Տարին բացեցինք աշխարհի Փրկչի Սուրբ Ծննդեան աւետիսով, առաջին հերթին ինքնամխիթարութեան ամենալայն ու ամենահզօր ալիքը ուղարկելով, կեանքի ծովափում նաւարկող մեր ազգակիցներին:
Աշխարհի պատմութեան ընթացքում եղե՞լ է արդեօք մի ժամանակ, երբ մարդը ազատ է եղել տառապանքից, տագնապից եւ պատերազմական անապահով դրութիւնից…: Ամենեւին…:
Աստւածատուր ազատութիւնը, եւ կենդանական աշխարհից մարդ էակի մեծ տարբերութիւնը՝ դրանց բնազդային իրավիճակից, մարդուն դարձրել է տէրը այս աշխարհի: Սոյն իշխանութիւնը սակայն, ազատութեամբ քօղարկւած, նրան դարձրել է տէրը նաեւ իր նմանին՝ մարդուն, նրան եւս ենթարկելով սեփական կամքին, ու նոյնիսկ ժխտական ծրագրերին:
Հին Ուխտի էջերում յիշւած մարգարէները չկարողացան ամբողջացնել այն պատգամը, որը երկնառաք խօսքն էր Աստուծոյ, վերաստեղծելու համար մարդը, եւ հոգեպէս բարեզարդելու նրան:
Աստծու միածին Որդու աշխարհ առաքումը անհրաժեշտ էր, որը տեղի ունեցաւ ամենահամեստ պայմաններում, Սբ. Կոյսի անարատ յղացմամբ եւ սուրբ ծնունդով:
Այո՛, արմատաւոր ծնունդ էր այս, հին ժամանակների այն մարդկանց փափագին ի պատասխան, որոնք օրն ի բուն աղօթք էին մատուցում առ բարձրեալն Աստւած, որպէսզի իր ստեղծած մարդկութեանը խնայի եւ փրկի՛ նրանց, աշխարհի կործանարար ալեկոծումներից:
Աստւածային բազմադարեայ պատգամների պսակումն էր կատարւում այս միջոցով, երբ աստւածահիմն արմատների վերընձիւղմամբ, նոր ժամանակների վերածաղկումն էր կատարւում, Աստւածորդու աշխարհ առաքմամբ, սուրբ ծննդեան իրականացմամբ: Ոչխարների հօտի ախոռում այս կեանքին իր աչքերը բացող Աստւածորդին, անհաշիւ տարիների խոր արմատներ ունէր, որոնց փայլը յայտնւեց երկնակամարում, գիսաւոր աստղի միջոցով:
Ժամանակն է փրկարար, որը ղեկավարւում է աստւածային սուրբ Աջով, եւ փրկութեան առաջնորդում գիտակից մարդկութեանը: Իրենց սեփական անձի իմաստութեան, հաւաքական խմբերի կեանքը տնօրինող կազմակերպութիւնների հնարաւորութիւններին, նիւթական միջոցների շահարկմանը եւ միայն նման կերպերի գործունէութեան ապաւինողը, անպայման մի օր ձախողութեան վկայագիր է ստանալու, որը սեւ շրջանակում հրատարակւելու է, իր ժամանակի պատմագրքի էջերում:
Յոյսի ալիքը միշտ շարժման մէջ է դնում մարդկային ցեղի պատմութիւնը:
Նոր Ուխտի պատմութեան սկզբնաւորութիւնը, Յիսուսի սուրբծննդեամբ օծուն երաշխիք է նոր ժամանակների կերտմանն ու հզօրացմանը:
Մեր հաւաքական կեանքը շարունակելու է իր ծաղկունքն ապրել նորածին Արքայի հանդէպ ունեցած հաւատքով, եւ ազգային այս սիրով, որը մթնշաղով պատւած կեանքի երկինքը լուսաւորելու է նոր լոյսով:
Արդէն իսկ լրացաւ մեր ամսաթերթի 19-րդ տարին, եւ թեւակոխում ենք դրա 20-ամեակը:
Օրաթերթերն ու ամսագրերը տւեալ երկրի, ազգի, կազմակերպութեան կամ միութենական կառոյցի յետագայ պատմութեան աղբիւր են հանդիսանալու, անցեալում պատահած դէպքերի մասին նոր սերունդների իմացութեանը, կրթութեանը եւ դաստիարակութեանը նպաստելով:
Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան առիթով երկար ամեակներ ենք մաղթում մեր «Արտազ»-ին, որպէսզի շարունակի հայելին հանդիսանալ Ատրպատականի հայոց մեր թեմի կեանքին ու առաքելութեանը:
Թող մշտանորոգ աշխատանքներից չյոգնի մեր թեմը, 2025 տարում:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 1, յունւարի 2025 թ.)