Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի (Բոնեադէ շահիդ) տնօրէնի այցը՝ ազգային առաջնորդարան
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, յունւարի 13-ին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի (Բոնեադէ շահիդ) տնօրէն՝ Աբբասալի Ռեզային, նոյն հիմնարկի ներկայացուցիչներ՝ Մշակութային հարցերով տեղակալ՝ Թաբիրէյիի եւ Քարոզչական բաժնի տնօրէն՝ Մոհսէնիի ընկերակցութեամբ այցելեց ազգ. առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:
Հանդիպմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրան-Իրաք Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ եւ անձնուրաց՝ Գուրգէն Քարամեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Սրբազան Հայրը հիւրերին ողջունելով եւ գնահատելով նրանց այցելութիւնը ազգային առաջնորդարան յայտնեց, որ նահատակներն առանց կրօնի խտրութեան ազնւագոյն անձեր են, որոնք իրենց կեանքը նւիրել են իրենց հայրենիքին եւ ի խնդիր բարձրագոյն արժէքների: Սրբազան Հայրը իր արտայայտութիւնների ընթացքում անդրադառնալով վերջին օրերին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեանը նաեւ Գազայի հատւածում իսրայէլական ռեժիմի հակապաղեստինեան անմարդկային արշաւանքին ու ռմբակոծմանը մէկ անգամ եւս դատապարտեց անմեղ ժողովրդի հանդէպ ոճրագործ գործողութիւնները:
Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնարկի տնօրէն՝ Աբբասալի Ռեզային, տօնական օրերի առիթով բարեմաղթանքներ փոխանցելուց յետոյ մատնանշեց հայրենասիրութեան եւ նահատակութեան վեհ կոչմանը եւ մեծարելով նահատակների յիշատակը, կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիների ընթացքում հայ նահատակների եւ անձնուրացների քաջագործութիւններին ու սխրանքներին: Նա յայտնեց, որ Իրանի պատմութիւնը երբեք չի մոռանալու կրօնական փոքրամասնութիւնների եւ ի մասնաւորի սիրելի իրանահայերի դերը՝ պատմութեան բոլոր ժամանակներում:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը իր հերթին ողջունեց յարգոյ հիւրերին եւ երախտագիտութեան խօսք ուղղելով, գնահատեց Նահատակների հիմնարկի ուշադրութիւնն ու բարիացակամ մօտեցումը անձնուրացներին եւ նահատակների ընտանիքների նկատմամբ: Նա նաեւ մատնաշնեց քրիստոնեայ եւ մուսուլման հայրենակիցների լաւ եւ բարեկամական յարաբերութիւնները՝ այն համարելով կրօնների խաղաղ գոյակցութեան եզակի օրինակ ողջ աշխարհի համար:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