ԹեհրանՀամայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի նախաձեռնութեամբ՝ Արցախի ազատագրական պայքարին եւ հերոսներին նւիրւած երեկոյ

Ձեզ բացակայ չենք դնի, յանուն հայրենիքի Ձեր կեանքը զոհաբերած մարտիկներ: Սա բնաբան չէ, այլ՝ Արցախի ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների հոգիների հետ ուխտի վերանորոգում, որ մի օր, եւ ոչ շատ հեռու ապագայում հայ ժողովուրդը ազատ եւ անկախ Արցախում կանգնեցնելու է նրանց յիշատակը վառ պահող կոթողներ: 

Նոյեմբերի 12-ին, այս ոգով տոգորւած Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նշւեց Արցախի ազատագրական պայքարին եւ հերոսներին նւիրւած երեկոյ: Միութեան Գրական խմբի նախաձեռնած միջոցառման  դերակատարներն էին նոր սերնդի ներկայացուցիչները:

Տէրունական աղօթքով մեկնարկած երեկոյին, ներկաները մէկ րոպէ ոտընկայս յարգեցին նահատակների յիշատակը: Օրւայ գեղարւեստական յայտագիրը յագեցած էր՝ Արցախի պատմականը փոխանցող տեքստի  ներկայացմամբ, որը իրենց հմուտ կատարմամբ հանդիսատեսին էին հրամցնում օրւայ հաղորդավարներ՝ Մեղրի Սարխոշեանը եւ Լէօ Օհանեանը: Խօսքը սկսւեց հետեւալ պատմական տւեալներով. «Պատմական աղբիւրներում Արցախը յիշատակւում է ՔԾԱ. 8-րդ դարից Վանի թագաւորութեան սեպագիր արձանագրութիւններում: Արցախը հայկական հնագոյն թագաւորութեան մէջ է անցել եւ եղել Մեծ Հայքի 15 նահանգներից մէկը: Ինչպէս Հայաստանի, նոյնպէս Արցախի վրայ յարձակումներ են եղել՝ արաբների, մոնղոլների, թաթարների միջոցով, սակայն հայերը միշտ դիմադրել եւ պաշտպանել են իրենց ներքին իշխանութիւնը»: Արցախի վայրիվերումներով լի պատմական տւեալների ներկայացումը շարունկւեց մինչեւ՝ 1991 թւականի սեպտեմբերի 2-ը, երբ հռչակւեց Արցախի անկախութիւնը, որը հաստատւեց դեկտեմբերի 10-ին, մինչեւ՝ չքնաղ Շուշիի ազատագրումը 1992 թւականի մայիսի 9-ը, եւ Արցախի հանրապետութեան գոյատեւումը եւ ծաղկումը մինչեւ՝ 2020 թւականի սեպտեմբերի 27-ը, երբ սկսւեց 44-օրեայ պատերազմը, որի հետեւանքով հայոց երկնակամարին տիրեց արիւն, արցունք, կորուստ ու վիշտ:

Հաղորդավարները վերջում նշեցին. «Արցախը զոհ դարձաւ սին մտածողութեան, Հայաստանի «լաւ ապրելու» խոստումով: Հինգ տարի անցաւ այդ աղէտալի օրերից, կորցրինք Արցախը, կորցրինք ոսկի սերունդ, եւ դեռ կորցնում ենք մեր հայրենիքի հողատարածքից, կորցնում ենք ազգային արժէքները, կորցնում ենք մեր պատմական մշակութային արժէքներն ու ամենից ցաւալին կորցնում ենք մեր ինքնութիւնը: Դեռ շարունակւում է Հայաստանի իշխանութեան զիջողական ընթացքը եւ թշնամին լկտիաբար դեռ շարունակում է իր ամպագորգոռ սպառնալիքներն ու պահանջները: Բայց հայ ժողովուրդը կորուստը չի մոռանալու, հայ ժողովուրդը իր պատմութիւնով ապացուցել է, որ երբ ուժերը հաւաքի, ոտքի է կանգնելու եւ տէր է դառնալու իր իրաւունքներին»:

Տեքստը զուգորդւած էր համապատասխան ասմունքային կատարումներով, ազգային մեներգերի կատարմամբ եւ փաստավաւերագրական ֆիլմերի ցուցադրութեամբ, որի ընթացքում երբ հնչեց Արցախի պետական հիմնը, այն ոտքի հանեց դահլիճին: Ֆիլմի մի բաժնում ներկայացւեցին այն Բիւրաւոր նահատակներից միայն մի քանիսը, որոնք խորհրդանիշն էին աւելի քան 5000 հայ նահատակների, իսկ  նրանց կենսագրական տւեալների ներկայացմանը ներկաները հետեւում էին խորը յուզմունքով:

Միջոցառման գեղարւեստական բաժնում ասմունքային կատարումներով հանդէս եկան՝ Քելին Տէր Պետրոսեանը, Հերմինէ Օրուջեանը եւ Էմելիա Պօղոսեանը: Մեներգիչներ՝ Էրիկա Դաւթեանը եւ Քեւին Գրիգորեանը, ֆիլմը համադրել էր Լիլիթ Բարսեղեանը, իսկ աֆիշը Օդետ Շահվերդեանը:

Ոգեշնչող տեքստի աւարտին կրտսեր եւ սկաուտ միութենականներ, որոնք իրենց ձեռքերով վեր էին բարձրացրել նահատակների պատկերները եւ դրօշներ բեմ բարձրացան ապացուցելու, որ «Մենք յետ ենք բերելու մեր պատմական հողերը: Պիտի հաւատանք մեր ուժերին, պիտի զօրանանք եւ յանուն անմեղ զոհերի թափած արեան, պիտի Հայաստան, Արցախ եւ Սփիւռք եռամիասնութեամբ ապացուցենք որ արժանի ժողովուրդ ենք»:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի պատգամաւորներ, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալքճեանը, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, միութիւնների նախագահներ, ազգային ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ,   Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ մեծ թւով հանդիսատեսներ:

Գեղարւեստական յայտագրի աւարտին ամբիոնի մօտ հրաւիրւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորելով նման իրազեկող միջոցառումների իրականացումը, որի ի կատար ածման առումով իրենց դերակատարութիւնն են ունեցել նոր սերնդի ներկայացուցիչները ցաւով անդրադարձաւ, որ այսօր եւս Հայաստանի տարածքներից լինում են զիջումներ այսպէս ասած թւացեալ «խաղաղութեան» պատրւակով: Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում գործող իշխանութեան միջոցով, փորձում են յուսահատեցնել հայ ժողովրդին, արժեզրկել իր ինքնութիւնից, թուլացնել բանակը, որը իւրաքանչիւր երկրի հզօրացման երաշխիքն է, թիրախաւորել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն եւ հայ ժողովրդի հաւատքը, անտարբերութիւն սերմանել մեր ազգային հարցերի նկատմամբ  եւ այսպիսով կոտրել հայի անկոտրուն կամքը, որը մեր ժողովրդի թշնամիների թելադրանքով է իրականանում: Նա նշեց, որ հայ ժողովուրդը եւ իր գիտակից սերունդը եթէ կառչած մնայ իր արժէքներին եւ հաւատայ իրեն, կրկին տէր է կանգնելու իր կորցրած հայրենի տարածքներին:

Եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը: Տէր հայրը գնահատելով նոր սերնդի ներկայացուցիչների միջոցով իրականացւած ծրագիրը եւ մեծարելով հերոսների յիշատակը նշեց քանի դեռ հայ ժողովուրդը ունի նման անձնւէրներ, ոչ ոք չի կարող ծնկի բերել հայ ժողովրդին: Ապա ընթերցեց Սրբազան Հօր յղած պատգամը, որի ընթացքում գնահատելով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեանը, եւ Գրական խմբին  նշւել էր. «Արցախը  հազարաւոր տարիներ եղել է մեր պատմական հայրենիքի անբաժան մասը եւ կը շարունակէ մնալ իբրեւ այդպիսին: Ազգովին չենք կրնալ մոռնալ Արցախը, իր գեղեցիկ բնութեամբ եւ աշխարհագրական տւեալներով:

Այս վերջին երեսուն տարիների ընթացքին, մեր ժողովուրը իր արիւնը թափեց, որով նւիրագործեց Արցախն ու արցախահայութիւնը»: Սրբազան Հօր պատգամը աւարտւեց հետեւեալ տողերով. «Կոչ եմ ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ անընդհատ իրենց աղօթքներում յիշեն Արցախն ու արցախահային, նաեւ աղօթեն մեր քաջարի նահատակ հերոսների հոգիների խաղաղութեան համար: Այս ձեռնարկը յուշարար պիտի լինի մեզ, որ ոչ թէ Արցախը մոռնալ, այլ ազատագրական պայքարը շարունակելու հեռանկարը մեր գիտակցութեան մէջ միշտ վառ պահել ու այն փոխանցել մեր նոր սերնդին»:

Միջոցառումը աւարտւեց հիւրընկալութեամբ:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button