ԹեհրանՀամայնք

Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահի այցը Ս. Սարգիս եկեղեցի

Պաշտօնական այցով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում գտնւող Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահ Արթուր Պօղոսեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Իրանի Դատական Իշխանութեան Փաստաբանների, Պաշտօնական Փորձագէտների եւ Ընտանեկան խորհրդատուների Կենտրոնի նախագահ դկտր. Հասան Աբդօլիանփուրի ուղեկցութեամբ, օրերս այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի։

Պատւիրակութեանը եկեղեցում դիմաւորեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վահէ Թարոյեանը, խորհրդի ատենադպիր Հարմիկ Աւետեանը եւ քահանայ հայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը։ Այցի ընթացքում հիւրերին ներկայացւեց Ս. Սարգիս եկեղեցու կարեւոր նշանակութիւնը Թեհրանի հայոց թեմի եւ ընդհանրապէս իրանահայ համայնքի կեանքում՝ որպէս թեմի առաջնորդանիստ եկեղեցի եւ Սփիւռքի հայութեան հոգեւոր ու ազգային կեանքի կարեւոր կենտրոններից մէկը, որը վկայում է համայնքի դարաւոր ներկայութեան եւ ազգային ինքնութեան պահպանման մասին։

Վահէ Թարոյեանը ողջունեց պատւիրակութեան անդամներին, բարի գալուստ մաղթեց հիւրերին եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց այցի առիթով։ Արթուր Պօղոսեանն իր հերթին գնահատեց Սփիւռքում նման վեհաշուք հայկական եկեղեցու գոյութիւնը՝ ընդգծելով դրա կարեւորութիւնը հայ ժողովրդի հոգեւոր արժէքների պահպանման գործում։

Այցի ընթացքում պատւիրակութեան կողմից յուշանւէր յանձնւեց, ապա այցելուները մօտեցան Եկեղեցու շրջափակում տեղակայւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին եւ յարգանքի տուրք մատուցեցին նրանց յիշատակին։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button