Մի՞թէ հայ ժողովուրդը կը շարունակի մնալ թմբիրի մէջ, եթէ Փաշինեանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազօրութիւնների սահմանները։
Անցած ութ տարիների ընթացքում Փաշինեանը խախտել է հարիւրաւոր օրէնքներ եւ Սահմանադրութեան բազմաթիւ դրոյթներ։ Մինչդեռ, մեծ թւով հայեր յայտնւել են ճաղերի հետեւում ոչ թէ իրաւախախտումների, այլ պարզապէս նրա հետ անհամաձայնութեան պատճառով. մի հիմնարար իրաւունք, որը ժողովրդավարական երկրում պէտք է երաշխաւորւած լինի իւրաքանչիւր քաղաքացու համար։
Փաշինեանը յստակեցրել է, որ օրէնքներն իր վրայ չեն տարածւում։ Նա ինքնագոհ պարծեցել է, թէ կարող է խախտել ցանկացած օրէնք, եւ ոչ մի դատաւոր չի կարող կանգնեցնել իրեն։
2018-ին իշխանութիւնը զաւթելուց ի վեր՝ Փաշինեանը դաժանաբար յարձակւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդների վրայ: Չնայած ոչ քրիստոնէավայել վարքին՝ նա յաճախ մէջբերումներ է անում Սուրբ Գրքից՝ իր միամիտ հետեւորդներին մոլորութեան մէջ գցելու նպատակով։ Ըստ Աստւածաշնչի (Մատթէոս 4:5-7, Ղուկաս 4:9-12, Սաղմոս 91:11-12) սատանան նոյնպէս, Սուրբ Գիրքը վկայակոչելով, յորդորում էր Յիսուսին ցած նետւել տաճարի աշտարակից՝ վստահեցնելով, թէ հրէշտակները կը փրկեն նրան: Յիսուսն արձագանգել է՝ մէջբերելով Երկրորդ Օրինաց 6:16-ը. «Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր»:
Թէեւ Կաթողիկոսի՝ երեխայ ունենալու մասին անհիմն ասեկոսեները վաղուց էին շրջանառւում, Փաշինեանը, իշխանութեան գալուց յետոյ 7 տարի սպասելով, այդ բամբասանքը շահարկեց միայն այն ժամանակ, երբ դա պահանջեցին իր նեղ քաղաքական շահերը։ Աւելի քան մէկ տարի է, ինչ նա չարաշահում է իր պաշտօնէական դիրքը՝ փորձելով գահընկեց անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Փաշինեանը հանդէս է եկել հրապարակային կոչերով, հնչեցրել անձնական սպառնալիքներ եւ նոյնիսկ անպարկեշտ բառապաշար է կիրառել իր ֆէյսբուքեան էջում՝ Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու նպատակով։ Այս բոլոր փորձերի տապալումից յետոյ նա դիմեց անգամ 10 բարձրաստիճան հոգեւորականների շանտաժի՝ նրանց իր կողմը գրաւելու եւ Կաթողիկոսի դէմ հանելու համար։ Եկեղեցին «բարեփոխելու» քօղի տակ նա ձեւաւորել է «քաղաքացիական կոմիտէ»՝ Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։ Ուղղակի անհեթեթութիւն է, որ երկիրը կառավարելու հարցում չափազանց անկարող մէկը փորձում է միջամտել Եկեղեցու ներքին գործերին եւ որոշել, թէ ով է լինելու յաջորդ Կաթողիկոսը։ Դա իրեն բոլորովին չի վերաբերում։
Բնականաբար, այս ամէնը Հայաստանի Սահմանադրութեան կոպիտ խախտում է, որտեղ ամրագրւած է պետութեան եւ եկեղեցու անջատումը: Սակայն, հաստատելով աւտորիտար միանձնեայ իշխանութիւն, Փաշինեանը յամառօրէն փորձում է պարտադրել իր կամքը: Յունւարի սկզբին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը եւ վեց եպիսկոպոսներից կազմւած յանձնախումբը պաշտօնանկ արեցին Մասեացոտնի թեմի առաջնորդ Գէորգ եպիսկոպոս Սարոյեանին, Փաշինեանը յորդորեց նրան մերժել եկեղեցու ներքին որոշումը եւ դիմել դատարան։ Այնուհետեւ եկեղեցու նւիրապետութիւնը յունւարի 27-ին նրան կարգալոյծ հռչակեց։
Դատարանն ապօրինաբար հրահանգեց Կաթողիկոսին Սարոյեանին պաշտօնանկ չանել եւ արգելեց Գարեգին Բ-ին լքել երկիրը՝ զրկելով նրան եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի վեց եպիսկոպոսներին Աւստրիայում անցկացւող եպիսկոպոսաց կարեւորագոյն ժողովին մասնակցելու հնարաւորութիւնից։ Չնայած դրան, ժողովը տեղի ունեցաւ, եւ աշխարհասփիւռ 25 եպիսկոպոսներն իրենց զօրակցութիւնը յայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ դատապարտելով Փաշինեանի իշխանութեան կողմից Եկեղեցու դատական հետապնդումը։
Կաթողիկոսի եւ միւս վեց եպիսկոպոսների դատավարութեան նախնական նիստը նշանակւած է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Վաղարշապատի (Էջմիածին) դատարանում: Սա աննախադէպ երեւոյթ է, երբ անկախ Հայաստանի Հանրապետութիւնում քրէական հետապնդում է իրականացւում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ: Դարաւոր տիրապետութեան ընթացքում ո՛չ Օսմանեան կայսրութիւնը, ո՛չ էլ Ցարական Ռուսաստանը երբեք որեւէ Կաթողիկոսի դատի չեն տւել։ Միակ բացառութիւնը Խորէն Ա Կաթողիկոսի սպանութիւնն էր, որին 1938 թւականի ապրիլի 6-ին խեղդամահ արեցին խորհրդային գաղտնի ծառայութիւնների գործակալները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան տանելը բացայայտ ապօրինութիւն է եւ Փաշինեանի իշխանութեան կողմից լիազօրութիւնների կոպտագոյն չարաշահում: Աւելի քան 1700 տարի հայերն աշխարհով մէկ պարծենում են, որ Հայաստանը առաջին պետութիւնն է, որը քրիստոնէութիւն է ընդունել: Սակայն սեփական իշխանութիւնն այժմ եկեղեցու նւիրապետութեանը վերաբերւում է որպէս յանցագործների։
Միակ լաւ լուրը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի յայտարարութիւնն է առ այն, որ նա հրաժարական չի տայ՝ նոյնիսկ ձերբակալւելու եւ բանտարկւելու դէպքում։ Նա կը շարունակի ծառայել որպէս օրինական Կաթողիկոս անգամ անազատութեան մէջ։
Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինեանի կառավարութիւնն իրականացրել է մի շարք աննախադէպ հակաեկեղեցական քայլեր.
– 2018 թւականին այն չեղարկեց հոգեւորականների դիւանագիտական անձնագրերը։
– Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանեց «Հայոց եկեղեցու պատմութիւն» առարկան։
– 2024 թւականին դադարեցրեց քրէակատարողական հիմնարկներում հոգեւոր սպասաւորների ծառայութիւնը:
– Դադարեցրեց հոգեւորականների ծառայութիւնը Զինւած ուժերում:
– Նախատեսում է բռնագրաւել եկեղեցու բոլոր շէնքերն ու ունեցւածքը։
– Անվտանգութեան ուժերը խուզարկութիւն են իրականացրել Սուրբ Էջմիածնի տարածքում՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար։
– Կեղծ մեղադրանքներով ձերբակալել եւ կալանաւորել է մի քանի բարձրաստիճան հոգեւորականների։
– Խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իշխանութիւնները թոյլ չտւեցին Կաթողիկոսին օրհնութեան խօսք ասել 2026 թւականի օգոստոսի 2-ի նստաշրջանի բացմանը։
– Եկեղեցուց հարիւր հազարաւոր դոլարների հարկեր եւ տուգանքներ է գանձել հաւատացեալների կողմից մոմերի ձեռքբերման համար, չնայած այն հանգամանքին, որ Եկեղեցին ոչ առեւտրային կազմակերպութիւն է, իսկ մոմեր գնողներն իրականում նւիրատւութիւն են անում։
Դատաւոր Յակոբ Մանուկեանը պարտաւոր է օգոստոսի 7-ին կարճել Կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների դէմ յարուցւած մեղադրանքները, որպէսզի չդառնայ Փաշինեանի ապօրինութիւնների յանցակիցը։ Հակառակ դէպքում, դատաւոր Մանուկեանը կը դառնայ միջազգային ծաղրի առարկայ, երբ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը վերջնականապէս արձանագրի, որ նրա դատավճիռը խախտել է Հայաստանի Սահմանադրութիւնը։
Մինչդեռ, թէ՛ Հայաստանի, թէ՛ Սփիւռքի հայերը պէտք է սթափւեն երկարատեւ թմբիրից եւ բարձրացնեն իրենց բողոքի ձայնը։ Եթէ նրանք շարունակեն լռել անգամ Կաթողիկոսի ձերբակալութիւնից եւ բանտարկութիւնից յետոյ, ապա արժանի չեն ունենալու ո՛չ Եկեղեցի, ո՛չ էլ Հայրենիք։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



