ԹեհրանՀամայնք

Արծաթապատ գորգանախշ պատկերատախտակի հանդիսաւոր շնորհանդէսը

«ԱԼԻՔ» – Ձեռարւեստի Համաշխարհային օրւայ կապակցութեամբ յունիսի 17-ին,  «Արտակ Մանուկեան» թանգարանում, տեղի ունեցաւ բացառիկ մշակութային իրադարձութիւն՝ առաջին արծաթապատ գորգանախշ պատկերատախտակի հանդիսաւոր ցուցադրութիւնը, որն ստեղծւել է գորգի ոճով՝ հայկական զարդանախշերով եւ խորհրդանշական պատկերամոտիւներով։

Եզակի ստեղծագործութեան նախաձեռնողն է Առլէն Ստեփանեանը, որը այն նւիրել է իր զոհւած դուստրեր Նայիրի եւ Շողեր Ստեփանեանների անմեռ յիշատակին: Նրանք զոհւեցին 2009 թւականի յուլիսի 15-ին Թեհրան-Երեւան աւիավթարի հետեւանքով։

Արծաթից պատրաստւած պատկերատախտակի պատրաստման աշխատանքներն իրականացրել են Արմէն Վարթինը եւ իր տիկինը Յասմիկ Աւանէսեանը։

Մինաքարի նրբագեղ եւ բարձրարժէք աշխատանքը կատարել է «Ռահիմ»-ի արւեստի տունը՝ տէր եւ տիկին Ռահիմիների մասնակցութեամբ։

Միջոցառումը դարձաւ Հայ մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ աւանդական զարդարւեստի արժեւորման առիթ՝ մէկտեղելով արւեստասէրներին ու մշակութային գործիչներին։

Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանը, անդրադառնալով թանգարանի աշխատանքների մասին եւ կազմակերպւած միջոցառման վերաբերեալ, իր խօսքը փոխանցեց Իրանում ԻԿՕՄ-ի ներկայացուցիչ Մոհիթ Թաբաթաբային անդրադառնալով հայ-իրանական մշակութային ընդհանրութիւններին, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի վարչութեան  անունից խօսք փոխանցեց Իռէն Աբնուսեանը նշելով, որ ստեղծագործութիւնը, ոչ միայն մի արծաթեայ հրաշալի ցուցատախտակ է, այլ մի հօր անաւարտ սիրոյ արտացոլողը հանդէպ իր դուստրերի, որոնք միացել են յաւերժութեանը եւ այն ներկայացւել է արւեստի ամենագեղեցիկ դրսեւորմամբ:

Ներկաներին իր խօսքը փոխանցեց Առլէն Ստեփանեանը ընդգծելով, որ այս արծաթեայ ցուցատախտակը կրկնօրինակւել է այն գորգից, որը 2023 թւականի յուլիսի 15-ին ի յիշատակ Շողեր եւ Նայիրի Ստեփանեանների նւիրւել է Երեւանի արւեստի թանգարանին:

Միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ եւ իրանցի արւեստագէտներ:

Related Articles

Back to top button