«Դրօշակ»-ի Առաջնորդող. Գողացւած ընտրութիւններ, չաւարտւած գործընթացներ

Հայաստանի 2026 թւականի խորհրդարանական ընտրութիւնները շատերն էին բնորոշում որպէս, երկրի ապագայի համար ճակատագրական։ Իշխող ՔՊ-ն մարմնաւորող Նիկոլ Փաշինեանի համար նոյնպէս գործընթացը ճակատագրական էր, բայց ոչ թէ ժողովրդի ու պետութեան հեռանկարի, այլ իր անձի համար։ Բոլորին ակնյայտ էր, որ իշխանութեան ընձեռած անպատժելիութեան իմունիտետը կորցնելու պարագայում Նիկոլ Փաշինեանն անխուսափելիօրէն յայտնւելու է պատասխանատւութեան առջեւ, Արցախի, Հայաստանի եւ հայութեան դէմ կատարած իր բազում յանցագործութիւնների համար։ Այդ իսկ պատճառով շատերը նաեւ կանխատեսում էին, որ օրինական ընտրութիւնների ճանապարհով Նիկոլը երբեք չի զիջի իշխանութիւնը։ Երբ բուն ընտրութիւնների նախօրեակին ՔՊ-ի արբանեակ «Հանրապետութիւն» կուսակցութիւնը Կենտրոնական ընտրական յանձնաժողովին հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքին գրանցումից զրկելու կամ այդ հարցով դատարան դիմելու խնդրով, հանրութեանը թւաց, թէ դա հէնց այն միջոցն է, որով Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պէտք է անօրինականօրէն կանխի գալիք ընտրութիւնների արդիւնքում ընդդիմութեան յաղթանակի հնարաւորութիւնը։
Նշենք նաեւ, որ Արամ Սարգսեանի գլխաւորած կուսակցութիւնը տւեալ հայցը ներկայացրեց այն բանից յետոյ, երբ դրանից ընդամէնը մի քանի ժամ առաջ, հեռուստաբանավէճի ժամանակ, վարչապետ Փաշինեանը հրապարակաւ յորդորել էր գնալու այդ քայլին։ Բարձր վարկանիշն ունեցող ընդդիմադիր ուժին մրցապայքարից դուրս դնելու համար հիմքերը, սակայն, այնքան զրոյական էին, որ իշխանութեանն ամբողջովին ենթակայ ԿԸՅ-ն մերժեց «Հանրապետութեան» այդ պահանջը։ Որ տւեալ որոշումը կայացւել էր ԿԸՅ-ի համապատասխան նիստից առաջ, ակնյայտ էր թէկուզ այն գրաւոր ծաւալուն եզրակացութիւնից, որը հաստատ չէր կարող գրւել որոշման կայացման համար յայտարարւած կէսժամեայ ընդմիջման ժամանակ։
Եթէ ընտրութեան արդիւնքներն աղաւաղելու կամ փոփոխելու սադրիչ ջանքերը ծրագրւէին պարտւած ընտրութիւններին յաջորդող օրերի համար, սա եւս կը դիտւէր ոչ հիմնաւոր, եւ Նիկոլ Փաշինեանն այդ բանն արեց ուղղակիօրէն ընտրութիւնների արդիւնքները հաշւելու գիշերը, երբ ընտրական տեղամասերում հաշւել էին քւէարկութիւնների արդիւնքների 10 տոկոսից քիչ աւելին։ Նիկոլ Փաշինեանը հրապարակաւ պարտադրեց իր «յաղթանակը», այդպիսով կանխելով հնարաւոր անցանկալի զարգացումները եւ փրկարար փոփոխութիւնների հարցում հանրութեան ու քաղաքական ուժերի սպասումները։
Այս ելոյթից յետոյ դադարեցւեցին ուղիղ եթերով արդիւնքների հաշւարկի ցուցադրումը եւ դրան զուգահեռ ընդհանուր արդիւնքների փոփոխւող պատկերի հրապարակումները։ Ժողովուրդը համոզւեց նաեւ, որ Եւրամիութեան առաջնորդների հրապարակային ու գործնական պաշտպանութիւնից յետոյ Նիկոլ Փաշինեանը չի խորշում ընտրական գործընթացում դիմելու ամենաաղաղակող ու յանցաւոր քայլերի։ Հայաստանը փոքր երկիր է, եւ տեղի ունեցող գործընթացները տեսանելի ու լսելի են ոչ միայն Նիկոլին ծառայող Ազգային անվտանգութեան ծառայութեան, այլ պետական ծառայութիւնների ու մարմինների, այլեւ հանրութեան համար։ Մինչ այդ ժողովրդի շրջանում շրջանառւում էին զանազան ընտրախախտումների, այդ թւում՝ ՔՊ-ի շտաբների կողմից ընտրակաշառքի բաժանման, ինչպէս նաեւ ընտրութեան օրը տեղական իշխանութիւնների կողմից օգնութիւնների կամ այլ անւանումների ներքոյ գումարների բաժանման մասին խօսակցութիւններ։ Այն փաստերը, որոնք այս յօդւածը գրելու պահին ընդդիմութիւնը ներկայացնում է Սահմանադրական դատարանում, կարծում ենք, բաւարար են տեղի ունեցած ընտրութիւնների արդիւնքներն ամբողջութեամբ չեղարկելու եւ նոր ընտրութիւններ նշանակելու համար։
Աւելին, եթէ նոյնիսկ նկատի ունենանք պաշտօնական նախընտրական քարոզարշաւից շատ առաջ ՔՊ առաջնորդի հրապարակայնօրէն նախաձեռնած մի շարք նախընտրական գործընթացները, ապա կասկած չպէտք է մնայ, որ օրէնքի գերակայութեամբ առաջնորդւող ցանկացած երկրում նման գործողութիւնները եւ դրանց հետեւանքով ստացւած արդիւնքները չէին կարող օրինական համարւել։ Չէին կարող իւրատեսակ ընտրակաշառք չորակւել ընտրութիւնների անմիջապէս նախօրեակին պարտադիր զինւորական ծառայութեան կրճատումը մէկ քառորդով, կենսաթոշակների բարձրացումն ու կենսաթոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրութեան հաստատումը։
Չէին կարող խնդիր չառաջացնել ՔՊ-ի այն հսկայական նախընտրական ծախսերը, որոնց մեծ մասն իրականացւել էր պետական բիւջէից։ Ընդ որում, ինչպէս իրաւաբանները փաստեցին Սահմանադրական դատարանում, պետբիւջէից կատարւած խոշոր ծախսերը հիմնականում ձեւակերպւել են ակնյայտ ցածր գներով։ Ի դէպ, անյայտ մնաց նաեւ, թէ ինչի վրայ է ծախսւել այն 12 մլն եւրօ գումարը, որը Եւրոպական միութիւնը Հայաստանին յատկացրել էր ընտրութիւններին ընդառաջ, այսպէս կոչւած, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, կիբերանվտանգութիւնը բարձրացնելու եւ ապատեղեկատւութեան դէմ պայքարելու նպատակով։ Եւ սա, իհարկէ, միակ նախաձեռնութիւնը չէր, որով Հայաստանի իշխանութիւնն ու Եւրոպայի այսօրւայ ղեկավարութիւնը ձեռք-ձեռքի տւած իրականացրին ընդդէմ գործող իշխանութեանը մերժող Հայաստանի ժողովրդի, ազգային քաղաքական դաշտի եւ իրենց համար գերակայ հռչակւած օրինականութեան ու ժողովրդավարական արժէքների։
Զանազան «մասնագիտական» աջակցութիւնների կողքին առաւել ակնառուն Ռուսաստանից բխող, այսպէս կոչւած, «հիբրիդային» սպառնալիքների մասին յօրինւած հիստերիկան էր, այն պարագայում, երբ եւրոպացի առաջնորդների աջակցութիւնը դրածոյ իշխանութիւններին դրսեւորւում էր բացայայտ, պաշտօնապէս՝ նիւթական եւ քարոզչական քաղաքական աջակցութեան ձեւով։ Բաւական է ասել, որ Մոլդովայի, Ռումինիայի եւ այլ երկրների օրինակով ողջ ընտրապայքարն անցաւ Հայաստանի ազգային ուժերին եւ անգամ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն «ռուսական ագենտներ» որակելու զրպարտչական ու հիստերիկ մթնոլորտում։ Ինչ վերաբերում է քաղաքական-քարոզչական բնագաւառին, ապա Նիկոլ Փաշինեանի եւ իր կառավարած թիմի գլխաւոր զէնքերը մնում են կեղծիքը, սուտն ու զրպարտանքը։
