ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի Ամանորի հարուստ տօնավաճառը՝ «Արամ Մանուկեան» սրահում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 14-ի առաւօտեան ժամը 11:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 17:00-ն, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցած տօնավաճառը, ամբողջական յաջողութիւն էր, շնորհիւ նւիրեալ ՀՕՄ-ուհիների, եւ նրանց հովանաւոր ժրաջան վարչութեան:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի բարձր հովանաւորութիւնը վայելող այս ձեռնարկը, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան կազմակերպչական աշխատանքներով, ներգրաւել էր ուղեկից միութիւնների եւ հաստատութիւնների շարքերում գործող կանանց, ինչպէս «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեանն ու ծնողական խորհրդին, եւ շրջակայ հայաբնակ գիւղերում գործող կառոյցներին, որոնցից շատերը սեղաններ էին ապահովել, աննախընթաց ճոխացնելով տօնավաճառը:
Սրահում տեղադրւած 24 սեղանները, որոնք վարձւել էին միութիւնների եւ անհատների կողմից, յորդում էին Ամանորի զարդերով, խմորեղէններով, չիր ու չամիչով եւ բազմատեսակ նւէրներով: Միութենականների եռուզեռը, խանդավառութիւնը, տօնական օրերի առիթով փոխանակած շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները, մի պահ թեթեւացրեցին մեր ժողովրդի վերջին ամիսներին կրած ազգային-հաւաքական տագնապը…:
Տօնավաճառի բացման պահից արդէն սրահը խճողւել էր յաճախորդներով, որոնք ազգային միութիւններին ու կազմակերպութիւններին զօրավիգ կանգնելու քաջ գիտակցութեամբ ներկայ էին այնտեղ:
Տնօրէնութեան միջոցով բաց էր նաեւ «Արամ Մանուկեան» սրահի բուֆէն, որը անընդհատ հիւրասիրութիւն էր մատուցում բոլոր այցելուներին: Սրահ այցելող յաճախորդները երկար ժամանակ էին անցկացնում այնտեղ, ոչ միայն դիտելով ու գնելով ցուցադրւած անուշեղէններից ու զարդեղէններից, այլեւ քաղցր զրոյց ունենալով միմեանց հետ, եւ տօնական օրերի բարեմաղթանքներ փոխանակելով:
Օրւայ սպասւած, մեծ անակնկալը եղաւ երկու Ձմեռ պապիների մուտքը սրահ, որոնք իսկական Ամանորը յայտարարեցին իրենց ձեռքերի զանգերով, երգեցողութեամբ, աշխոյժ պարերով եւ զւարթախօսութեամբ: Պահը երջանկութիւն պատճառեց բոլոր տարիքի ներկաներին, սկսեալ ամենափոքրերից, մինչեւ ամենատարեցները:
Սոյն ծրագրով, Ուրմիայում Ամանորի բացումը կատարւեց, որը տեւում է մինչեւ յունւարի կէսերը՝ համաձայն հայկական հին աւանդութեան: