ԹեհրանՀամայնք

Հրաչուհի Մակարեանի անմոռաց յիշատակին

(Մահւան 40-օրեակի առթիւ)

Դարձեալ կանգնած ենք ցաւալի իրականութեան դիմաց, իրանահայ համայնքը քառասուն օր առաջ կորցրեց եւս մի անփոխարինելի արւեստագէտի՝ Հրաչուհի Մակարեանին:

Թէպէտ արդէն երկար տարիներ էր, որ դադարել էր երաժշտական գործունէութիւնը, սակայն շարունակում էր ներկայ լինել իր կրթած ու դաստիարակած սերունդների հոգում ու սրտում, հանդիսանալով մեր համայնքում միակ խմբավարը, ում յաջողւեց դաստիարակել դասական երաժշտութեան ասպարէզում բազմաթիւ ուսուցիչներ եւ ղեկավարներ, որոնք առ այսօր թէ՛ Իրանում, թէ՛ երկրի սահմաններից դուրս տարածում են հայ երգն ու երաժշտութիւնը:

Ծնւել է 1942 թւականին Թեհրանում, երաժշտասէր ընտանիքում, քոյրն էր Հայնուշ Մինասեան (Մակարեան)-ի, որն արդէն մեծ համբաւ է վայելում որպէս դաշնակահարուհի: Աշակերտել է երկրի լաւագոյն պրոֆեսոր-երգահանների, որոնցից կարող ենք յիշել՝ Էմմանուէլ Մելիք Ասլանեանին: Միաժամանակ Վահէ Խոջայեանի եւ Լիւդւիկ Բազիլի հետ իր գործօն մասնակցութիւնն է ունեցել «Հայ երգ» երաժշտական հաստատութեան հիմնադրման աշխատանքներում:

Հրաչուհի Մակարեանը համարւում է բազմաթիւ երգչախմբերի հիմնադիր ղեկավար, ինչպիսիք են Թեհրանում առաջինը հանդիսացող՝ «Անի» մանկական եւ պատանեկան զոյգ երգչախմբերը հիմնադրւած 1970 թւականին, Հայ Կաթողիկէ եկեղեցու «Աղաջանեան» սրահում, Ներսէս ծ. վրդ. Թոսունեանի գլխաւորութեամբ:

1976 թ.-ին խումբը տեխնիկ պատճառներով տեղափոխւում է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ, որից յետոյ 1981 թ.-ին հիմնադրւում է «Ծիծեռնակ» մանկական երգչախումբը: Զոյգ երգեցիկ խմբերի աշխատանքը շարունակւել է առ 1987 թ.-ը: Այդ թւականին հեռանալով «Արարատ»-ից «Անի» երգչախումբը տեղափոխւել է «Ս. Ներսէս Շնորհալի» հաստատութիւն եւ յարատեւել մինչեւ 2001-ը: Նա նաեւ ղեկավարել է Հայ Կաթողիկէ եկեղեցու երգեցիկ քառաձայն խումբը:

Ամենայն խստապահանջութեամբ եւ զգօնութեամբ դաստիարակել է դաշնամուրային աշակերտներ:

Հրաչուհի Մակարեանի ջանքերով ձայներիզի է վերածւել «Չարի վերջը» օպերան ամբողջութեամբ:

Հեղինակն է եղել Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հրատարակած «Մանկական ընտրեալ երգեր» գիրք եւ ձայներիզի, որն իր ժամանակին աննկարագրելի ուսուցողական եւ ընկալման առիթը դարձաւ աշխատանքին մասնակից երգչախմբի անդամուհիների համար: Սոյն նախաձեռնութիւնը 80-ական թւականներին, նախքան Հայաստանի Հանրապետութեան անկախացումը, երբ քիչ էին առիթները՝ հաղորդակցւել հայրենիքի երաժշտական աշխարհի հետ, հայ երգարւեստի գոհարները լսելի դարձրեց մեր մանուկներին:

1983 թ.-ից հիմք դրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի «Մանկական արւեստի շաբաթ» (ՄԱՇ)-ի ձեռնարկներին, որը ամբողջապէս եղել է օր. Հրաչուհու մտայղացումը:

Հրաչուհի Մակարեանը երգեցողութեան հետ զուգընթաց ուսուցանել է սոլֆէժ, ձայնավարժութիւն, ղեկավարութեան գործընթացի ուսուցում, երաժշտական գիտելիքներ եւ այլն:

Երգարւեստից բացի դաստիարակել է ճշտապահ, յանձնառու եւ լուրջ վերաբերմունք աշխատանքի եւ դասական երաժշտութեան հանդէպ ունեցող գիտակից սերունդ, վարելով նաեւ մտքի կենտրոնացման եւ ճիշտ շնչառութեան դասընթացներ:

Մի խօսքով այն ինչ կատարում են երգարւեստի մարզում մասնագէտ տարբեր անձինք, նա միայնակ փոխանցել է իր սաներին եւ հետեւել իւրացման ընթացքին:

Հրաչուհի Մակարեանը պաշտօնավարել է «Ալիշան» եւ «Ռոստոմ» դպրոցներում, որպէս երգ-երաժշտութեան ուսուցչուհի: Նաեւ «Էլպիս Ֆերահեան» ժամանակի «Քուշեշ» մանկապարտէզում կիրառել է ամենեւին նոր ոճ եւ ուղեգիծ մանկապարտէզի տարիքային խմբին համապատասխան ներառելով մանուկներին յարմար նւագարանների ուսուցում: (Զանգ, փայտ, թմբուկ, ծնծղայ եւ մարակաս):

Մանրակրկիտ ուսումնասիրութիւն է կատարել հանրայայտ երաժիշտների, ի մասնաւորի՝ Կոմիտասի եւ Մոցարտի ստեղծագործական կեանքի ուղին եւ մանկական լեզւով պատմել երեխաներին, նրանց մէջ սէր առաջացնելով դէպի դասական եւ լուրջ երաժշտութիւն:

Ընդգծում ենք Հրաչուհի Մակարեանի նւիրեալ եւ անվերապահ նկարագիրը եւ անխոնջ մօտեցումը իր աշխատանքի եւ յատկապէս արւեստի նկատմամբ:

Խմբավարն է եղել մեծ թւով համերգների, Թեհրանում, Ռուդաքի սրահում, Իրանի տարբեր քաղաքներում, Երեւանում եւ Իտալիայում:

Համատեղելով իր երաժշտական ունակութիւնները Արամայիս Աղամալեանի ռեժիսորական (բեմադրողական) կարողութիւնների հետ, բեմականացրել է «Չարի վերջը» եւ «Ճուտիկ» օպերաները:

Հարկ է նշել, որ Ս. Ներսէս Շնորհալի երգչախումբը ներկայացրել է «Անուշ» օպերան Իրանում եւ Հայաստանում:

«Ռուդաքի» դահլիճում «Անի» մանկապատանեկան երգչախումբը, Հրաչուհի Մակարեանի ղեկավարութեամբ՝ ներկայացել է «Լա Բոհեմ», «Հենզել-Գրեթել», «Թուրանդոխտ» եւ «Քարմէն» օպերաներում:

Հրաչուհի Մակարեանի հետ նոյնիսկ մի քանի րոպէով հանդիպւոմը, առիթ էր ինչ որ նոր մտայղացումների, ինչպէս նաեւ հետաքրքրութիւնների խթան հանդիսանում, ի՝ նորարարութիւն երաժշտական ուսուցման նախկին մեթոդների եւ ձեւերի բարեփոխման:

Երաժիշտ եւ խմբավար լինելուց բացի, չափազանց կարեւորութիւն եւ ուշադրութիւն էր դարձնում մտքի եւ մարմնի ներդաշնակութեան, որի հետեւանքով խիստ հետեւորդն էր եօգայի պարապմունքների:

Ամենայն լրջութեամբ ուսումնասիրում էր փիլիսոփայական եւ Աստւածաբանական գրքեր, յօդւածներ եւ հետազօտութիւններ, միշտ կառչած մնալով Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սկզբունքներին:

Բծախնդրութեամբ կարդում էր Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեանց» գիրքը, կէտ առ կէտ եւ խորանում նրա իմաստութեամբ:

Յարգելի օր. Հրաչիկ, Ձեր աշակերտները, որոնք իրենց կեանքի անմոռանալի եւ լաւագոյն տարիները անց են կացրել Ձեր ղեկավարած երգչախմբերում, միշտ կը յիշեն եւ կը շարունակեն Ձեր ուղին, երախտապարտ լինելով Ձեր թողած այն ամէնին, ինչը երբեք չի մարի իրենց սրտերում:

Հոգու խաղաղութիւն եւ երաժշտական մեղեդիներով միահիւսւած երկնային կեանք, մեր սիրելի օր. Հրաչիկին:

ԱՐՓԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Related Articles

Back to top button