ԹեհրանՀամայնք

Յիշատակ Արմենակ Արթունեանի

(Մահւան 40 օրեակի առթիւ)

Պատերազմի վետերան Արմենակ Արթունեանը ծնւել է 1963 թ. մարտի 26-ին, Սպահան նահանգի Փերիա գաւառի (Սւարան) գիւղում՝ մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Նա զաւակն էր Արսէնի եւ Աշխէնի: Նա ունէր չորս քոյր՝ Եղսօ, Շողիկ, Մանուշ եւ Սեդա, ինչպէս նաեւ երկու եղբայր՝ Մինաս եւ Սարօ։ Արմենակն իր տարրական կրթութիւնը ստացել էր հայրենի գիւղի հայկական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թեհրանի հայոց ազգային «Թունեան» եւ «Սողոմոնեան» դպրոցներում, որտեղ էլ ստացել է իր աւարտական վկայականը։ Դիպլոմը ստանալուց յետոյ նա զբաղւել է տարբեր աշխատանքներով եւ ջանասիրաբար աշխատել է իր կեանքի պայմանները բարելաւելու համար։

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին հայրենասիրական գիտակցութիւնը ու ազգային պարտքի զգացումը նրան մղեցին 1985 թւականի փետրուարի 7-ին, կամաւոր զինւորագրւելու եւ մեկնելու ռազմաճակատ։

Նա մեծ պատասխանատւութեամբ, նւիրւածութեամբ եւ խիզախութեամբ կատարել է իր զինւորական ծառայութիւնը։ 379 օր շարունակ գտնւելով պատերազմի ամենաթէժ ճակատներում՝ իր մարտական ընկերների կողքին պաշտպանել է Իրանի հարաւարեւմտեան եւ արեւմտեան սահմանները։ Չնայած մարտերի ընթացքում բազմիցս վիրաւորւելուն՝ կրկին վերադարձել է ռազմաճակատ եւ իր անձնուրաց ծառայութեան համար արժանացել վետերանի կոչման։

1987 թւականի փետրւարի 7-ին, աւարտելով զինւորական ծառայութիւնը, Նա վերադարձել է աշխատանքային կեանք եւ զբաղւել դարբնութեամբ՝ իր եղբօր՝ Սարոյի հետ։

Միառժամանակ աշխատելուց եւ իր կեանքը կարգաւորելուց յետոյ նա ծանօթացել է Քաթրին Արթունեանի հետ։ Նրանց ամուսնութիւնը դարձել է սիրով ու փոխադարձ յարգանքով լի ընտանիքի հիմքը եւ բախտաւորւել մի որդիով ՝Արքա։

Արմենակ Արթունեանն իր կեանքի ընթացքում զբաղւել է նաեւ ազգային եւ հասարակական գործունէութեամբ։ Վեց տարի ծառայել է Թեհրանի հայոց «Նայիրի» ազգային դպրոցում՝ որպէս ծնողական խորհրդի անդամ, իսկ յետոյ երկու տարի նոյն պարտականութիւնն է կատարել հայոց «Սողոմոնեան» դպրոցում եւ իր աշխոյժ եւ բարեխիղճ աշխատանքով վայելել է բոլորի սէրն ու յարգանքը։

Նա նաեւ Թեհրանի Հայոց Թեմի Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի հիմնադիր անդամներից էր եւ աւելի քան երեք շրջան հանդիսացել է այդ յանձնախմբի գործօն եւ անբաժան անդամը։ Յատկապէս արժէ նշել նրա սերտ համագործակցութիւնը «Ալիք» օրաթերթի վաստակաւոր լրագրող-թարգմանիչ եւ յօդւածագիր հանգուցեալ Վարդան Դաւթեանի հետ։

Արմենակ Արթունեանը իր երկրային կեանքը աւարտեց 2026 թւականի յունիսի 15-ին՝ խոր վիշտ պատճառելով իր ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։

Թող նրա հոգին հանգչի խաղաղութեան մէջ, եւ յիշատակը յաւէտ վառ մնայ մեր սրտերում։

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Related Articles

Back to top button