ԹեհրանՀամայնք

Պարզաբանում «Արտակ Մանուկեան» թանգարանից. Թանգարանային գոյքին վտանգ չի սպառնում

ԻՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է պատերազմի հետեւանքով Թեհրանի «Գոլեստան» պալատին հասցւած վնասների մասին։

Կազմակերպութիւնը X սոցիալական ցանցում գրառում է տեղադրել, ըստ որի պալատը վնասւել է «Արգ» հրապարակին ուղղւած օդային յարձակման հետեւանքով առաջացած պայթիւնային ալիքից եւ բեկորների հարւածից։

ԻՒՆԵՍԿՕ-ն նաեւ նշել է, որ շարունակելու է մօտիկից հետեւել Իրանում եւ ողջ տարածաշրջանում մշակութային ժառանգութեան վի-ճակին՝ ապահովելու պատմական արժէք ներկայացնող յուշարձանների պահպանութիւնը։

Միեւնոյն ժամանակ Իրանի Մշակութային ժառանգութեան նախարարութիւնը հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակումներից վնասներ են հասցւել մի շարք նշանակալի պատմական յուշարձանների։ Մասնաւորապէս Թեհրանում վնասւել են «Գոլեստան» պալատը եւ «Բազարէ բոզորգը», Սպահանում՝ Շահ Աբբասի (Իմամի) մեծ մզկիթը, «33-փոլը», «Չեհել Սոթուն»-ը եւ «Ալի Ղափու» պալատները, իսկ Լորեստանում՝ «Ֆալաք-օլ Աֆլաք» պատմական ամրոցը։

Ստեղծւած իրավիճակի համատեքստում «ԱԼԻՔ»-ի թղթակիցը կապ է հաստատել «Արտակ Մանուկեան» թանգարանի վարիչ՝ տկն. Ալիս Շահմուրադեանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ թանգարանն, իր կառուցւածքային առանձնայատկութիւնների շնորհիւ, գտնւում է ապահով վիճակում։

«ԱԼԻՔ» – Տարածաշրջանում ռազմական լարւածութեան եւ Իրանում որոշ պատմամշակութային յուշարձաններին հասցւած վնասների մասին հրապարակումների ֆոնին, մեր թղթակիցը կապ հաստատեց «Արտակ Մանուկեան» թանգարանի վարիչ՝ Տկն. Ալիս Շահմուրադեանի հետ՝ պարզելու թանգարանի իրավիճակը։

Տկն. Շահմուրադեանը տեղեկացրեց, որ թանգարանն իր կառուցւածքային առանձնայատկութիւնների շնորհիւ, ունի ապաստարանային յատկութիւններ։

Նրա խօսքով՝ թանգարանը գտնւում է նկուղային մակարդակում եւ չունի պատուհաններ, ինչն ինքնին նպաստում է անվտանգութեան ապահովմանը։

Բացի այդ, թանգարանի գտնւելը Թեհրանի Սուրբ Աստւածածին եկեղեցու յարակից տարածքում այն դարձնում է առաւել պաշտպանւած։

Նա նաեւ նշեց, որ նախորդ 12-օրեայ լարւած շրջանի փորձառութեան հիման վրայ, թանգարանի եւ ԹՀԹ Թեմական խորհրդի ջանքերով եւ համագործակցութեամբ ձեռնարկւել են անհրաժեշտ քայլեր՝ թանգարանի գոյքերի առաւել անվտանգ պահպանման համար։

Տկն. Շահմուրադեանի գնահատմամբ՝ այդ փորձառութիւնն այսօր աւելի վստահելի է դարձրել պահպանման պայմանները, եւ ներկայումս թանգարանի գոյքերին որեւէ վտանգ չի սպառնում։

Ալիս Շահմուրադեանը նաեւ տեղեկացրեց, որ ստացել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ – ICOM – International Council of Museums) թանգարանների տեսուչի որակաւորում եւ այժմ ընդգրկւած է համապատասխան 7-հոգանոց ղեկավար կազմի մէջ՝ որպէս թանգարանների քննիչ եւ ստուգող տեսուչ։

Related Articles

Back to top button