2025-2026 տարեմուտի առիթով հարցազրոյց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետի հետ

Նկատի առնելով 2025-2026 ուսումնական տարեմուտը առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի հետ, իրազեկ դառնալու խորհրդի կատարած աշխատանքներին:
Հարցազրոյցի ընթացքում Կրթական խորհրդի ատենապետը անդրադառնալով աշխատանքներին նշեց. «Կրթական խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2024 թւականի դեկտեմբերի 1-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, որի ընթացքում ընտրւել է դիւանը եւ կատարւել ներքին աշխատանքային բաժանումներ. խորհուրդը սկսել է իր գործունէութիւնը 11 հոգով: Նշեմ, որ համայնքում գործում են 9 ազգային թեմապատկան, իսկ 3 ազգային ոչ-թեմապատկան դպրոցներ (ՀԲԸՄ-ի «Մարի Մանուկեան» եւ «Ն. Գիւլբենգեան», «Մարիամ» հաստատութիւններ) երեք օղակներում, գործում է 3 ազգային թեմապատկան եւ մէկ ազգային ոչ-թեմապատկան մանկապարտէզ-նախակրթարաններ:
Այս տարւայ արձանագրութիւնների արդիւնքում ներկայիս մեր դպրոցներում սովորում են թւով 1486 աշակերտներ, 694 տարրական օղակում, 345 միջնակարգ Ա, 211 միջնակարգ Բ եւ 237 սաներ մանկապարտէզ-նախակրթարաններում:
Առաջին իսկ առիթով 2024 թւականի դեկտեմբերի 13-ին Կրթական խորհուրդը հանդիպում է ունեցել բոլոր հայոց դպրոցների փոխտեսուչների հետ, որտեղ ներկայացրել ենք խորհրդի ուսումնական ընթացիկ տարւայ առաջնահերթութիւնները եւ որոշումները, նրանք եւս անդրադարձել են իրենց պատկան աշխատանքների եւ մտահոգութիւնների մասին:
Կրթական խորհուրդը երկու հանդիպումներ է ունեցել Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ՝ առաջինը 2025 թւականի յունւարի 13-ին ստանալով Սրբազան Հօր օրհնութիւնը: Արդէն իսկ աւանդոյթ դարձած Կրթական խորհուրդի կազմակերպած ամանօրեայ խրախճանք-հանդիպումը տեղի է ունեցել յունւար 22-ին, որին հրաւիրւում են հայոց դպրոցների եւ մանկապարտէզների բոլոր անձնակազմերը, խորհրդատուները, Կրթական խորհրդին կից աշխատող յանձնախմբերը եւ Իրանահայ Ուսուցիչների միութեան անդամները:
Նաեւ հանդիպում ենք ունեցել Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ եւ 8-րդ շրջանների նորընտիր տնօրէնների հետ, որտեղ քննարկւել եւ մտքերի փոխանակում է եղել հայկական դպրոցներին առնչւող հարցերի շուրջ»:
Նա ընդգծեց. «Անցեալ շրջանի Կրթական խորհուրդը կազմակերպել էր նոր մարդուժի դաստիարակման դասընթացներ: Մասնակցութեան յայտ էին ներկայացրել 15 ուսանողներ, դասարանները սկսւեցին 2024 թ.-ի հոկտեմբեր ամսին եւ տեւեցին մինչեւ 2025 թ.