Ատրպատական

Ապտակով սթափւենք ապտակից…

«Եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան միւսն էլ դարձրո՛ւ»:
(Մտ 5.39)

Մինչեւ անցած մի քանի ամիսներին ապրած, կամ դեռ կենդանի հայերից շատերի վկայութիւնը մէջբերած կը լինենք, եթէ ասենք, որ 2023-ի նման տարւայ չէինք հանդիպել մեր ժողովրդի ժամանակակից պատմութեան ընթացքում: Փաստօրէն այլեւս չմնացին Հայոց Ցեղասպանութիւնից վերապրած մեր աւագ սերնդի պատկանող թանկագին զաւակները, որոնք իրենց կեանքի ընթացքում տեսել էին աւելի՛ սոսկալի դէպքեր քան 2023 թւականին մեր տեսածը, իրենց հարազատ բնօրրանից զրկւած լինելուց բացի, եւ աքսորի ու սպանդի ենթարկւած լինելով:

Նորօրեայ միջավայրի նորատեսակ անորոշութիւնների գրկում, աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերի հարթակի վրայ մենակ մնացած լինելու մեր ազգային դժբախտութիւնը մեզ դրեց մի մութ սենեակում: Ո՛չ ոքից սպասում ու ակնկալիք չունեցող մեր ցեղային հպարտութիւնը թոյլ չտւեց նոյնիսկ լացելու, ո՛չ իսկ ողորմութեան ափ բացելու մայթերի վրայ ծնրադիր. սակայն այդ մութ սենեակում մեզ հետ նստող մարդ եւս չգտնւեց, որի հետ զրուցէինք անցնող երեսուն եւ աւելի տարիների ընթացքում: Կոյր զկուրայն յարդարեցինք մեր մութ սենեակը, տօնածառեր դրեցինք հրապարակներում, կարծեցեալ վայելքի խաբկանքով հիփնոսացած:

Անցեալով յուշերով հարբեցող ժողովուրդ լինելու փաստը մեր դէպքում, հարուստ է պատմութեան օրինակներով: Սոյն յուշերը մեզ ցարդ պահում են աւարայրեան գինարբուքի դաշտում, նոյնիսկ 1500 տարիներ առաջ լցւած բաժակների թունդ գինու ազդեցութեան ներքոյ արտասանւող լորձնաշուրթն բաժակաճառերով ու երգւող երգերով, որոնք ամէն ժամանակներում նեցուկ են կանգնելու բարոյական յաղթանակի վեհ գաղափարին:

Իրար յաջորդող երկարաձիգ դարերում շառաչիւն ապտակներ էինք ստացել մեր երեսին, բայց չէինք սթափւել: Վերապրելու մեր հզօր կամքին ապաւինած, միշտ վերյառնել էինք գերեզմանից, դուրս էինք եկել անյուսութեան անդունդից, փարատել էինք խաւարը, մերժել անարդարութիւնը եւ վերջապէս՝ պայքարել յանուն ազատութեան: Մեր այս ճիգի մէջ, միշտ հաւատացել էինք կեանքի վերսկսման, ո՛չ թէ անպայման նախօրօք ծրագրելով ապագան, այլ ճանապարհի ընթացքում գործելով վասն յաջողութեան:

Այո՛, ապտակւեցինք: Աւագ սերնդի պատկանողները դեռեւս յիշում են այն օրերը, երբ դաստիարակները յանկարծակի եւ ուժգին ապտակով ուշքի էին հրաւիրում անուղղայ աշակերտներին: Ներկայ մանկավարժութեան մերժած սոյն ձեւը, անցեալում շատ յաճախ նոր ուղղութիւն էր բացում իրենց ճանապարհը կորցրած աշակերտների առջեւ, որոնցից շատերը հետագայում յաջողակ անձեր են դարձել իրենց կեանքում:

Օտար ազգեր ու պետութիւններ եւս ապտակի ուժգնութիւնից ցնցւած ու սթափւած լինելու պատմական փորձեր ունեն, որոնք ցաւի ազդեցութեան ներքոյ վերագտել են իրենց ինքնութիւնը: Նրանց ղեկավարները չեն վախեցել նոյնիսկ իրենց հայրենակիցներից յիմար կոչւելուց, սակայն հաւատացել, որ այն ինչ ցանկանում են իրենց ազգի ու հայրենիքի համար, անպայման կարող են ձեռք բերել:

Ժամանակակից պատմութիւնը գունաւոր ամենաարդիական տեսաերիզն է վերոյիշեալների, որտեղ երեւում է, թէ ինչպէս յաղթանակներով եւ ոսկեջուր մակագրութիւններով էջեր են կտակում մեզ մեր հերոսները: Մեր նահատակները գերմարդկային կերպարներ չէին, ո՛չ էլ երեւակայական էակներ. այլ իրական, եւ իրենց առօրեայ կեանքով մեր կեանքին միախառնւած մարդիկ:

Երանի՜ նրանց, ովքեր յաղթանակի տեսիլքով փակեցին իրենց աչքերը, եւ հայրենիքի դրօշով պատանքւած իջան գերեզման, նոյնիսկ եթէ այսօր սրբապղծւում են նրանց գերեզմանները եւ ոտքի կոխան լինում նրանց աճիւնները: Երանի՜ նրանց, ովքեր մինչեւ իրենց վերջին շունչը ազատ ու անկախ հայրենիքի հարազատ օդը շնչեցին: Վերջապէս երանի՜ բոլոր նրանց, ովքեր յաղթանակած սրտի ուրախութեամբ ննջեցին ու չտեսան 2023 տարեթիւը եւ չզգացին դրա դառն ապտակին ուժգնութիւնը…:

Ապտակւեցինք, այո՛, բայց սթափւե՞լ ենք: Սոյն հարցի պատասխանը միանշանակ «ո՛չ» է, որովհետեւ դեռեւս հարբածի տեսքով, եւ ապտակի ուժգնութիւնից մեր հաւասարակշռութիւնը կորցրած, ու անսովոր պար պարելիս, փողոցի առւի մէջ ենք ընկել եւ անցորդների քրքջախառն ծիծաղին ու ծաղր ու ծանակին ենք առարկայ դարձել:

Այո՛, դեռեւս չենք սթափւել ամաչեցնող ապտակից. դրա փաստը, մեր կորցրած արժանապատւութեան անգիտակից լինելու պարզ երեւոյթն է: Թշնամու դէմ մեր անզօր հնամեայ զէնքերը վար դրած, մեր իրար ատեցողութիւնը զարգացնում ենք լեզւի ամենասրածայր զէնքով, պղծելով հայի մեր օրհնաբուխ շրթները:

Այո՛, ապտակը դաս չի՛ եղել, եւ ո՛չ էլ առիթ համազգային միաւորման: Պարտութիւնը կրկնակի պարտութեամբ նւիրագործելու տկարութիւնը մասնագիտութեան վերածած առաջ ենք ընթանում, պարծենալով մեր նահատակների եւ անմահ հերոսների բոսոր ու անգին արեամբ:

Արդեօք Յիսուսի պատգամը՝ «Եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան միւսն էլ դարձրո՛ւ»-ն սխալ ենք ըմբռնե՞լ…: Տառապանքի բովից անցած ժողովրդի զաւակ լինելնուս, իրաւունք չունենք յատկապէս այս խօսքի իմաստային շատ հատու սրութիւնը անգիտանալու:

Ոմանց կարծիքով Յիսուսի խօսքը պարտւողականութեան համազօր է, թուլութիւն է, նոյնիսկ խեղճութիւն է. մինչդեռ նոյն այս խօսքը գիտակից հզօրութիւնն է մարդ էակի, եւ որը խոնարհութեան ծածկոյթով պատւած իսկական արհամարհանք է, ուղղւած աշխարհում ինքն իրեն ուժ համարող բոլոր ժամանակաւոր ուժերին: Մի խօսքով, դա բարձրից դիտւած փիլիսոփայական մօտեցում է, կեանքի ճղճիմ ուժերի վրայ նետւած վեհ ու յաղթական հայեացքով:

Նորագոյն ժամանակներին, իրար ծնօտին ապտակելու վարժութիւնը ձեռք բերած եւ իրար սթափեցնելու կեղծ քաջութիւն ցուցադրելու մարմաջով տարւած, չենք գիտակցում, որ ապտակից սթափւելու լաւագոյն ձեւը, ինքնապտակումն է: Իւրաքանչիւրս մեր իսկ ձեռքով մեր երեսին ենք ապտակելու…: Ա՛յս է մեր ստացած ահաւոր ապտակից սթափւելու եւ ինքնաճանաչողութեան գիտակցութեան հասնելու ամենից ազդու միջոցը:

Յոյսը նման է գեղեցիկ թղթերով փաթաթւած նւէրի տուփին: Տօնական առիթներով նւէրներ փոխանակելու սովորութիւնը ուրախութիւն է պատճառում բոլորին, անկախ տարիքից եւ հանգամանքից: Ինչքա՜ն հետաքրքիր է իրեն յանձնւած նւէրի տուփը բացող մարդու սպասողական յուսալից վիճակը, թէ ի՞նչ է նախատեսւել իրեն համար այդ տուփի մէջ:

Ամանորի առիթով սպասւած նւէրը, յատկապէս ներկայ ժամանակների մեր կեանքում պատահած դէպքերի լոյսի տակ, ո՛չ մեզ հովանաւորող եւ ո՛չ էլ մեզ բարեկամ համարւող ազգերից ու պետութիւններից չի՛ տրւելու մեզ: Լաւագոյն նւէրը մենք մեր ձեռքով յանձնենք մեզ՝ ապտակելով մեր զոյգ երեսները, վերջնականապէս սթափւելու համար մեր ստացած աններելի եւ կսկծեցնող ապտակի ցաւից:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ

Աղօթաձայն օրհնութեամբ՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Նոր՝ 2024 տարի,
Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Related Articles

Back to top button