ԹեհրանՀամայնք

Հ. Մ. « Սարադարապատ» միութիւնը նշեց Տօների տօն փառապանձ Մայիս 28-ը

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախաձեռնութեամբ մայիս 26-ին Ս. Վարդանանց եկեղեցու սրահում մեծ շուքով նշւեց եւ տօնակատարւեց տօների տօն Հայաստանի Առաջին Հանրապետութեան տօնակատարութիւնը՝ Մայիս 28-ը:

Ծրագրին հրաւիրւած էին «Ալիք» հաստատութեան, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, քոյր միութիւնների ներկայացուցիչներ, ազգայիններ եւ միութենականներ:

Ծրագիրը իր բովանդակութեամբ բաժանւած էր մի քանի բաժինների՝

Առաջին բաժնում ներկայացւեց միութեան հիմնադիր անդամներից Գուրգէն Քարամեանի բեմականացւած Հայաստանի սկսեալ պատմական թագաւորութիւններից, 1918 թ. Մայիս 28-ի Հայաստանի Առաջին Հանրապետութեան, մինչեւ 1991 թ. սեպտեմբերի 21-ը, ռադիօ բեմադրութիւնը, որը ներկայացրեցին միութեան երիտասարդական խմբի անդամները:

Երկրորդ բաժնում բարի գալստեան խօսքով եւ հանդիսաւարութեամբ ելոյթ ունեցաւ յանձնախմբի անդամուհի Իւետ Մատթէոսեանը, ով իր խօսքերում նշեց. «Այսօր մենք հաւաքւել ենք Հ. Մ. «Սարդարապատ» միութեան այս յարկի տակ ոչ թէ պարզապէս պատմական մի էջ թերթելու, այլ խոնհարւելու մեր ազգային յարութեան խորհրդի առաջ: Մայիս 28-ը մեր պատմութեան լուսամատեանի այն էջն է, որտեղ հայի կամքը գրւեց արեամբ ու հաստատւեց ոգու անմահութեամբ»: Ապա հրաւիրւեց օրւայ բանախօս Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ով իր ելոյթը սկսեց Յովհաննէս Քաջազնունու խօսքերով՝ «Մայիս 28-ը մեր պատմութեան ամենամեծ տօնն է, հեռու չէ այն օրը երբ Մայիս 28-ը կը տօնւի իբրեւ համազգային անհերքելի ամենամեծ տօն եւ ամէն հայ երկիւղածօրէն պէտք է խոնհարւի այդ տօնի առջեւ»: Նա շարունակելով իր խօսքերը, նշեց, որ երբ այսօր Հայաստանը եւ ամբողջ հայութիւնը կանգնած են քաղաքական բարդ եւ հոգեբանական ծանր վիճակի, առաջ Մայիս 28-ի պատգամը առաւել արդիական է եւ պիտի դառնայ քան երբեւէ: Մայիս 28-ը մեզ յիշեցնում է, որ նոյնիսկ ամենամութ ժամանակներում էլ հայ ժողովուրդը կարողացել է վերածնւել:

Բանախօսի համապարփակ խօսքից յետոյ հրաւիրւեց միութեան հիմնադիրներից եւ ներկայիս վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը, ով ողջունելով հիւրերի ներկայութիւնը գնահատեց միջոցառումը եւ կազմակերպիչ յանձնախմբին: Նա նշեց, որ Մայսի 28-ը մի հրաշք էր, երբ թւում էր թէ հայոց աշխարհը մահամերձ, ՀՅԴ-ն դարձաւ այն պողպատեայ սիւնը, որի շուրջ համախմբւեց հայութեան բեկորների լոյսը: Դաշնակցութիւնն էր այն մղիչ ուժը, որը ջարդւած բազուկներին վերադարձրեց սուրը իսկ յուսհատ սրտերին դիմադրութեան անկախութան տեսիլքը: Փառք ու պատիւ Մայիս 28 կերտողներին:

Գեղարւեստական բաժնում ասմունքներով հանդէս եկան Վանէ Մակարեանը եւ Արթին Մովսիսեանը, ծրագրի երրորդ բաժինը շարունակւեց յեղափոխական երգերի շարանով, Հարմիկ Մովսիսեանի կատարմամբ, իսկ ընթրիքի սեղանապետ հրաւիրւեց Ֆրէդ Մաւաթեանը, ով նաեւ երգեց ազգային երգեր:

Հիւրերը սրահը թողեցին մեծ բաւարարւածութեամբ եւ Մայիս 28-ի ոգեշնչութեամբ:

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Հանրային կապ

Ժասմենա Ա.

Related Articles

Back to top button