Ատրպատականի հայոց թեմում գոհաբանական մաղթանք Մայիս 28-եան անկախութեան տօնի

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, 31 մայիս 2026-ի առաւօտեան մատուցւած Սուրբ Պատարագով եւ Հայաստանի Հանրապետութեան նւիրւած Գոհաբանական մաղթանքով բացումը կատարւեց Հայաստանի անկախութեան 108-ամեակի առիթով թեմում տեղի ունենալիք տօնակատարութեանց: Ուրմիայում, Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց Սուրբ Պատարագ եւ կատարւեց Գոհաբանական մաղթանք, աղօթելու Հայաստանի Հանրապետութեան անսասանութեան համար:
Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած պատարագով եւ Գոհաբանական մաղթանքով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը բոլոր հաւատացեալներին ուղղեց իր պատգամը, Հայրենիքի ներկայ Ազգային ժողովի ընտրական օրերին, երբ հայրենի եւ սփիւռքի տարածքի մեր ժողովրդի զաւակները ապագայ մտահոգութեան ապրումներով են ծանրաբեռնւած:
Գոհաբանական Մաղթանքը տեղի ունեցաւ «Հայր Մեր»-ից առաջ, որը Հայաստանի Խորհրդայնացումից յետոյ էր խմբագրւել Հոգելոյս Տ. Թորգոմ Պատրիարք Գուշակեանի կողմից եւ ապա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերում ամէն տարւայ Մայիսի 28-ի մերձաւոր Կիրակիին կատարւել յընթացս սուրբ եւ անմահ պատարագի:
Մաղթանքի ողոգական աղօթքները, սաղմոսներն ու շարականները աղերս են մատուցում առ Աստւած, մեր ազգին վերստին պարգեււած անկախութիւնը լինի անսասան:
Ուրմիայում սուրբ պատարագը մատոյց՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:
Առաջնորդական իր պատգամը տալուց, առաջնորդ Սրբազանը յուսադրեց ժողովրդի հաւատացեալ զաւակներին՝ յուսով նայել ապագային, միշտ ապաւինելով Աստծու անխորտակելի զօրութեանը:
Սրբազան հայրը անդրադառնալով անկախութեան 108-ամեայ ճանապարհին, խօսեց հայրենիքի համար նահատակւած զոհերի անմեռ յիշատակի մասին. «Նահատակները երկրորդ կեանքով հաղորդակից են լինում իրենց ազգակիցների հետ: Նրանք ոչ միայն իրենց ծնողների սեղմ շրջապատում են ապրում, այլեւ համայն ազգի զաւակների սրտին զօրութիւն են տալիս: Դրա համար ենք ասում, որ Նահատակները մեռած էակներ չեն, այլ հոգեւին ապրող»,- ասաց Սրբազանը:
Գոհաբանական Մաղթանքի ընթացքում, Հ.Մ.Ա.Կ.ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաւուտական կազմի խմբապետները կարգապահ շարքերով կանգնել էին Ս. բեմի առջեւ: Առաջնորդ Սրբազանը գնահատանեց նաեւ Թեմի սկաւուտական կազմերի գործունէութիւնը, մաղթելով որ նրանց կազմակերպ ու համադրեալ դրութիւնը օրինակ հանդիսանայ ազգային բոլոր կառոյցներին:
Օրւայ հոգեպարար արարողութեան առիթով իր արտասանած քարոզում, Սրբազանը շնորհաւորական խօսք ուղղեց, Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսին, որի անւանակոչութեան տօնն է Մայիս 28-եան յիշատակը, երբ դրա հիմնադիր Արամ Մանուկեանի յիշատակին էր վերանւանւել նա Արամ անունով:
Օրհնութեան կարգի աւարտին, ըստ կանոնի երգւեց Հայաստանի Հանրապետութեան քայլերգ՝ «Մեր Հայրենիք»-ը: Թաւրիզում դա կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում՝ «Նարեկացի» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ Էլիզա Սարհադեանի:
Սուրբ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, հոգիների համար Բիւրաւոր այն նահատակների, որոնք 1918 թւականին, Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ու այլ ճակատամարտների ընթացքում զոհւեցին, ի սէր հայրենիքի անկախութեան:
Հայաստանի անկախութեան նկատմամբ մեր աւելի քան հարիւրամեայ հաւատքի երթին մասնակից դարձած եւ մեր հայրենիքի նկատմամբ ունեցած յաւերժական սէրը բազմապատկած, հաւատացեալները վերադարձան իրենց բնակարանները ե՛ւ Թաւրիզում, ե՛ւ Ուրմիայում:







