ԹեհրանՀամայնքՀարցազրոյց

Ձմեռ Պապը՝ առանց դիմակի

ՀԱՏԻՍ

 

Վանիկ Քոթոյեանը 40 տարեկան է։ Իր պրոֆեսիոնալ գործունէութիւնը որպէս Կաղանդ Պապ նա սկսել է 2005 թւականից, եւ Ամանորի տօների ընթացքում Թեհրանի տօնական փողոցների պատկերը մեծ մասամբ պայմանաւորւած է հէնց իր կերպարով։

Միրզայէ Շիրազի (Նադեր Շահ) փողոցում Վանիկը հասցրել է նաեւ մի քանի աշակերտ դաստիարակել՝ ապագայ Ձմեռ Պապ դարձնելու համար։ Կարմիր հագուստով, սպիտակ մորուքով եւ բարեհամբոյր վարքով այս կերպարի թիկունքին թաքնւած է Վանիկի փարթամ ու թարմ դէմքը, ով շարունակում է երեխաների երազանքների աշխարհը յարատեւ թարգմանել՝ տօնածառի տակ յայտնւած կապոցների տեսքով։

Ամենայն պատասխանատւութեամբ նշենք, որ Վանիկի առաջարկով եւ «Ձմեռ Պապի երազանքը» երեխաների գլխում չփչացնելու համար, այս զրոյցը խորհուրդ չի տրւում ընթերցել 12 տարեկանից ցածր երեխաների համար։

Որտե՞ղ է անցել Ձեր մանկութիւնը։

– Մինչեւ տարրական դպրոցի երրորդ դասարանը ապրել եմ Ուրմիայում։ Հայրս մահացաւ, երբ ես չորս տարեկան էի, եւ դրանից յետոյ մօրս ու քրոջս հետ տեղափոխւեցինք Թեհրան։ Չորրորդ դասարանից արդէն սովորում էի «Ն. Գուլբենգեան» դպրոցում։

Ինչպէ՞ս սկսւեց Ձմեռ Պապ դառնալու այս ճանապարհը։

– 1997 թւականին՝ հայկական միութիւններից մէկի առաջարկով։ Հերոս անունով ընկերոջս հրաւէրով էր։ Մէկ տարի անց՝ 1998-ին, առաջին անգամ անցայ գործնական փուլի, ու «Հայ Ակումբ»-ի Նոր Տարւայ Ձմեռ Պապը ես էի։

Հե՞շտ է՞ր:

– Շատ դժւար էր։ Առաջին հինգ տարին ամէն անգամ կարծես առաջին անգամը լինէր։ Մշտապէս լարւած էի, սթրեսով։ Ամէն ելոյթ ինձ համար մեծ փորձութիւն էր։ Վեցերորդ տարուց սկսած կարծես ինքնավստահութիւնը տեղն ընկաւ, տներ ու միութիւններ աւելի հանգիստ էի այցելում, ու ամէն ինչ աւելի սահուն էր անցնում։

Երեխաների երազանքներն իրականացնողի դերում էք, իսկ ինքներդ ի՞նչ երազանքներ ունէիք մանկութեան տարիներին։

– Երազում էի օդաչու դառնալ։ Ցաւօք, երբեմն երազանքները երկնքի աստղերից էլ բարձր են լինում։

Ու փոխարէնը որոշեցիք սայլակով «թռչե՞լ»։

– Այս օրերին, դոլարի ներկայ փոխարժէքով, սայլակ թռցնելն էլ է Ձմեռ Պապի համար երազանք դարձել։

Ի՞նչ է Ձեզ համար Ձմեռ Պապ լինելը. աշխատանք է, թէ՞ առիթ։

– Ամենամեծ հաճոյքը մարդկանց, յատկապէս երեխաներին ուրախացնելն է։ Երբ սրտանց ես անում, զգում ես, թէ ներսում եղած էներգիան ինչպէս է փոխանցւում երեխաներին։ Սա տարին մէկ անգամ քեզ լիցքաւորելու առիթ է տալիս։ Երբ արածդ՝ բարութեան խորհուրդ ունի, առաջին հերթին բաւարարութիւն է տալիս քեզ եւ հոգեպէս լիցքաւորում։

Ամէն բան շատ լուսաւոր կերպով է ներկայացւած, սակայն սա կարող է նաեւ հակառակ ազդեցութիւն ունենալ։ Ի՞նչն է խանգարում Ձմեռ Պապիին, որ ամբողջ անկեղծութեամբ ներկայանայ հանրութեան առաջ։

– Եթէ անկեղծ լինեմ, պիտի ասեմ՝ երբեմն քեզ չեն դիտում լաւ ակնոցով։ Կարծում են՝ առիթ ես գտել, որ… նոյնիսկ մեր՝ հայ համայնքի մէջ նման ընկալումներ կան։ Հանդիպում ես մարդկանց, որոնց համար այս գործը ուրիշ իմաստ ունի եւ վերածում են այն ծաղրի ու ծանակի առարկայի։ Մի անգամ մէկը, իրեն շատ սրամիտ համարելով, ասաց՝ «լաւ ծաղրածու կաշխատես»։ Կան նաեւ բացայայտ վիրաւորական արտայայտութիւններ։ Դրսից կարող է թւալ, թէ անցար ու անպատասխան թողեցիր, բայց ներսումդ աղմուկ է՝ խառնւած յուսահատութեան հետ։

– Ձմեռ Պապը ծաղրածուի հետ համեմատելը կարծես ոչ թէ մէկին միւսից բարձր դասելն է, այլ երկուսին էլ աւելի բարձր դիրքերից դիտելը։ Ակամայից յիշում ես «Ջոքեր» ֆիլմը՝ մարդու արժանապատւութեան ոտնահարման ենթատեքստով: Այս տրամադրութիւնից ելնելով՝ կուզենայի պատմէիք՝ փողոց դուրս գալուց առաջ որքան ժամանակ էք անցկացնում հայելու առաջ։

– Շատ կարճ չի տեւում։ Ամէն ինչ կախւած է օրւանից կամ այն առիթից, ուր հրաւիրւած ես, կամ էլ՝ պարզապէս փողոց դուրս գալու համար ես պատրաստւում։ Կէս ժամից պակաս չի լինում։ Գուցէ ներսումս բուն դրած այն երեխան, որ այնքան էլ շքեղ մանկութիւն չի ունեցել, իրեն էլ է պէտք վայելելու Ձմեռ Պապի ներկայութիւնը՝ որքան սիրտը կուզի։

Տարւայ այս շրջանը ինչպէ՞ս է անցնում Ձեզ համար։

– Դեկտեմբերի 10-ից սկսած, շուրջ մէկ ամիս իմ կեանքը ամբողջովին փոխւում է։ Քնում եմ սովորաբար գիշերը ժամը 3-ից ոչ շուտ: Իսկ օրը շատ ծանր է անցնում, երբեմն այն աստիճան ծանրաբեռնւած, որ հոգնածութիւնից անգամ քունդ չի տանում։

Ձմեռ Պապի հագուստը ինչպէ՞ս է պատրաստւում։

– Հագուստը ինքնին մի ամբողջ աշխարհ է։ Եթէ շատ ցուրտ է լինում, հագուստի տակ ստիպւած ես երեք-չորս շերտ հագուկապով դուրս գալ: Ինքը՝ հանդերձւելը, տեւում է 20 րոպէից ոչ շուտ, հանւելը՝ 5 րոպէ։ Ներկայումս ունեմ չորս ձեռք Ձմեռ Պապիի հագուստ։

Որտե՞ղ էք պատրաստում հագուսեը: Գնում էք, թէ՞ դերձակի ձեռագիրն է խօսում:

– Երկար ժամանակ Թեհրանում իմ վստահելի դերձակն ունէի: Իսկ հիմա հագուստս կարում եմ Թաւրիզի իմ սիրելի ազգականներից մէկի մօտ։ Եթէ կարեւորում ես արածդ գործը, պէտք է եւ ժամանակ տրամադրես ու ծախսածդ գումարների հետ էլ հաշւի նստես: 

– Պատմէք սոցիալական նախաձեռնութիւնների մասին: Եթէ կայ նման բան:

– Եթէ տեսնեմ, որ անկարող երեխայ կայ, որն ուզում է Ձմեռ Պապի հետ լուսանկար ունենալ, երբէք նրանից ոչինչ չեմ վերցնում։ Շուրջ հինգ-վեց տարի է, ինչ ամէն տարի սիրով գնում եմ «Ակունք» կենտրոն։ Տարիներ շարունակ այցելել եմ նաեւ ծերանոցներ՝ Սուրբ Գէորգ եւ Սօսէ Մայրիկ։

– Նոր Տարին ուր որ է՝ կաւարտւի: Յետոյ ինչո՞վ էք զբաղւում։

– Յետոյ զբաղւում եմ զբօսաշրջային կենտրոնների հետ ու թուրգայդ կամ թարգմանիչ եմ աշխատում: Ուղեկցում եմ Հայաստանից եկած զբօսաշրջիկներին կամ գործարարներին, որոնք տարբեր քաղաքներ ու արտադրամասեր պիտի այցելեն։

Ի՞նչ պատգամ ունէք մարդկանց համար։

– Կուզեմ, որ մարդիկ մի քիչ աւելի գիտակից ու հասուն լինեն։ Երբ ինձ տեսնում են սովորական հագուստով, ամէն անգամ լեզւին չտան «Ձմեռ Պապ» ասելով։ Թող վերաբերմունքը հեգնախառն չլինի, յատկապէս՝ մեր հայ հայրենակիցների մօտ։

Ըստ Ձեզ՝ մարդիկ ինչո՞ւ են այդպէս վարւում։

– Մեզ մօտ «սթրիթ-արթ» մշակոյթ գրեթէ գոյութիւն չունի, կամ եթէ կայ՝ դեռեւս ձեւաւորման փուլում է։ Մինչդեռ սա փողոցում իրականացւող պերֆորմանս է՝ նոյնը ինչ մայթերին հնչող կենդանի երաժշտութիւնը կամ արւեստի այլ ոլորտների ներկայացուցիչների գործունէութիւնը։ Աշխարհի շատ երկրներում սա համարւում է զբօսաշրջութեան կարեւոր տարրերից մէկը, մինչդեռ մեզ մօտ, կոպիտ ասած, ընկալւում է մուրացկանութեան հետ համեմատելի ձեւով։

Ձեր մաղթանքը 2026 թւականի համար։

– Նախ՝ առողջութիւն ու յաջողութիւն մեր ժողովրդին։ Իսկ ամբողջ աշխարհին մաղթում եմ խաղաղութիւն, անդորր եւ պատերազմներից հեռու կեանք։

Related Articles

Back to top button