Գլխաւոր սուտը, իհարկէ, «վերջնական խաղաղութեան» հաստատման մասին կեղծիքն է, այն պարագայում, երբ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու համար Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պարտադրել նորանոր պահանջներ։ Այդ պահանջները կրկին ուժգնօրէն սկսեցին հնչել անմիջապէս ընտրութիւններից յետոյ, մասնաւորապէս եւ 300.000 ադրբեջանցիների «Արեւմտեան Ադրբեջան վերադառնալու» պայմանը։ Նախընտրական շրջանում ինչպէս եւ դրանից յետոյ Հայաստանի իշխանութիւնը կոպիտ հակադարձում է ներքաղաքական լսարանին յայտարարելով, թէ նման հարց գոյութիւն չունի, բայց ինչ-ինչ պատճառներով չի համարձակւում որեւէ կերպ հակադարձել Ադրբեջանի այդ եւ ակնյայտ զաւթողական յաւակնութիւններին։ Նման պարագայում, ցանկացած երկրի կառավարութիւն ամենակոշտ կերպով կը պատասխանէր իր նկատմամբ թշնամական ծրագրեր գեներացնող հարեւանին, այնինչ Հայաստանի իշխանութիւնը խուլ ու համրի կամ անմեղսունակի նման ձեւ է անում, թէ չի լսում, չի հասկանում ասւածը եւ մի ողջ ժողովրդի յիմարի տեղ դրած շարունակում է կրկնել խաղաղութեան մասին սուտը։ Աւելացնենք, որ նախընտրական զէնք որպէս գործածւող այս կեղծիքին զուգահեռաբար բորբոքւում էր այն սուտը, թէ իշխանափոխութեան դէպքում Հայաստանի դէմ պատերազմ է սկսւելու։
Նմանը չունեցող Հայաստանի ղեկավարը նոյնիսկ այդ պատերազմի ժամկէտն էր նշում, կարծես թշնամի երկրի գլխաւոր շտաբում մասնակցել էր այդ պատերազմի ծրագրման աշխատանքներին։ Պէտք է նշել, որ վախի գործօնն ի սկզբանէ եղել եւ մնում է Հայաստանի իշխանութեան գլխաւոր զէնքերից մէկը սեփական ժողովրդին հլու-հնազանդ պահելու, քաղաքական-հասարակական գործընթացներից օտարելու եւ սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերութեան մղելու համար։ Պէտք է ընդունել, որ խաղաղութեան ու պատերազմի այս անբարոյ, որեւէ իշխանութեանն անհարիր խօսոյթը բաւականին ազդեցութիւն ունեցաւ հասարակական տարբեր շերտերի, յատկապէս սահմանային ու հեռաւոր բնակավայրերի բնակիչների վրայ։ Սպառնալիքների զինանոցին մաս էին կազմում հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների, աչքի ընկնող դէմքերի, շտաբների ներկայացուցիչների հետապնդումներն ու ձերբակալութիւնները, որոնք շարունակւեցին ընդհուպ ընտրութեան օրը։ Նման բան անհնար կը լինէր պատկերացնել նոյնիսկ ստալինեան կամ հիտլերեան ռեժիմների պայմաններում։
Չմոռանալով, որ ընտրութեան նախօրեակին իշխանութիւնը մեկուսացրել էր մի շարք ընդդիմադիր ղեկավարների ու գործիչների, որոնք լուրջ ազդեցութիւն ունեն հանրութեան լայն շրջանակներում։ Բաւական կը լինէր նշելը միայն, որ միանգամայն անհիմն մեղադրանքով ի սկզբանէ նախընտրական գործընթացից մեկուսացւեց ամենամեծ քւէի յաւակնող ընդդիմադիր ուժի առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Սամուէլ Կարապետեանը։ Գործընթացներից մեկուսացւածների թւում էին մեծ հեղինակութիւն վայելող Բագրատ Գալստանեան, Միքայէլ Աջապահեան, Մկրտիչ Պռօշեան թեմակալ առաջնորդներն ու այլ հոգեւոր հայրեր, Գիւմրի եւ Մասիս քաղաքների յաղթած ընդդիմադիր քաղաքապետները, հեղինակութիւն վայելող եւ ընտրութիւններում լուրջ դերակատար Անդրանիկ Թեւանեանը, Արթուր Սարգսեանը, Աշոտ Մինասեանը (Երկաթ) եւ ուրիշ գործիչներ։ Անյաջողութեան հեռանկարից գազազած՝ երկրի ղեկավարը տեղում պատիժներ էր թելադրում իր հետ բանավիճել համարձակւող քաղաքացիների նկատմամբ։ Նման խելագարութիւնների վրայ նոյնիսկ Ստալինն ու Հիտլերը կը զարմանային։
Կարելի՞ է պատկերացնել, որ աշխարհի որեւէ օրինազանց առաջնորդ ընտրապայքարի ժամանակ կարող էր հրապարակաւ սպառնալ, թէ կը բանտարկի, կը սպանի իր հիմնական մրցակիցներին։ Եւ այսօր էլ, երբ դեռ Սահմանադրական դատարանում վիճարկւում են ընտրութիւնների արդիւնքները, շարունակւում է հիմնական ընդդիմադիր ուժերից մէկի առաջնորդ Գագիկ Ծառուկեանի նկատմամբ հալածանքը, ումից օրը ցերեկով բացայայտօրէն խլւեց ընտրութիւններում կուսակցութեան ձեռք բերած յաղթանակը։ Ցաւօք, անվերահսկելի բռնապետի վերածւած Հայաստանի այսօրւայ ղեկավարի անօրինականութիւնները հնարաւոր են դարձել եւրոպացի առաջնորդների քաղաքական հովանաւորութեան հետեւանքով։
Նախընտրական գործընթացներում դրսեւորւած իշխանութեան չարաշահման աղաղակող երեւոյթ էր վարչական ռեսուրսի լայն կիրառումը։ Վերեւից ներքեւ ողջ պետական համակարգին հրահանգւած էր ծառայել իշխող ուժի նախընտրական աշխատանքներին եւ վերջինիս յաղթանակի ապահովմանը։
Տարփողելով կրթական հաստատութիւնները քաղաքական գործընթացներից հեռու պահելու պահանջը՝ Նիկոլ Փաշինեանի ժողովրդային հանդիպումների «ընտրազանգւածը» ապահովւում էր հիմնականում ուսուցիչների եւ անգամ չափահաս աշակերտութեան հաշւին։ Ղեկավարութեան խիստ վերահսկողութեամբ այդ միջոցառումներին պարտադրաբար մասնակցում էին նաեւ պետական համակարգերում ծառայողներն ու պարզ աշխատողները, իսկ նրանց չներկայանալու, կամ ընտրողների ցուցակներ չներկայացնելու պարագայում հրահանգւած էր վերջիններիս եւ նրանց հարազատներին հեռացնել աշխատանքից։ Ի դէպ, վրէժխնդրութեան այս գործընթացը շարունակւում է նաեւ յետընտրական շրջանում։
Ակնյայտօրէն Նիկոլ Փաշինեանը մտահոգ է հեռաւոր կամ մօտալուտ ապագայի անորոշ հեռանկարներով։ Մենք տեսնում ենք, որ իշխանութիւնը բռնազաւթած Նիկոլ Փաշինեանի յետընտրական ջղաձիգ վարքը շատ չի տարբերւում նախընտրական վարքագծից։ Այս երեւոյթի պատճառները եւս ակնյայտ են՝ նախ եւ առաջ բոլոր կեղծարարութիւններով ու խախտումներով հանդերձ, Փաշինեանը չի կարողացել ապահովել 50+1 տոկոսի արդիւնք։ Եւրոպացի դիտորդները, նրա «յաղթանակը» ճանաչելով հանդերձ, նշել են բազմաթիւ թերութիւններ ու ընտրախախտումներ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը փաստացի դեռեւս չեն ճանաչել այդ Պիւռոսեան յաղթանակը։ Որքան էլ որ Փաշինեանի համար կարեւորն արտաքին հովանաւորների կարծիքն է, նա չի կարող հաշւի չնստել այն փաստերի հետ, որ հայ ժողովրդի մեծամասնութիւնը մերժում է իրեն եւ ընտրութեան հրամցւած արդիւնքը համարում է կեղծւած։
8 տարի Փաշինեանը երկրի ներսում ու երկրից դուրս իր քաղաքական դրամագլուխն էր դարձրել ժողովրդի բացարձակ աջակցութեան միֆը, իսկ այժմ նա ներկայանում է որպէս անօրինականօրէն իշխանութեան տիրացած, քաղաքական-բարոյական առումներով խոցելի, իրաւական հնարաւորութիւնների իմաստով թոյլ ղեկավար։ Որքան էլ որ վերարտադրւած ղեկավարը ձեւացնի, թէ յաղթահարել է ընտրութեան փորձութիւնը եւ կրկին ներգրաււել ընթացիկ աշխատանքների մէջ, նա չի կարող ծանր հարւած չդիտել միանգամից 7 կուսակցութիւնների կողմից ընտրութիւնների անօրինական ճանաչումն ու դրանց չեղարկման պահանջը Սահմանադրական դատարանից։ Անգամ թեթեւամտօրէն ժամանակից շուտ իրենց հովանաւորեալներին շնորհաւորած եւրոպացի ղեկավարները չեն կարող համապատասխան հետեւութիւններ չանել այս իրողութիւնից. այս գործելակերպով նրանք իրենք էլ այսօր մաշեցնում են իրենց հեղինակութիւնը սեփական ժողովուրդների աչքերում։
Ընտրութիւններում վերարտադրւելը գերնպատակ դարձրած Փաշինեանը այդ նպատակին պատրաստ էր զոհաբերել ամէն ինչ։ Արեւմուտքն ու թուրքադրբեջանական դաշինքը նրան պարտադրեցին յստակ ցուցադրել իր հակառուսական կողմնորոշումը եւ ստանձնել երկրի համար կործանարար մի շարք պարտաւորութիւններ։ Իր համար ոչ դիւրին քաղաքական կացութեան պայմաններում Նիկոլը, ըստ էութեան, հաստատեց, որ դուրս է բերելու երկիրը ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ՀԷՑ-ից յետոյ, Ռուսաստանի հետ եղած բոլոր կապերից հրաժարւելու նպատակով, վերջինիցս վերցնելու է Հարաւկովկասեան երկաթուղու կառավարման իրաւունքը, նախընտրական հանդիպումների ժամանակ նա ակնարկեց նաեւ Առաջնորդող Դրօշակ 4 յունիս 2026 Ատոմակայանի հարցում Ռուսաստանի հետ եղած կապերը խզելու մասին։ Հայաստանի համար լուրջ փորձութիւն է լինելու ռուսական գազից հրաժարւելու կամ այն աւելի քան եռակի անգամ բարձրացւած գնով գնելու հեռանկարը։
Ի պատասխան հակառուսական արշաւին Հայաստանի միանալու՝ ռուսական շուկայի փակւելը եւ որոշ այլ սահմանափակումներ կարճ ժամանակ անց ի ցոյց կը դնեն պարզ աշխատաւորներին պատուհասած ծանր հետեւանքները։ Քայլերը, որոնց հետեւանքները Հայաստանի տնտեսութեան ու ժողովրդի համար դժւար յաղթահարելի են լինելու, բացարձակապէս չեն յուզում Արեւմուտքին, որը, հակառուսականութեան տենդով մթագնած ձգտում է Ռուսաստանի դուրս մղմանը Հարաւային Կովկասից, շատ էլ չմտահոգւելով, որ այս գործում կրակից շագանակներ հանող Հայաստանը կարող է այրել ե՛ւ մատները, ե՛ւ ողջ մարմինը։
Ընտրութիւնների արդիւնքը դեռեւս չամրապնդած Փաշինեանից Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են առանց յապաղելու կատարել ստանձնած բոլոր պարտաւորութիւնները՝ 300.000 ադրբեջանցիների տեղաւորում Հայաստանում, անկլաւներից հրաժարում, ԹՐԻՓ-ի գործարկում, Սահմանադրութեան փոփոխութիւն, Մայր եկեղեցու հետ հաշւեյարդար եւ այլն։ Յետընտրական առաջին շաբաթներին Փաշինեանին դեռեւս յաջողւում է հանգստացնել ու խաբել ժողովրդին՝ իր վարած արտաքին քաղաքականութեան հետեւանքով ծառացած մարտահրաւէրների հարցում, սակայն կարճ ժամանակ անց դրանք ջրի երես են դուրս գալու, դժգոհութեան տրամադրութիւններով վարակելով անգամ իր նկատմամբ աղանդաւորական համակրանք ունեցողներին։
Փաշինեանը հասկանում է, որ իր բոլոր ցանկութիւնները հլու կենդանու պէս կատարող ուժային ու արդարադատութեան համակարգերի պատրաստակամութեան պայմաններում անգամ դժւար է լինելու վարկից զուրկ, թոյլ ու սահմանափակ իշխանութիւնը պահելը, մանաւանդ, երբ երկրի առջեւ ցցւած են տարերային կամ կազմակերպւած ըմբոստացումների ներուժ պարունակող հիմնահարցեր։ Այդ իսկ պատճառով նկարւած ընտրութիւններն անգամ նրան հոգեկան հանգստութիւն չեն բերում՝ շարունակւում են ընդդիմութեան նկատմամբ հալածանքներն ու ձերբակալութիւնները։
Հապշտապ կերպով հին խորհրդարանի կազմով վարչապետ կոչւածը դեռեւս փորձում է իր կառավարման եւ գալիք ընտրութիւնների համար իր վրայով յարմար օրէնքներ կարել։ Նա ձգտում է գլխատել ընդդիմադիր ուժերին, որպէսզի հաւանական նոր ըմբոստացումների ժամանակ ժողովուրդը զրկւած լինի կարող եւ հեղինակութիւն վայելող առաջնորդներից։ Ութը տարի անընդհատ ժողովրդին սէր բացատրւող ղեկավարը միանգամից կաշառակեր յայտարարեց արձանագրւած կէս միլիոնից աւելի մարդկանց, որոնք ձայն էին տւել ընդդիմութեանը։ Փաշինեանը մեծ ցնցում ապրեց նախընտրական շրջանում յանկարծ հասկանալով, որ ժողովուրդը ոչ միայն զզւում է իրենից, այլեւ յաղթահարել է վախի զգացողութիւնը։
Փաստացի այսօր նրա դիմաց մի հասարակութիւն է, որը չի ցանկանում տեսնել իրեն, եւ նման պայմաններում ոչ մի հանճարեղ դիկտատորի համար հեշտ չէ երկար ժամանակով կայուն պահել գողացւած աթոռը։ Միւս կողմից, հիմնական ընդդիմադիր ուժերը կը պահպանեն ձեռքբերած վարկը, եթէ իսկապէս կազմեն միասնական ճակատ, անկախ խորհրդարան մտնել-չմտնելու հարցից կը գեներացնեն ժողովրդական դժգոհութիւնը եւ կը սկսեն երկարատեւ համաժողովրդական պայքար։ Ինչպէս ֆիզիկայի յայտնի օրէնքն է հաստատում, բնութեան մէջ էներգիան չի կորչում, այլ մի ձեւից փոխակերպւում է մէկ այլ ձեւի։ Սա հասկանում է Նիկոլը, վստահ ենք հասկանում են նաեւ ագային ուժերի այսօրւայ առաջնորդները։
«Դրօշակ» թիւ 6 2026 թ.



