«Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են յայտնի դարձել, թէ ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւը։
Թէեւ նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիութեան պայմաններում, եւ ընդդիմադիրներին առնչւող գործերի նման յընթացս մամուլի հաղորդագրութիւններ ու նսեմացուցիչ տեսանիւթեր չի տարածում, այնուամենայնիւ, որոշ տեղեկութիւններ «Ժողովուրդ»-ին հասու դարձան:
Մասնաւորապէս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ Մուսաեւը իրաւապահների մօտ արդարացել է, թէ հայ ընտանիքի տուն մտնելիս որեւէ մէկին վնասելու մտադրութիւն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողէք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զէնքի առաջամասից, ինքը կրակել է։ Աւելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրաւոր պնդել է, թէ դրանից յետոյ կինը եւ ընտանիքի անդամները յարձակւել են իր վրայ, դանակով հարւածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը յարձակւել է իր վրայ:
Ուշագրաւ է նաեւ Մուսաեւի պատմած մէկ այլ դրւագ։ Ըստ նրա՝ ինքը, արդէն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ աւելի ուշ իրաւապահները նրան յայտնաբերել են դաշտում՝ վիրաւոր վիճակում։
Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրաւորւած Անի Աւետիսեանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադէպի վերաբերեալ «Ազատութեան»-ը բոլորովին այլ, բաւականին դաժան մանրամասներ է պատմել։ Նրա խօսքով՝ զինւած տղամարդը զէնքն ուղղել է երեխաների վրայ, ապա կրակել իր ուղղութեամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զէնքը, ինչի հետեւանքով վնասւել է ձեռքը, իսկ հետագայ կրակոցից՝ նաեւ ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքաւորել զէնքը, սակայն ի վերջոյ փախել է տնից։
«Եթէ ես էդ րոպէին չկողմնորոշւէի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխէքը»,- «Ազատութեան»-ն ասել է Անի Աւետիսեանը։
Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին յայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմութիւնը էականօրէն տարբերւում են։ Մի դէպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպէս ընտանիքի անդամների գործողութիւններին արձագանգ, միւս դէպքում կինը պնդում է, որ զինւած անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։
Թէ իրականում ինչ է տեղի ունեցել այդ տանը, ինչ հանգամանքներում են արձակւել կրակոցները, եւ ինչ ապացոյցներով են հաստատւում կամ հերքւում կողմերի ներկայացրած վարկածները, պէտք է պարզի նախաքննութիւնը։ Եթէ իրապէս օբիեկտիւ լինի, այլ ոչ թէ քաղաքական իշխանութեան թելադրանքով եւս այս գործը քննի, ինչպէս Փաշինեանի ընդդիմախօսների գործերն է քննում»:



