ԹեհրանՀամայնք

«Հաւատա՛ ինձ ես էլ կարող եմ այն, ինչ դու» կարգախօսը գործի վերացած կայացաւ «ԱԿՈՒՆՔ» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նոյեմբերի 18-ի երեկոյեան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան սրահում բացումը կատարւեց Մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների տարեկան ցուցահանդէս-վաճառքի։

Ցուցահանդէսը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեցին կենտրոնի սաները։ Ապա սաները հանդէս եկան հայկական երգերով, ղեկավարութեամբ՝ Լուիզա Աւետիսեանի։ Կենտրոնի փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանը արտայայտւեց կենտրոնի անունից, անդրադառնալով ցուցահանդէսի կազմակերպման նպատակների եւ ներկայացւած աշխատանքների մասին, գնահատելով ՀԲԸՄ-ի վարչութեանը, սրահը սիրայօժար տրամադրելու համար:

Ապա գնահատակագրեր յանձնւեցին սաներին, եւ գնահատւեցին ուսուցչական կազմը եւ նրանք ովքեր սիրայօժար համագործակցել են կենտրոնի հետ:

Ելոյթներով հանդէս եկան Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը։ Տէր հայրը փոխանցելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյնները ընդգծեց. «Ակունք կենտրոնը ըստ իս այն փոքր դրախտն է, որի մէջ իրականօրէն գոյութիւն ունեն այն հրեշտակները, որոնք իրենց ազնւութեամբ ու մաքրութեամբ քեզ անջատում են այս աշխարհից»: Նա իր գնահատանքը փոխանցեց տարիներ շարունակ նւիրումով աշխատող տեսչական եւ ուսուցչական կազմերին, ծնողական խորհուրդներին, ազգային իշխանութեանը, բարերարներին, նւիրատուներին եւ բոլոր նրաց որոնք չեն խնայում իրենց կարելին յանուն կենտրոնի:

Պատգամաւորը իր ելոյթի ընթացքում կարեւորեց այն հանգամանքը, որ «Ակունք» կենտրոնի սաները իրենց աշխատանքներով միշտ ապացուցում են հետեւեալ կարգախօսը. «Հաւատա՛ ինձ ես էլ կարող եմ այն, ինչ դու»: Պատգամաւորը գնահատեց կենտրոնին իրենց կարելին չխնայող բոլորին եւ կարեւորեց այն հանգամանքը որ կենտրոնի տեսչական, ուսուսցչական կազմի եւ Ծնողական խորհրդի կողմից ներգրաււում են երիտասարդներ, որոնք իրենց մասնագիտութեամբ աշխատանք են տանում կենտրոնում: Պատգամաւորը ընդգծեց. «Անհրաժեշտ է բոլորս հետամուտ լինենք կենտրոնի դժւարութիւնների կարգաւորման հարցերով»:

Ծրագրին ներկայ էին Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ Վեր. դկտր. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչներ, ազգային մարմինների եւ միութիւնների նախագահներ եւ ներկայացուցիչներ, դպրոցների տեսուչներ եւ ուսուցիչներ, բարերարներ, քահանայ հայրեր եւ հրաւիրեալներ։

Ցուցահանդէսը շարունակւեց նոյեմբերի 19-ին եւ 20-ին, առաւօտեան ժամը 10։00-ից մինչեւ 19։00-ը։

Related Articles

Back to top button