-ի փետրւար ամիսը, հետեւեալ բնագաւառներում՝ հայոց լեզու-գրականութիւն, կրօն, հայոց պատմութիւն, մշակոյթ, մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն: Վկայագրերի բաշխումը տեղի է ունեցել փետրւարի 13-ին դասարանի կազմակերպիչ յանձնախմբի եւ պատկան դասախօսների ներկայութեամբ: Առաջին փուլի աւարտին լաւագոյն հանդիսացած 9 ուսանողներ գործուղղւել են դպրոցներ եւ ներկայ գտնւելով դասարաններում ուսուցիչներից սովորել են դասակառավարման գործընթացը եւ իրենց զեկոյցը ներկայացրել են դոկտ. Անահիտ Զարգարեանին: Դասարանների երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիս եւ յունիս ամիսներին, որին մասնակցած 9 ուսանողները ստացել են լրացուցիչ դասընթացներ՝ հայոց լեզու, գրականութիւն, քերականութիւն, հոգեբանութիւն եւ մանկավարժութիւն, 4-ը այս ուսումնական տարեշրջանում գործուղղւել են հայոց դպրոցներ աշխատելու որպէս փոխտեսուչ, հայոց լեզւի ուսուցիչներ եւ մանկապարտէզի դաստիարակներ:
2024-2025 ուսումնական տարեշրջանում հէնց սկզբից եւ երկար ընդմիջումից յետոյ դպրոցներ է գործուղղւել վերահսկիչ՝ դոկտ. Անահիտ Զարգարեանը, ով աւարտել է Երեւանի Պետական համալսարանի մանկավարժական ինստիտուտը: Դոկտ. Զարգարեանը իր խորհուրդներով չի խնայել իր կարելին ուսուցիչների ուսուցման աւելի արդիւնաւէտ մատուցման գործում»:
Կարինէ Բալըքճեանը այսպէս շարունակեց. «Նկատի ունենալով արհեստական բանականութեան կարեւորութիւնը եւ դրա անհրաժեշտ կիրառումը ուսուցման գործընթացում, կազմակերպւել էր չորսօրեայ դասընթացներ դպրոցներում եւ մանկապարտէզներում աշխատող բոլոր անձնակազմի համար փորձառու դասախօսի միջոցով:
Մշակութային յանձնախումբը փետրւարի 27-ին կազմակերպել էր գալլա համերգ, որի ընթացքում 2023 եւ 2024 թւականների Մշակութային փառատօններին ասմունքի եւ երաժշտական գործիքների բնագաւառներում գերազանցիկ հանդիսացած 26 աշակերտներ-աշակերտուհիներ մասնակցեցին իրենց մշակութային կատարումներով արժանանալով քաջալերանքի եւ գնահատագրերի:
Նշենք, որ Մշակութային յանձնախմբի վերահսկողութեան տակ «Նոր Ձայներ» երգչախումբը, ղեկավարութեամբ դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի շարունակել է կանոնաւոր շաբաթական փորձերը, տարւայ ընթացքում տօնել են հայկական աւանդական, ազգային ու կրօնական տօները:
Փորձելու ենք համապատասխան քարոզչական միջոցներով յառաջիկայ ուսումնական տարեշրջանում համալրել երգչախբմի անդամների թիւը:
Նկատի առնելով, որ ուսումնական 2025 թւականը համընկնում էր Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին, ուստի Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախումբը մի շարք առաջարկութիւններով հանդէս եկաւ, որոնք ընդունւելով Կրթական խորհրդի կողմից յանձնախումբը լծւեց աշխատանքի եւ հանդիպումներ ունեցան հայոց դպրոցների միջնակարգ եւ տարրական օղակների փոխտեսուչների եւ հայոց լեզւի ուսուցիչների հետ ներկայացնելով իրենց ծրագրերը: Տարրական օղակի համար յանձնախումբը կազմակերպեց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս, դպրոցներին ներկայացրեց յստակ թեմաներ եւ դպրոցների աշակերտները ըստ ներկայացւած թեմաների պատրաստել էին ձեռքի աշխատանքներ:
Ցուցահանդէսի բացումը կատարւեց ապրիլի 10-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում: Տարրական օղակի 110 աշակերտներից բաղկացած երգչախումբը երկու երգերի կատարումներով ելոյթ ունեցաւ Ապրիլ 24 առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցու բակում: Նոյն առիթով այս տարի առաջին անգամ միջնակարգի Ա եւ Բ օղակների համար յանձնախումբը փոխտեսուչների եւ հայոց լեզւի ուսուցիչների հետ խորհրդակցաբար երեք թաղամասերում կազմակերպել էր ասմունքի, թատերական ներկայացման, երգի եւ երաժշտական գործիքների կատարման միջոցառումներ, որը փոխարինեց արդէն իսկ երկար տարիներ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում կազմակերպւած միասնական միջոցառմանը:
Յանձնախումբը նաեւ պատրաստել էր պաստառներ, որոնք պարունակում էին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ նահատակւած մտաւորականների նկարներն ու կենսագրութիւնը, որոնք երկար ժամանակ տեղադրւել էին դպրոցներում:
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման աշխատանքների ծիրում Կրթական խորհրդի Մարզական յանձնախումբը կազմակերպել էր մարզական փառատօն, որը կայացել էր մայիսի 1-ին եւ 2-ին «Յ. Թովմասեան» եւ Հ.Բ.Ը.Մ-ի «Ն. Գուլբենգեան» դպրոցներում, մասնակցութեամբ 200 աշակերտների: Նկատի ունենալով աշակերտների մարզական ունակութիւնները, յանձնախումբը յարմար նկատեց փառատօնը կազմակերպել մարմնամարզութեան ոլորտում տարրական օղակի համար, իսկ երկրորդ օրը Միջնակարգի Ա եւ Բ օղակների համար՝ սեղանի թենիս եւ շախմատ: Հարկ է նշել, որ փառատօնի բացման արարողութեան աւարտին աշակերտութեան միջոցով ցուցադրւել է 110 ամեակի տարբերանշանը՝ լոգոն:
Կրթական խորհրդի Ուսումնադաստիարակչական յանձնախումբը որոշել էր 2024-2025 տարեշրջանի տարրական երկրորդ եւ երրորդ օղակի մայրենի լեզւի դասագրքերը վերանայման ենթարկելով նոր դասագրքերով հանդէս գալ, սակայն որոշ դժւարութիւնների բերումով երրորդ տարրականի նոր դասագրքի տպագրութիւնը յետաձգւեց յաջորդ ուսումնական տարւան, իսկ երկրորդ տարրականի նոր դասագիրքը եւ վարժութեան տետրը արդէն իսկ գրախանութներում է: Ուսումնադաստիարկչական յանձնախումբը նաեւ դպրոցներում իրականացրել է միաձեւ քննութիւն երրորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտութեան համար, որպէսզի ուսումնասիրւի աշակերտութեան հայերէն լեզւի իմացութեան մակարդակը, ըստ արդիւնքների Ուսումնադաստիարակչական յանձնախումբը պէտք է իր եզրակացութիւնների հիման վրայ յաւելեալ աշխատանքներ իրականացնի, որպէսզի հնարաւոր լինի առկայ խնդիրների գծով լուծումներ գտնել:
Աշակերտութեան մօտ ուսումնասիրւել են հետեւեալ բնագաւառները՝ նիւթի ըմբռնում, քերականութիւն, ուղղագրութիւն եւ ինքնաարտայայտում:
Կրթական խորհրդի ատենապետը այսպէս շարունակեց. «Դպրոցների ի մասնաւորի ոչ հայերէնով ուսուցանւող առարկաների որակը բարելաււելու նպատակով, Կրթական խորհուրդը բազմակողմանի ուսումնասիրութիւն կատրելով որոշում է ընդունել, որ յառաջիկայ ուսումնական տարեշրջանում պարբերաբար քննութիւններ անցկացնել եօթերորդ մինչեւ 12-րդ օղակի աշակերտութեան համար եւ այս հարցով բանակցութիւններ է վարել «Ղալամչի» ընկերութեան հետ, քննութիւններից բացի աշակերտութեան համար նկատի են առնւել յաւելեալ դասընթացներ եւ փորձելու ենք, որ նոյն ընկերութեան դաստիարակների միջոցով համապատասխան լուծումներ գտնել իրենց խնդիրների եւ դժւարութիւնների կարգաւորման համար: Այս առումով հէնց տարեսկզբից հանդիպումներ ենք կազմակերպել ցանկացող ծնողների եւ աշակերտների հետ, բացատրելու համար Կրթական խորհրդի այս քայլի նպատակը:
Նշեմ նաեւ որ մեր աշակերտութեանը քաջալերելու նպատակով 14 աշակերների հետ միասին Թեհրանի պետական համալսարանում մասնակցել ենք մէկ օր Թեհրանի պետական համալսարանում ծրագրին, որի մասին արդէն «ԱԼԻՔ»-ի՝ երեքշաբթի, սեպտեմբերի 16-ի համարում մանրամասն ներկայացւած է:
Նկատի ունենալով, որ այս տարի Իսրայէլը Իրանի դէմ պարտադրեալ 12- օրեայ պատերազմ սանձազերցեց, ուստի Կրթական խորհուրդը որոշել է կեանքի կոչել արտակարգ իրավիճակների շտաբ, որը բաղկացած է տեսուչներից եւ փոխտեսուչներից, հայ հոգեբան-խորհրդատուներից, ովքեր ուսումնասիրել են ոլորտը եւ կազմակերպել ենք դասընթացներ, թէ ինչպէս առհասարակ տագնապների եւ ճգնաժամների պահին աւելի ճիշտ եւ արհեստավարժ ձեւով ղեկավարել դպրոցները եւ աշակերտութեանը: Նոյն առիթով մեր դպրոցներում աշխատող խորհրդատուները ամռան ընթացքում մասնակցել են յատուկ դասընթացների: Դպրոցներում կազմակերպել ենք խորհրդատւական լսարաններ դպրոցների անձնակազմի եւ ծնողների համար:
Կրթական խորհուրդին կից նաեւ ակտիւօրէն աշխուժ աշխատում է «Դպրոցական էջ»-ի յանձնախումբը, որը պարբերաբար նիւթեր է կազմում ազգային, աւանդական, կրօնական, գիտութեան, միջազգային երաժշտութեան եւ մարզական թեմաներին մասին ինչու չէ նաեւ ականաւոր մտաւորական դէմքերի կապակցութեամբ եւ նիւթերը տեղադրւում են ինստագրամեան էջում dprotsakanej2024»:
Կրթական խորհրդի ատենապետը այսպէս եզրափակեց զրոյցը. «Վերջում հարկ ենք համարում մատնանշել ներկայ Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների կարեւորագոյն հիմնախնդիրներից մէկը՝ հայոց դպրոցների վերադասաւորման հարցը:
Աշակերտութեան թւի տարեց տարի նւազումը, երկրի եւ համայնքի նիւթական, տնտեսական եւ մարդուժի սուղ պայմաները աւելի քան բաւարար պատճառներ են որպէսզի դպրոցների միատեղման ցաւոտ բայց եւ անհրժեշտ աշխատանքը գործադրւի:
Նկատի ունենալով խնդրի կարեւորութիւնը 2025 թւականին կեանքի կոչւեց յանձնախումբ բաղկացած Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովից, Թեմական եւ Կրթական խորհուրդներից որպէսզի հիմնւելով նախկին ուսումնասիրութիւնների վրայ, գործնական լուծումներ առաջարկի: Յոյս ունենք որ գալիք ուսումնական տարեշրջանի փոփոխութիւնների առաջին փուլը վերջապէս իրականութիւն կը դառնայ:
Կրթական խորհուրդը իր տելեգրամի եւ ինստագրամեան էջերում ներկայացնում է իր կատարած եւ ընթացիկ աշխատանքների զեկոյցը, որոնց կարող էք հետեւել հետեւեալ հասցէներով krt.tehran and @krt-hanrakap»:
Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