ԹեհրանՀամայնք

Կրթական նախաձեռնութիւն՝ ուղղւած մասնագիտական կատարելագործմանը

Յունիսի 2-ին «Թունեան-Թովմասեան» դպրոցում կազմակերպւեց մասնագիտական հանդիպում, որին մասնակցեցին հայկական բոլոր դպրոցների փոխտեսուչները եւ հայոց լեզու, գրականութիւն դասաւանդող ուսուցիչները։

Կրթական խորհրդի եւ դոկտ. Անահիտ Զարգարեանի կողմից կազմակերպւած ծրագիրը միտւած էր ուսուցիչների մասնագիտական աճին եւ կատարելագործմանը։

Համոզւած լինելով, որ ուսուցչի յաջողութիւնը կախւած է ոչ միայն գիտելիքների խորութիւնից, այլեւ դրանք գրագէտ ու համոզիչ ներկայացնելու կարողութիւնից, բոլորին յանձնարարւել էր կատարել կատարելագործման աշխատանքներ։ Այս նպատակով հայերէնի ուսուցիչները ուսումնասիրել էին մասնագիտական թեմատիկ տեսանիւթեր, իսկ դպրոցների փոխտեսուչները՝ պարսկերէն լեզւով մասնագիտական գրականութիւն։

Շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց գրւած եզրայանգումները։ Քննարկւող նիւթերից էին՝ Դպրոցների կառավարումը տարբեր իրավիճակներում, Դասի կառավարման ժամանակակից ոճերը, Ժամանակի ճիշտ բաշխումը, Աշակերտների ներգրաւումն ու համագործակցութիւնը, Դասարանի վարքագծի կառավարման նոր մօտեցումները եւ այլն։

Իրենց ուսումնասիրութիւնների արդիւնքները եւ եզրայանգումները ներկայացրին.«Նայիրի» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Ալենուշ Յովսէփեանը, «Շանթ» դպրոցի ուսուցչուհիներ՝ Նարինէ Ղարիբեանն ու Լուսինէ Նազարեանը «Արաքս» դպրոցի ուսուցչուհի՝ Թալին Գալստեանը։

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը։ Իր ելոյթում նա արժեւորեց մասնակիցների ցուցաբերած նւիրումն ու աշխատասիրութիւնը՝ ընդգծելով, որ նմանատիպ ինքնակրթական նախաձեռնութիւնները հիմնարար նշանակութիւն ունեն կրթական պրոցեսի արդիականացման եւ որակի բարձրացման համար։ Նա յորդորեց բոլորին շարունակել զարգացնել իրենց մասնագիտական հմտութիւնները, քանի որ ուսուցչի մշտական ինքնակատարելագործումը հէնց աշակերտների յաջողութեան երաշխաւորն է։

Որպէս խրախուսանք, Կրթական խորհրդի կողմից բոլոր ելոյթ ունեցողներին շնորհւեցին վկայագրեր։

Դոկտ. Զարգարեանի խօսքով՝ միւս ուսուցիչներն ու փոխտեսուչները եւս կը ներկայացնեն իրենց եզրակացութիւնները առաջիկայ հանդիպումների ժամանակ։

Հանդիպման աւարտին բոլոր մասնակիցներին տրւեցին նոր մասնագիտական յանձնարարականներ եւ գրականութիւն, որոնք նպատակ ունեն խթանել ինքնակրթութիւնը, հմտութիւնների զարգացումը եւ դասապրոցեսում նորարարական մեթոդների կիրառումը։

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button