Ատրպատական

Աւարայրի սխրանքով, Ս. Թադէի շնչով

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագրի

Հայ եկեղեցական տօնացոյցը փետրւար ամսին է տեղադրել Վարդանանց տօնը, թէպէտ Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 451 թ.-ի մայիս ամսին:

Աւարայրի դաշտին այսքան մօտիկ կանգնած Սուրբ Թադէի վանքում, վստահաբար վանահայրն ու վանականները 451 թ.-ին իմացան այն արիւնահոտ լուրը «երբ կեանքից-կեանք էին անցնում զինւորներն հայի»:

Մեր պատմութեան սխրանքը հանդիսացած Աւարայրի ճակատամարտը այսքան մօտիկ Սուրբ Թադէի վանքին, վստահաբար իր պայքարի կրակը դրոշմել էր վանքի պատերին, որի հետեւանքով դարեր ամբողջ դիմացել է այս կառոյցը, մինչեւ դէպի երկինք իր խոյանքով յոյս ներշնչելով բոլորին: Ձմռան ցուրտին, ձիւնապատ եւ սառցակալած, սոյն վանքը չի՛ կորցնում մեր ժողովրդի պայքարի ոգի հաղորդելու ունակութիւնը, իսկ մեր ժողովուրդը՝ երբեք չի՛ կորցնում իր հաւատքը՝ վերստին յաղթելու…:

Աւարայրի բլբուլին ձօնւած Ալիշանի բառերով, «Թադէի վանուց ձենիկդ ինձ դիպաւ, սրտիկս որ ի խաչն է կիպ թունդ առաւ, ի խաչին թեւերն թռայ ու հասայ, գտայ զքեզ ի դաշտ քաջին Վարդանայ»: Բլբուլը Ս. Թադէի վանքի խաչի թեւերը բռնած թռչել է, ու գնացել Աւարայր…

Դարեր են անցել արդէն Վարդանանց ճակատամարտից, երբ հայոց Զօրավարը փռւեց գետին, սակայն նրա մահւամբ արձանագրւած յաղթանակը եւ ազգային հպարտութիւնը, նորափթիթ հայ երեխան իսկ զգում է իր հոգում, «Հայ եմ ես, հայ եմ ես, քաջ Վարդանի թոռն եմ ես»-ը ասմունքելով, նոյնիսկ 1573 տարիներ յետոյ:

Սխրաբարբառ Եղիշէի գովերգած հերոսը սակայն, ամէն օր Սուրբ Թադէում է: Նրա զաւակներն ու թոռները, ծոռներն ու ծոռնորդիները, ինչպէս նաեւ սրանց թոռներն ու ծոռնորդիները միշտ հանդիպում են նրան Վանքում, տարւայ բոլոր եղանակներին, ամռան թէ ձմռան:

Այս ձմեռ առաւել եւս սիրունացաւ Ս. Թադէի վանքը, սաւանագոյն ձիւնասպիտակութեամբ ծածկւելով: Շրջակայ ծառերն ու թփերը, իրենց տերեւներից լերկացած դաշտային բոյսերն ու աղւէսների որջերը գեղազարդւել էին, երկնային արւեստագէտի ձեռամբ ջնարակւած…: Ծառերի ճիւղերի վրայ հատիկ առ հատիկ աւելացւած ձիւնը, յարկ առ յարկ էր կուտակւել, քամիի դիմաց վերմակ լինելով ու տաքացնելով հէգ ծառերին:

Աւարայրի դաշտը նոյն տարածքում գտնւելով, միշտ զգում ենք դրա «Արծիւ»-ի՝ Ս. Վարդան Զօրավարի ոգեղէն ներկայութիւնը դրա շրջապատում: Մենաւոր այս վանքի գմբէթների վերեւ միշտ սաւառանում է Հայոց պատմութեան «Արծիւ»-ը, որի արդէն երկարած ու դարերի ուժգնութիւն ընկալած մագիլների տակ տրորւելու են հայ ազգի հեռաւոր թէ մերձակայ թշնամիները: Ձմռան այս խիստ եղանակին, Ս. Վարդանի շնչով է ջերմացել վանքի ձիւնասպիտակ շրջապատը, եւ ամէն քարի ու պատի վրայ լուսաքանդակ երեւում է նրա խրոխտ դէմքն ու կարմիր շրջազգեստը, մէջքին թուրը կապած:

Տարօրինակ, բայց իրաւ, որ չի՛ խորտակւում հայի հոգում՝ վերջնական յաղթանակի կամքը: Այսպէս ենք անցել ազգովի, պատմութեան ամենադժւարին անցքերից եւ վերյառնել աղէտներից:

Դեռ նոր կորցրած մեր բնօրրանին այսքան մօտ, Ս. Թադէում նստած, կոտտում է վէրքը մեր սրտի, սակայն միաժամանակ զօրացնում կամքը մեր ապագայ յաղթանակի:

Աւարայրի սխրանքով գօտեպնդւած եւ յուսադրւած դարձեալ նայում ենք զոյգ գմբէթներին սրածայր, վերյիշելով Սուրբ Վարդանի սուրը երկսայրի, դրւած պարանոցին երկչոտ թշնամուն: Նոյն սխրանքով զօրացած, նոր Աւարայրներ են սպասւում մեր կեանքում, վերջնական յաղթանակի ու գոյատեւման ի խնդիր:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն
«Արտազ» ամսագիր
(թիւ 2, փետրւար 2024 թ.)

Related Articles

Back to top button