Ատրպատական

ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի Ամանորի ծրագիրը՝ Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Յունւարի 11-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հայ Օգնութեան միութեան կենտրոնատեղիի հաւաքավայրում տեղի ունեցաւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի Ամանորի մանկական հանդէսը:

Սրբազան Հօր կողքին հանդիսութեանը ներկայ էին՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, ՀՕՄ-ի վարչութեան անդամներ, ծնողներ եւ մշակութասէր թաւրիզահայեր:

ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը բացման խօսքը ընթերցելով, Նոր տարւայ առիթով միութեան անունից համայնքին շնորհաւորանք յայտնեց: Նա իր խօսքը այսպէս սկսեց. «Արի՛, Նոր տարի, գալուստդ բարի, բայց այնպէս արի, որ ձիւնը ճերմակ, սրբելով տանի ոչ միայն կեղտը յոգնած մայթերի, այլ նաեւ փոշին ու մուրը հոգու: Թող այս տարի հրաշքներով լի տարի լինի. ժպիտ, ծիծաղ, խինդ, բերկրանք, յաղթանակ ու ջերմութիւն բոլորին: Գալիք յաջողութիւնը մեզ ուղեկցի ամբողջ տարում ու ողջ կեանքում: Ամէն օր լինի Ամանոր մեր կեանքում: Նոր յոյսերի ու երազանքների տարի լինի»:

Երեխաների կողքին էին ուսուցչուհիներ՝ Նայիրի եւ Անի Դիլանեանները, որոնք անցած մի քանի ամիսների ընթացքում երեխաների հետ պարապել էին սոյն ծրագիրը պատրաստելու համար: Օրւայ հանդիսավարներն էին՝ Վարդան Գասպարեանը եւ Վանէ Բահադորեանը, ովքեր Նոր տարւայ շնորհաւորական խօսքերով ու ասոյթներով, հերթաբար հրաւիրեցին երեխաներին, որպէսզի ելոյթ ունենան բեմում:

Երեխաները մեներգերով, խմբերգերով եւ արտասանութիւններով դիմաւորեցին Նոր տարին, նւագակցութեամբ երգի եւ երաժշտութեան ուսուցիչ Կարէն Սարգսեանի: Մանկավարժական համբերատար աշխատանքով իրագործւած սոյն ծրագրի վերջին բաժնով ազգասիրական երգեր կատարեցին երեխաները, հայ ազգի ապագայի մեծ յոյս ներշնչելով, իրենց յատուկ մանկական խանդավառութեամբ, ձայնի հաղորդավարութեամբ Սեւադա Սաֆարեանի:

Տարւայ ամենաշատ սպասւած մարդը՝ Ձմեռ պապը (Առլէն Բադալեան), իր աւանդական շորերով ու խրատներով ժամանեց սրահ, եւ բարի պատգամները փոխանցելով ներկայ հանդիսականներին, մեծերին ու փոքրերին ուրախացրեց, ընկերակցութեամբ Ձիւն անուշիկին (Էրեբունի Մարգարեան): Նոյն առիթով տեղի ունեցաւ վիճակախաղ: Բախտաւոր հանդիսացաւ Այիդա Բադալեանը:

Սրբազան Հայրը, իր եզրափակիչ եւ օրհնութեան խօսքը արտասանեց, հայ մանուկի հայեցի դաստիարակութեան կարեւոր կրթարան ներկայացնելով ՀՕՄ-ը համայն հայութեան կեանքում: ՀՕՄ-ի առաքելութեանը ակնարկելով, Սրբազան Հայրը յիշեցրեց, որ մեր ազգի կեանքի ուրախ եւ տխուր պահերի ընկերակիցն է այն, հայ մանկան դաստիարակութիւնից սկսեալ մինչեւ գաղթականների եւ աղքատ ընտանիքների իրավիճակով զբաղւող:

Ի վերջոյ, Սրբազան Հայրը գնահատեց ՀՕՄ-ի Թաւրիզի կենտրոնի վարչութեանը եւ բոլոր անդամներին, յատկապէս «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմին եւ բոլոր նւիրեալներին, ովքեր ներկայ տնտեսական մեծ տագնապը առանց նկատի ունենալու, քաջաբար շարունակում են իրենց վստահւած ազգային առաքելութիւնը: Սրբազան Հայրը նաեւ այս առիթով քաղցրախօսութեամբ շեշտեց մի բարեբախտութիւն, որ մանկապարտէզում գործող ուսուցիչներին է յատուկ, ասելով որ նրանք երբեք չեն պառաւում: Նա ուժ ու կորով մաղթեց բոլորին:

Իր խօսքերի աւարտին, Սրբազան Հայրը նւէրներ բաժանեց երեխաներին, որոնք պատրաստւել էին Թաւրիզի եկեղեցիների կանանց Խնամակալ մարմնի ձեռամբ:

Related Articles

Back to top button