
Գարնան յուսադրող օրերի շնչով ենք զօրանում, ինչ կացութիւն էլ գոյառի մեր առօրեայ շրջապատում, երբ երկնային զօրութիւնը չի՛ թուլանում, այլ թուլացնում է աշխարհին պատկանող եւ տիրող բոլոր ոյժերին:
Յաղթանակը, իր պայծառութեամբ եւ ներանձնական գերագոյն զգացումներով ապրւող հոգեվիճակ է, որը բոլորին պարգեւող երկնատուր շնորհք չի՛ կարող լինել: Իրենց անձնական ու հաւաքական արժէքներին հոգածու, մշակութասէր ազգերն են միայն, որոնք արժանի են լինում վայելել իրենց շահած յաղթանակը, եւ դրա յաջորդող խաղաղութիւնը:
Մեր ազզի շահած 1918-ի յաղթանակը, բախտի բերմամբ Մայիս ամիսը փակւելուց առաջ բաժին է ընկել մեզ, որպէսզի «Մայիսեան վարդ»-ի պէս պայծառագոյն ու հոգեզմայլ բոյրով մնայ այն մեր յիշողութեան մէջ, եւ հրապուրի ազգի բոլոր զաւակներին:
Եւ այսպէս պատահեց:
Ընդամէնը սոյն յաղթանակից երկու տարիներ անց երբ տապալւեց ազգի սեփական ոյժի կերտմամբ ստեղծւած անկախութիւնը, Սովետականացւեց անկախ Հայաստանը, սակայն դրա ոգին, շունչը, ոյժն ու զօրութիւնը ազատատենչ հայի հոգում անխորտակելի մնացին: Տասնամեակներ յաջորդեցին իրարու, սակայն չպակասեց անկախութեան ոգին, չտկարացաւ վերստին անկախութիւն հաստատելու հոգեկան ձգտումը, որը մեր հայրենիքին պատկանող հողակտորի ազատագրմամբ փաստեց իր ներկայութիւնը:
Պատմական դժբախտութիւնները չեն աւարտւում, մինչ սերունդներ են փոխւում եւ յաջորդում իրարու: Սակայն յաղթանակի ոգին չի՛ մեռնում, ինչքան էլ հերոսներ իրենց արեամբ ողողում են ռազմադաշտեր…: Անիմաստ է միշտ յիշեցնել, որ մեր հերոսները չեն մեռնում: Նրանց ծնողները բոլորից աւելի իմանում են եւ զգում, որ իրենց զաւակները դեռեւս ողջ են, ու ամէն օր զօրակցում նրանց, ովքեր պահպանում են հայրենիքի անկախութիւնը:
«Մայիսեան վարդ»-ի պէս վերստին ծաղկող վարդաթփերի յօտումը չի՛ թուլացնում դրանց արմատները, այլ աւելի է զօրացնում, պնդացնում, հասակ տալիս, ու նոր վարդերով գեղեցկացում վարդաթուփ Հայրենիքը:
Քրիստոնէական եկեղեցին տօնակատարեց Սուրբ Հոգու Գալստեան տօնը. իսկ մեր եկեղեցին դրա խորհրդի մէջ վայելեց երկնային զօրութեան վերստացումը: Ազգային մեր կեանքում մնայուն զօրութիւնը քրիստոնէական ակունքից ենք ստանում, այլապէս մարդկային քմահաճ մօտեցումներից այլասերւող, ու քաղաքական թեքումներից պատահականութեան մատնւող պետութեան պատկերով չենք ուզում տեսնել մեր Հայրենիքի իրավիճակը:
«Մայիսեան վարդ»-ի պէս վերածաղկումը մեր ազգային կեանքում, մեր ժողովրդի դարաւոր գոյութեան պահանջն է այս երկրագնդում: Ո՛չ ոք իրաւունք չունի խաղարկելու հայ ազգի գոյութենական պատիւը, այս կամ այն քաղաքական ղեկավարի մատնաշարժումներով, ու անձնական շահի նկրտումներով:
Պատմական անցեալի խեղաթիւրումը եւ ազգային յիշողութեան պատկերների վրայ ցեխարձակումը մահապատժի ենթակայ արարքներ են, որոնք ուշ կամ շուտ հասնելու են իրենց արժանի կործանմանը: Ազգի պատիւը, ժողովրդի սեփական զգացումները, այլազգիների բազարներում, մանրավաճառների սփռոցների վրայ վաճառքի դրւող իրեր չեն…:
Եկեղեցին ազգային ինքնութեան ամբողջապէս պաշտպանութեան խրամատն է, որտեղ «Մայիսեան վարդ»-երը այնքան առատօրէն են աճում, ու իրենց բոյրով հմայում սերունդներին: Վարդանանց բանակին զօրակցող Ղեւոնդ Երէցը, եւ ժամանակակից Մայիս 28-եան նոյն տարազով յայտնւած Գարեգին Ա Կթղ. Յովսէփեանը, գոռալու են իրենց գերեզմաններից…:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 5, մայիսի 2026 թ.)



