Գրոսսիի հնարաւոր մասնակցութիւնը Իրան-ԱՄՆ բանակցութիւնների երրորդ փուլին՝ Ժնեւում

«ԱԼԻՔ» – Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին հաւանաբար կը մասնակցի Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնների երրորդ փուլին, որը նախատեսւած է տեղի ունենայ հինգշաբթի՝ փետրւարի 26-ին, Ժնեւում։
ISNA-ի փոխանցմամբ՝ իրանցի դիւանագէտներից մէկը գործակալութեանը յայտնել է, որ ինչպէս նախորդ փուլին, այս փուլում եւս ենթադրւում է Գրոսսիի ներկայութիւնը:
Աղբիւրի համաձայն, Իրան-ԱՄՆ երրորդ փուլ անուղղակի բանակցութիւնները կը կայանան Ժնեւում՝ Օմանի դեսպանատան շէնքում, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդութեամբ։
ԻՍՆԱ-ն յաւելել է նաեւ, որ բանակցութիւնների օրակարգում ընդգրկւած են՝ Իրանի միջուկային պարտաւորութիւնները, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացման խնդրի հետ կապւած պարտաւորութիւնները, ինչպէս նաեւ հնաարւոր տնտեսական համագործակցութեան փաթեթի քննարկումը:
Թեհրանի պաշտօնեաների յայտարարութիւնների համաձայն, Իրանի կարմիր գծերն այս փուլում մնում են անփոփոխ՝ Իրանի հարստացման իրաւունքի ճանաչումը, հարստացման գործընթացի իրականացումը երկրի ներսում, եւ երկրում առկայ հարստացւած նիւթերի արտահանումը բացառող դիրքորոշումը։



