ԱտրպատականՀամայնք

Ս. Թադէի Վանքի ուխտագնացութեան կազմակերպման հանդիպում Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հայ եկեղեցու առաջին սրբավայր եւ Ս. Թադէոս Առաքեալի արեամբ օծուն Ս. Թադէի վանքի 72-րդ ուխտագնացութիւնը Աստծու հրամանով, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական արտօնութեամբ, եւ համադրելով Իրանի Իսլամական Հանրապետութեան Ատրպատականի նահանգապետարանի հետ, թեմիս առաջնորդ Սրբազանը՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի հետ համակարգեց մեծանուն սրբավայրի Ուխտագնացութեան թւականը, որը տեղի է ունենալու 16-18 յուլիս 2026-ին, հնաբոյր Արտազ գաւառում:

Օգտւելով աստւածատուր խաղաղութեան ընձեռած առիթից, Թեմական խորհուրդը անմիջապէս ձեռնարկեց ճիշտ օրացուցային թւականին կազմակերպել տարեկան ուխտագնացութիւնը, շքեղ կատարելութեամբ:

Ատրպատականի հետ միասին, Իրանի մնացեալ երկու Թեմերից՝ Թեհրանից եւ Սպահանից դէպի Ս. Թադէի վանք ուխտի մասնակցողներից բացի, Մայր հայրենիքից մեծաթիւ ուխտաւորներ են մասնակցելու սոյն տարւայ ուխտագնացութեանը, Ս. Թադէոսի եւ Ս. Սանդուխտի բարեխօսութիւնը հայցելու:

Գրիգոր Սրբազանը իր հայրական օրհնութեամբ քաջալերանքի խօսքով բացումը կատարեց, երկուշաբթի 21 յունիս 2026-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Թաւրիզի Ազգային Առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, Ատրպատականի հայոց թեմի բոլոր կազմակերպութիւնների ու միութիւնների համերաշխ, ու գործնական մասնակցութեան ուխտը գնահատելով:

Թեմական խորհրդի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, յստակօրէն բացատրեցին աշխատանքային գործընթացը, վստահեցնելով բոլոր միութիւններին համապատասխան օժանդակութեան գործօն մասնակցութիւնը հարկ եղած հնարաւորութիւնների մատուցմամբ:

Տեղի ունեցաւ հաւաքական ձեռնարկների եւ աշխատանքների բաժանում. Գործնական աշխատանքների առաւել դասաւորման համար, Վանքերի Ուխտագնացութեան  յանձնախումբը  երկրորդ  նիստով  շարունակեց  իր  հանդիպումը Թեմական խորհրդի հետ, մանրամասնօրէն քննարկելով աշխատանքային գործնական քայլերը, յատկապէս ուխտաւոր ժողովրդին ընծայելու լաւագոյն ծառայութիւնը:

Սրբազան հայրը երկու հանդիպումների ընթացքում հովանաւոր հանդիսացաւ բոլոր ծրագրերին, եւ օրհնեց երիտասարդութիւնը, որ ուխտագնացութեան օրերի ընթացքում ստանձնելու էր կարգապահական՝ գիշեր ու ցերեկ երկարող ամենադժւարին աշխատանքը:

Հանդիպումը աւարտւեց գործերի յստակ բաժանումով, եւ նւիրեալ կամաւորների կողմից դրանց ստանձնումով:

Related Articles

Back to top button