Տարեվերջի Ս. Պատարագը Թաւրիզի Ս. Շողակաթ եկեղեցում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի 28 դեկտեմբերի 2025-ի առաւօտեան ժամը 11:00-ին, տարւայ վերջին պատարագը մատուցւեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, որտեղ նաեւ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարւեց տարւայ ընթացքին մեզանից առյաւէտ հեռացած հանգուցեալների հոգեկան խաղաղութեան համար:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը Ս. Պատարագը մատոյց, ի յարգանս տարւայ ընթացքում մահացած հայորդեաց, որոնք հարազատ զաւակներն էին թեմի:
Սուրբ Պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ-խմբավար Վարդան Վահրամեանի: Ճաշու գրքի ընթերցումը կատարեց Քարմէն Աբրահամեանը, իսկ խորանին սպասարկում էր բարեշնորհ Սեւան սրկ. Ենովքեանը:
Սրբազան Հայրը քարոզի բնաբանը վերցրել էր օրւայ աւետարանից: Նա Տիրոջ ներկայացրած մնասների առակը պատշաճեցրեց այս կեանքի արժեւորման, եւ Աստծու պատւէրների կատարման երկնաւոր առաջարկին: Քարոզի ընթացքում արծարծւած մտածումներով, Սրբազան Հայրը մխիթարական խօսք ուղղեց, այս տարեշրջանին հանգուցեալ ունեցող ընտանիքներին: Նա ասաց, որ նրանց հոգեւոր ներկայութիւնը մնայուն դաս է, լա՛ւ ճանաչելու ֆիզիկական կեանքը, եւ աստւածահաճոյ արժէքներով ապրելու այն:
Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, եւ ապա, 2025 տարւայ հանգուցեալների հարազատները ուղղւեցին դէպի իրենց հարազատների գերեզմանները, եւ խունկ ու մոմի մատուցմամբ, իրենց յաւերժական յարգանքը մատուցին նրանց անմեռ յիշատակին:






