
«ԱԼԻՔ» – Նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի միջոցով այս տարի եւս կազմակերպւել էր՝ աշակերտական Մշակութային փառատօն մասնակցութեամբ մեծ թւով աշակերտ-աշակերտուհիների: Մշակութային փառատօնը կայանում է երկու փուլերով՝ ասմունք եւ երաժշտական գործիքների կատարում:
Թւականիս նոյեմբերի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ փառատօնի երկրորդ բաժինը՝ երաժշտական գործիքների կատարումը: Այս տարի Մշակութային փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերել 280 աշակետներ, որոնցից՝ շուրջ 175-ը ասմունքի եւ 105-ը երաժշտական գործիքների բաժնում:
Յատկանշական է, որ Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւած Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման առիթով Ս. Պատարագից յետոյ փառատօնի կայացման ժամանակ ներկայ գտնւեցին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, որոնք իրենց քաջալերական խօսքերով գնահատեցին կազմակերպւած փառատօնը եւ նոր սերնդի մասնակցութիւնը:
Նշենք, որ աշխատանքի իրականացման գործում իրենց համագործակցութիւնն են բերում հայոց դպրոցների հայ փոխտեսուչները, եւ ծնողական խորհուրդները:



