Սրբութիւնը՝ գովազդային սրամտութեան առարկայ
«Վերջին ընթրիք»-ի շուրջ դժգոհութիւն Իրանում

Իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ ընկերութիւնը ներողութիւն է խնդրել Իրանահայ համայնքից
ՀԱՏԻՍ
Իրանական արտադրող ընկերութիւններից մէկի գովազդային հոլովակում Լէոնարդօ դա Վինչիի «Վերջին ընթրիք»-ի զաւեշտական կիրառումը դժգոհութեան ալիք է բարձրացրել իրանահայ համայնքում՝ նորից օրակարգ բերելով կրօնական սրբութիւնների սահմանների եւ հանրային պատասխանատւութեան հարցը։
Խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների միջամտութիւնից յետոյ գովազդատուն ներողութիւն է խնդրել եւ խոստացել դադարեցնել հոլովակի հրապարակումը։
Սկզբում արբանեակային հեռուստաալիքներից մէկով, ապա նաեւ տեղական iFilm ցանցով տարածւած հոլովակում իրանական արտադրողներից մէկը զաւեշտական-սրամիտ լուծմամբ օգտագործել է հանրայայտ «Վերջին ընթրիք»-ը՝ այն ծառայեցնելով սեփական արտադրանքի ներկայացմանը։
Հոլովակը, սակայն, դժգոհութիւն է առաջացրել իրանահայ համայնքում՝ ընկալւելով որպէս քրիստոնէական սրբութեան նկատմամբ անհարկի վերաբերմունք։

Իրանի խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Գեղարդ Մանսուրեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշել են, որ համայնքի դժգոհութիւնը լիովին հիմնաւոր է։ Նրանց գնահատմամբ՝ խնդիրը միայն անյաջող գովազդային հնարքի մասին չէ, այլ՝ կրօնական համայնքների հաւատամքային զգացմունքների նկատմամբ սահմանների պահպանման։
Պատգամաւորների փոխանցմամբ՝ յատկապէս Գեղարդ Մանսուրեանի հետեւողական ջանքերով համատեղ բողոքի նոտա է յղւել թէ՛ «սպահանահայութեան հետ իրեն բարեկամ համարող» գովազդատու ընկերութեանը, թէ՛ հոլովակը պատրաստած ստեղծագործական խմբին՝ ընդգծելով, որ քրիստոնէական սրբութիւնների հետ նման վերաբերմունքը անընդունելի է։
Բարձրաձայնումից անմիջապէս յետոյ գովազդատու ընկերութիւնը կապ է հաստատել եւ ներողութիւն խնդրել հայ համայնքից՝ նշելով, որ խորապէս յարգում է իրանահայութեանը եւ ափսոսում կատարւած սխալի համար։ Նոյնպէս է վարւել նաեւ հոլովակի ստեղծագործական խումբը։
Պատգամաւորների տեղեկացմամբ՝ գովազդային հոլովակն արդէն վերանայւել է, իսկ ընկերութիւնը խոստացել է դադարեցնել դրա հրապարակումը։
Թէեւ առաջին հայեացքից հարցը կարող է չդիտարկւել որպէս բացայայտ սրբապղծութիւն, մասնագէտների դիտարկմամբ խնդիրն աւելի խորքային է։ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում արւեստաբան-դասախօսներից մէկը նկատել է, որ սրբութեան սահմանների ընկալումը փոխւում է, երբ ակնյայտ է դառնում՝ նոյնատիպ «կատակ» դժւար թէ հնարաւոր լինէր կիրառել այլ կրօնական աւանդոյթի պետականօրէն զգայուն սրբապատկերների պարագայում։



