ԹեհրանՀամայնք

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ. «Իրանահայ համայնքում տուժածներ չկան»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-Իսրայէլական յարձակումների հետեւանքով Իրանում կաթւածահար է եղել քաղաքային կեանքը։ Գերագոյն առաջնորդի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութիւնից յետոյ երկրում յայտարարւել է ոչ աշխատանքային շաբաթ։ Այս օրերին իրանահայերը տարբեր քաղաքներում ու շրջաններում ականատես են դարձել պատերազմական ծանր տեսարանների՝ անզէն քաղաքացիների վրայ թափւող ամերիկեան եւ իսրայէլական ռումբերի ու հրթիռների տեսքով։

Խաթարւել է նաեւ բնականոն առօրեան․ ընդհատւել է ինտերնետային կապը, ինչի հետեւանքով խափանւել են նաեւ մարդկանց միջեւ տեղեկութիւններ փոխանակելու հնարաւորութիւնները։

«ԱԼԻՔ»-ի լրագրողի հետ զրոյցում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նշում է, որ վերջին մէկ շաբաթւայ ընթացքում Թեհրանում տեղի ունեցած ռմբակոծութիւնների հետեւանքով հայ համայնքի շրջանում մարդկային զոհեր կամ մարմնական վնասւածքներ չեն գրանցւել։

Միեւնոյն ժամանակ, նրա խօսքով, ռմբակոծութիւնների հետեւանքով մասնակի վնասներ են կրել հայ գործարարներին պատկանող որոշ հիմնարկներ, գործարաններ եւ խանութներ, որոնց վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւններ առայժմ չկան։

Որոշակի վնասներ է կրել նաեւ Թեհրանի «Արարատ» մարզաւանը․ ճակատային շէնքի պատուհանների ապակիները ջարդւել են։ «Բարեբախտաբար այստեղ եւս տուժածներ չկան»,- նշում է ատենապետը։

Անդրադառնալով վերջին մէկ շաբաթւայ ընթացքում տեղի ունեցած յուղարկաւորութիւնների թւին՝ Վարուժ Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ համայնքի կեանքը այդ առումով շարունակում է իր բնականոն ընթացքը, եւ սովորականի պէս շաբաթական միջինում գրանցւում է մօտ չորս մահւան դէպք։ Նա ընդգծեց, որ արտակարգ իրավիճակների պայմաններում այդ թիւը երբեմն նոյնիսկ նահանջ է արձանագրում։

Նա նաեւ տեղեկացրեց Իրանի հայ Աւետարանական եկեղեցու հոգեւորական վերապատւելի Սերգէյ Շահվերդեանի մահւան մասին, որի յուղարկաւորութիւնը տեղի է ունեցել նախորդ օրերին։

Վարուժ Յովհաննիսեանի խօսքով՝ Վեհափառ Հայրապետն ամէնօրեայ կապի մէջ է Սրբազան Հօր հետ եւ անմիջական կերպով տեղեկացւում է համայնքի իրավիճակի մասին։ Սրբազանը նաեւ շարունակական կապի մէջ է համայնքի քահանաների հետ։

Ատենապետը յայտնեց նաեւ, որ Թեհրանի չորս համայնքներում՝ Սասուն, Զէյթուն, Սարդարապատ եւ Կենտրոն, գործում է արտակարգ իրավիճակների շտաբ, որի միջոցով պահպանւում է կապը թեհրանահայ հայրենակիցների հետ։

Related Articles

Back to top button