ԹեհրանՀամայնք

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ՝ Մշակութային ծրագիր նւիրւած Սրբոց Թարգմանչաց տօնին

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի հայոց թեմում հայկական մշակոյթին եւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառումները չեն սահմանափակւում միայն մի քանի օրերի շրջանակում, որը ապացուցում է միութիւնների անխոնջ աշխատանքը հայ նոր սերնդի մօտ վառ պահելու հայկական բազմաոլորտ մշակոյթը:

Այս անհրաժեշտութիւնից ելնելով Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով երէկ՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» դահլիճում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր նախաձեռնութեամբ միութեան Կենտրոնական վարչութեան։ Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման բացման խօսքով եւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Ժաքլին Չհամահալին կարեւորելով հայ երգի ու արւեստի անհրաժեշտութիւնը հայ ժողովրդի գոյապայքարի ընթացքում: Նա նշեց. «Հայ երգը մեծ նշանակութիւն ունի ազգային միասնականութեան պահպանման գործում: Տարբեր ժամանակաշրջաններում յատկապէս դժւար տարիներին, երգը դարձել է ոյժի, յոյսի եւ տոկունութեան աղբիւր: Այն կարողացել է համախմբել մարդկանց եւ պահպանել ազգային ոգին, նոյնիսկ ամենաբարդ պայմաններում»: Օրւայ հաղորդավարը նաեւ յարգանքի տուրք մատուցեց միութենական եւ «Ուրարտու» երգչախմբի վաստակաւոր անդամուհի, նորոգ հանգուցեալ Վիոլեթ Աշուղաբեդի յիշատակին:

Միջոցառումը յագեցած էր բանախօսութեամբ: Օրւայ բանախօս էր հրաւիրւել հոգեբան Մարիեթ Իսկանդարեանը: Իր ելոյթի ընթացքում բանախօսը անդրադարձաւ հոգեբանութեան եւ հայ ժողովրդի մշակութային ընկալման մասին նշելով. «Հայ ժողովրդի հոգեբանական առանձնայատկութիւնները հասկանալու համար կարեւոր է ուսումնասիրել նաեւ նրա պատմութիւնը եւ հասարակական կեանքը: Այսօր երաժշտութիւնը, պարը, գրականութիւնը, հումորը, ընտանեկան կապերը եւ համայնքային համախմբւածութիւնը կարող են ծառայել բոլորը որպէս հոգեբանական աջակցութեան աղբիւրներ»:

Ծրագրի գեղարւեստական յայտագրի սկզբում նախ համապարփակ գծերով անդրադարձ կատարւեց «Ուրարտու» երգչախմբի անցած ուղուն եւ մինչ այսօր ունեցած խմբավարներին, որից յետոյ բեմ բարձրացաւ երգչախումբը խմբավարութեամբ Սերժիկ Միրզայեանի, ով նաեւ համարւում է խմբի դաշնակահարը: Խումբը կատարեց ազգային-ազգագրական երգերի շարան: Իսկ մեներգերով նաեւ հանդէս եկան խմբի անդամները:

Գեղարւեստական յայտագրի այլ բաժնում հայկական առանձին պարերով հանդէս եկան միութեան յարկի տակ աշխատանք տանող «Կակաչ» պարախմբի սաները ղեկավարութեամբ Արուս Սարգսեան (Աւագեանի), իսկ բեմադրիչ, պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեան եւ «Ակունք» պարային համոյթի սաները գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեան:

Յայտագրի այլ բաժնում ասմունքային կատարումով հանդէս եկան միութեան «Լուսաբեր» ասմունքի խմբի սաները ղեկավարութեամբ Անժէլ Մինասեանի:

Աւարտին բեմ հրաւիրւեց Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը փոխանցելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյնները: Իր խօսքի ընթացքում քահանայ հայրը կարեւորեց նոր սերնդի մօտ հայոց գիր ու գրականութեան տարածման անհրաժեշտութիւնը: Նա անդրադառնալով մեր ազգային արժէքներին կառչած մնալու անհրաժեշտութեանը կարեւորեց հայ ժողովրդի դիմաց ծառացած նոր մարտահրաւէրներին դիմագրաւելու համար կառչած մնալ հայոց լեզւին, գրականութեանը, պատմութեանը եւ մշակոյթին, որով ոչ ոք չի կարող հայ հոգուց ու մտքից հանել մեր ժողովրդի համար կարեւորագոյն արժէքներ հանդիսացող «Արարատ» լեռը, Արցախը եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հայ ժողովրդի անխափան հաւատքը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ժորժ Հայրապետեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ ու հրաւիրեալներ:

Աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Related Articles

Back to top button