«ԱԼԻՔ», Կարինէ Դաւթեան – Պատերազմական այս օրերին իրանահայ համայնքի իրավիճակի մասին իրազեկ դառնալու նպատակով ամենօրեայ կապի մէջ ենք լինելու նաեւ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի ազգային իշխանութեան պատասխանատուների հետ։
Ստորեւ ներկայացնում ենք Սպահանի հայոց թեմի Առաջնորդարանի դիւանապետ՝ Արիս Դաւթեանի հետ «ԱԼԻՔ»-ի թղթակցի զրոյցը կատարւած աշխատանքների մասին։
Պատերազմական իրավիճակի հետ կապւած իրականացած աշխատանքներից
Ինչպէս ընթերցողը տեղեակ է, իրանական 1404 թւականի յունիսի 12-օրեայ պատերազմական օրերին, Սպահանում ստեղծւեց արտակարգ իրավիճակների շտաբ, որը տնօրինեց այդ օրերի ընթացքում առաջացած տագնապներն ու ապահովեց թէ՜ համայնքի անդամների եւ թէ՜ թեմապատկան շինութիւնների ու մշակութային ժառանգութեան անվտանգութիւնը:
Սոյն շտաբն իր աշխատանքը շարունակել է մինչեւ այսօր եւ անցնող ամիսների ընթացքում կազմել է հաւանական զարգացումներին համապատասխան ծրագրեր:
Մարտի 2-ից սկսւած յարձակումների առաջին իսկ պահից շտաբը ներկայացել է Ազգային առաջնորդարան եւ առաջնորդւելով պետական ցուցմունքների հիման վրայ, առաջնահերթաբար արձակել է Հայոց դպրոցները եւ կազմակերպել աշակերտութեան ապահով տեղափոխումը իրենց բնակարաններ:
Անվտանգութիւնից ելնելով, արձակ են յայտարարւել Առաջնորդարանիս ենթակայ զբօսաշրջութեան բոլոր կենտրոնները:
Ազգային առաջնորդարանի վարչական բաժինը՝ նւազագոյն պաշտօնեաներով, ամենօրեայ կարգով շարունակել է իր աշխատանքը եւ սպասարկել համայնքի անդամներին եւ ընթացք տւել անյետաձգելի դիմումներին: Նոր Ջուղայի Հայոց գերեզմանատունը, աշխատանքային սահմանափակ ժամով, շարունակել է իր գործունէութիւնը։
Համայնքի անդամների երթեւեկութիւնը թաղամասում նւազագոյնի հասցնելու նպատակով, Մեծ Պահքի արարողութիւնները կատարւել են առանց հաւատացեալների ներկայութեան, իսկ իրավիճակի սրման ժամանակ դադարեցւել են բոլոր արարողութիւնները: Կապ է պահւել հայկական կառոյցների պատասխանատուների հետ եւ կատարւել համապատասխան ցուցմունքներ:
Հայկական թաղամասի անվտանգութեան ապահովման հետ կապւած տեղի է ունեցել հանդիպում համայնքիս արական սեռի ներկայացուցիչների հետ եւ կատարւել աշխատանքի բաժանում:
Թեմապատկան մշակութային ժառանգութեան պահպանման հարցով, ամիսներ առաջ կազմւած ցուցակի համաձայն եւ առաջնահերթութեան կարգով, ընթացքի մէջ է դրւել պատկան շինութիւնների եւ իրերի պահպանման աշխատանքը: Թեմական խորհրդի ներկայացուցիչը ներկայացել է Շահինշահր, հետեւել համայնքի իրավիճակին եւ հարկ եղած ցուցմունքները կատարել:
Պատրաստւել է յատուկ նախագիծ, որպէսզի հնարաւոր դառնայ իրավիճակի թէժացման դէպքում, համայնքիս անդամներին տեղափոխել անվտանգ վայր եւ համապատասխան սնունդով ու կենցաղային այլ պարագաներով ապահովել նրանց:
Պայթիւնների հետեւանքով հայերի շրջանում լուրջ տուժածներ չկան, միայն թեմիս երեք անդամներ թեթեւակի վնասւածք են ստացել, որոնց բոլորի առողջական վիճակը բարեբախտաբար լաւ է գնահատւում, իսկ հայերին պատկանող մի քանի խանութներ եւս մասնակիօրէն վնասւել են։