Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Թաւրիզի 3-րդ շրջանի քաղաքապետի հետ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը այցելեց Թաւրիզի 3-րդ քաղաքամասի քաղաքապետարան, հանդիպում ունենալու քաղաքապետ Ալիէ Ղասեմիի եւ սոյն քաղաքապետարանի տարբեր բաժանմունքների պատասխանատուների հետ:
Սրբազան Հօրը ընկերակցում էին Թեմական խորհուրդը՝ Գագիկ Ջորջեան՝ ատենապետ, Հենրիկ Աբրահամեան, Ալէն Սայեադեան, ինչպէս նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն եւ ազգային առաջնորդարանի ճարտարապետը:
Քաղաքապետարանի ժողովասրահում ընդունելով Սրբազան Հօրը եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, քաղաքապետ Ղասեմին եւ Քաղաքային խորհուրդը իրենց ուրախութիւնը յայտնեցին այցի համար: Ապա, Սրբազան Հայրը ողջունելով նոր քաղաքապետին իր պատասխանատու պաշտօնում, անդրադարձաւ մի քանի կալւածային, շինարարական աշխատանքների, որոնք քաղաքապետարանի հետ համագործակցութեամբ կարելի է բարենպաստ արդիւնքի հասնել ե՛ւ ի նպաստ քաղաքապետարանին, ե՛ւ ազգային առաջնորդարանին:
Քաղաքապետի ողջոյնի խօսքից յետոյ ընդարձակ քննարկում տեղի ունեցաւ, որի ընթացքում ատենապետ Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայեադեանը եւ Հենրիկ Աբրահամեանը բացատրութիւններ տւեցին, իսկ առաջնորդարանի ճարտարապետն ու փոքրամասնութիւնների պատասխանատուն ընդգծեցին, հնարաւոր միջոցները դրական արդիւնքի հասնելու համար:
Յայտնենք, որ Թաւրիզի Ս. Շողակաթ եկեղեցին եւ հայոց ազգային գերեզմանատունը գտնւում են այս քաղաքապետարանի սահմաններում, որտեղ կան վաճառատներ եւ գերեզմանատուն: Նոր ծրագրերի մասին տեղեակ պահելով քաղաքապետին, Թեմական խորհուրդը քաղաքապետարանի անվերապահ գործակցութեան առաջարկ ներկայացրեց, նոյն ընդառաջումը գտնելով քաղաքապետի կողմից:
Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը իր եւ Թեմական խորհրդի անունից յուշանւէր յանձնեց քաղաքապետին, բարի առաքելութիւն մաղթելով նրան, սոյն պաշտօնում: