ԹեհրանՀամայնք

Իրանահայ Գրողների միութիւնը յարգանքի տուրք է մատուցել Թորգոմ Տէր-Յակոբեանի յիշատակին՝  Մշակոյթի տօնի առիթով

Իրանահայ Գրողների միութեան վարչութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ, հոկտեմբերի 9-ին, ժամը 17:30-ին, «Ռոստոմ» համալիրի սրահում, տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Մշակոյթի օրւան եւ ԻԳՄ վարչութեան նորոգ հանգուցեալ նախագահ՝ Թորգոմ Տէր-Յակոբեանի յիշատակին:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Ժորժ Հայրապետեանը, արժանապատիւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց Խաչատրեանը, Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը, «Ռոստոմ» համալիրում գործող միութիւնների ներկայացուցիչները եւ Գրողների միութեան անդամ-ուհիները:

Ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով՝ ներկաների միաձայն մասնկցութեամբ: Ապա բացման խօսքով վարչութեան նորընտիր նախագահ՝ Յովիկ Մինասեանը ողջունեց ներկաներին եւ շնորհաւորեց Մշակոյթի տօնը, մաղթելով նորանոր յաջողութիւններ մշակոյթի գործիչներին: Յ. Մինասեանը իր խօսքն աւարտեց ակնարկելով Թորգոմ Տէր-Յակոբեանի անվերապահ ազգային-հասարակական գործունէութեանը: Այնուհետեւ օրւայ բանախօս՝ Լորեթա Ղեւոնդեանը բովանդակալից խօսեց օրւայ կապակցութեամբ նշելով՝ «Մշակոյթը ազգի ու երկրի ամբողջականութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է, որով ձեւաւորւում է ազգային ինքնագիտակցութիւնն ու պահպանելով այն, գոյատեւում է ազգը: Բազմաշերտ հայկական մշակոյթը, իր գունագեղ ճիւղերով, սկիզբ է առել հայ ազգի կազմաւորումից եւ պատմական հանգամանքների բերումով կազմաւորւել ու զարգացել է, ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ՝ սփիւռքում: 5-րդ դարը, որպէս ոսկեդար, կերտել է հայ ազգի պատմութեան եւ մշակոյթի բիւրեղէն ուղին եւ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը դասւելով սրբերի շարքին, հայ ժողովրդի պատմութիւնը յաւերժացնող ռահվիրաներն են: 21-րդ դարում, ազգային մշակոյթը պահպանելու եւ զարգացնելու բանալին՝ նրա նոր ձեւով ներկայացման եւ ստեղծագործաբար ապրելու մէջ է, որը հնարաւորութիւն է տալիս, հին արժէքները ապրեն նոր ժամանակներում՝ առանց կորցնելու իրենց խորքային իմաստը»:

Միջոցառման յաջորդ բաժնում, ընթերցւեց Հայաստանի Գրողների միութեան ուղերձը՝ Թորգոմ Տէր-Յակոբեանի յիշատակին, որտեղ բարձր էր գնահատւել իրանահայ գրող-անդամ ի գրական-գեղարւեստական գրիչը:

Օրւայ առիթով արտայայտւելու հրաւիրւեց, դկտր. Արա Շահվերդեանը, ով մշակոյթի օրւայ մասին յաւուր պատշաճին նշելով, անդրադարձաւ նաեւ Թորգոմ Տէր-Յակոբեանին, եւ գնահատեց նրա ազգային նւիրւածութիւնը, պարտաճանաչութիւնը եւ մասնագիտական ընթացքը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում Եօլանդա Մանսուրեանը մեներգեց «Հայոց Տառեր» երգը, իսկ Փոլէթ Վլադիքան, Այլին Իսայեանը, Եօլանդա Մանսուրեանը եւ Գեղարդ Իսայեանսը խմբերգով կատարեցին «Ով հայոց աշխարհ», «Երեւան» եւ «Հայաստան» երգերը: Գեղարւեստական բաժնին զուգընթաց Աշխէն Եղիայեանը ընթերցեց Թորգոմ Տէր-Յակոբեանի կենսագրականը եւ նրա գրչին պատկանող «Վերածնունդ» բանաստեղծութիւնը: Նաեւ Իրինա Մանսուրեանը ներկայացրեց հանգուցեալի ստեղծագործութիւններից՝ «Նախերգանք», «Օրհներգ», «Մարզաւանի Ոգիները», «Հայոց Եղեռն» եւ «Վերջաբան»-ը:

Ձեռնարկի վերջին բաժնում ներկաները ունկնդրեցին հետաքրքիր յուշապատումներ Թորգոմ Տէր-Յակոբեանի մասին, նրա անմիջական բարեկամ՝ Սուրէն Շահբազեանից եւ միութենականներ՝ Էդւարդ Յարութիւնեանից, բանաստեղծ՝ Վարանդից եւ Էդիկ Ղահրամանեանից:

Ծրագրի աւարտին ներկաները հիւրասիրւեցին համեստ թէյասեղանով:

Իրանահայ Գրողների Միութիւն

Related Articles

Back to top button