
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Թեհրանում նորաբաց «Մարիամ Աստւածածին» մետրոկայանը վերջին շրջանում բազմիցս յայտնւել է մամուլի ուշադրութեան կենտրոնում։
Կայարանը տեղակայւած է Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանութեամբ, եւ հէնց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել նման անւանակոչութեան համար։
Վերջին օրերին սակայն քննարկումների թեմա է դարձել մետրոկայանի միջանցքներից մէկը, որտեղ՝ ելք եւ մուտք ապահովող հիմնական դալանի պատերին, տեղադրւել են Իրան-Իրաք պատերազմի ասորական համայնքի նահատակների լուսանկարները։ Թէեւ նման յիշատակի անկիւնների առկայութիւնը հանրային վայրերում արժէքաւոր ու գնահատելի քայլ է, այնուամենայնիւ որոշ շրջանակներում մտահոգութիւն է առաջացել, որ իրանահայ համայնքի բազմաթիւ նահատակները, որոնք թւով անհամեմատ աւելի շատ են, կարող են մնալ ուշադրութիւնից դուրս։
Բացի այդ, հաշւի առնելով, որ «Մարիամ Աստւածածին» անւանումով, քրիստոնէական խորհրդանիշներով հագեցած այս կայարանը ընկալւում է որպէս քրիստոնեայ համայնքների ներկայացուցչական վայր, որոշ քաղաքացիների մօտ կարող է տպաւորութիւն ստեղծւել, թէ այն առաւելապէս ասորի համայնքին է վերապահւել։
Միաժամանակ պէտք է նշել, որ Իրանում ոչ բոլորն են տարբերում հայկական եւ ընդհանրապէս քրիստոնէական տարբեր համայնքների առանձնայատկութիւնները, ինչն էլ երբեմն յանգեցնում է անկողմնակալ, բայց միամիտ սխալների՝ լաւ մտադրութեամբ իրականացւած նախագծերում։
Արա Շահվերդեան. «Խնդիրը փոխանցւել է համապատասխան մարմիններին»
Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Ալիք»-ի լրագրողը կապ հաստատեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ։
Պատգամաւորն իր հերթին տեղեկացրեց, որ նոյն հարցով արդէն քննարկում է ունեցել Թեհրանի նահատակների հիմնադրամի պատասխանատուների հետ։

Արա Շահվերդեանի փոխանցմամբ՝ պատասխանատուները խոստացել են ուսումնասիրել խնդիրը, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ առաջիկայում յայտնել արդիւնքների մասին։
Հաշւի առնելով, որ մետրոպոլիտենը քաղաքապետարանի ենթակայութեամբ գործող կառոյցներից է, փորձեցինք կապ հաստատել նաեւ քաղաքապետարանի համապատասխան մարմինների հետ։ Սակայն մեր առաջին փորձն առայժմ արդիւնք չի տւել։ Խնդրի վերաբերեալ «Ալիք»-ի լրատւութիւնը մնում է մեր օրակարգում։
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ



