Հանգուցեալը իր աշխատանքային առօրեայում միշտ հետամուտ է եղել նաեւ Արեւմտեան Ատրպատականի տարածքում գտնւող հայկական գիւղերի հոգաբարձութեանց կատարած աշխատանքներին, սերտ գործակցութիւն վարելով նրանց հետ, պահպանելու համար գիւղերի հայկական եկեղեցիների ապահովութիւնը եւ ազգային կառոյցների անսասանութիւնը:
Նա իր ջերմ բնաւորութեամբ, սերտ կապ է հաստատել նաեւ տեղի ասորի համայնքի ղեկավար մարմնի հետ:
Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, Ուրմիա քաղաքի ռմբակոծման ժամանակ նա կեանքի է կոչել շտապ օգնութեան կազմ, եւ օժանդակութիւն ցուցաբերել տուժած ընտանիքներին, նրանց փոխադրելով ապահով վայրեր: Այդ օրերին, եկեղեցու եւ դպրոցի բակերում դասաւորւել են ապաստանարաններ ժողովրդի համար:
Հանգուցեալի կատարած աշխատանքները եւ նւիրեալ զոհողութիւնները բազմաթիւ են, որոնք առյաւէտ գնահատանքի են արժանի:
2003 թւականին, ընդառաջելով օրւայ առաջնորդ՝ հոգելոյս Տ. Նշան եպս. Թոփուզեանի խնդրանքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Գրիշ Զիրաքեանին արժանացրել է Զինանշանի շքանշանով:
Հետագային, նա ընտանեօք փոխադրւում է Միացեալ Նահանգներ: Նա իր մահկանացուն կնքեց 20 մարտի 2026-ին, Լոս Անջելէսում, բարի անուն եւ վառ յիշատակ թողնելով:
Յիշատակն արդարոց, օրհնութեամբ եղիցի. Ամէն:
ԱՐՏԱԶ
Յունիս 2026



