Թեհրան

Խորհուրդ ծննդեան

Մի անգամ եւս սրբազան շարականագրի բառերով եկեղեցին շարականով աւետում է ծնունդը Աստւածորդուն. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ այսօր յայտնւեց» (Շարական)։ Այո՛, մէկ անգամ եւս աշխարհը, մթնոլորտը օծւում է Աստւածայայտնութեան խորհուրդով։

Արդարեւ պատմութիւնը մեզ յուշում է, որ Քրիստոսի ծննդեան օրերին աշխարհը լի էր ապականութեամբ, Հռոմի իշխանաւորները այդ օրերին աշխարհը իրենց տիրապետութեան տակ առած մարդկային հասարակական կեանքը վերածել էին քաոսի։

Նիւթական շւայտութեամբ յղփացած աշխարհը անհրաժեշտօրէն կարիքը ունէր փրկութեան, փրկութիւն, որը պիտի գար երկնքից։ Մարգարէները ի սկզբանէ Եսայի յայտնատեսի բառերով գուշակել էին աշխարհի Փրկչի գալուստը։ Միքիէ մարգարէն ինքն էլ մարգարէացել էր յիշեցնելով, որ Բեթղեհէմից կը գայ սպասւած Փրկիչը. «Եւ դու Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամարդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ։ Քեզնից կելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միք. 5։2)։

Յովհաննէս Աւետարանիչ գրում է. «Աշխարհի ստեղծագործութիւնից առաջ գոյութիւն ունէր Բանը։ Բանն Աստծու հետ էր եւ Բանը Աստւած էր» (Յվ. 1։1)։ Մատթէոս Աւետարանիչը ասում է. «Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, որովհետեւ նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից» (Մտ. 1։21)։

Աստւածորդու գալուստով աշխարհը մի նոր սկզբի առաջ է, աշխարհ՝ փրկւած ու սրբւած մեղքից եւ վերագտած իր աստւածային այն պատկերը, որ մեղքի պատճառով աղաւաղած էր, քանի որ մեղքը մարդս հեռացնում էր իր կոչումից եւ նրան վերածում մեղքի շտեմարանի։ Այլ խօսքով մեղքը մարդուն առաջնորդում է փորձութեան. փորձութիւնը մեր հեռացումն է Աստծուց։ Անհնազանդութիւնը Աստծու կամքին մեղք է։ Հետեւաբար հարկ է յիշել Տէրունական աղօթքի այն տողերը, որ ասւած է. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ ի չարէն»։

Աստւածորդու ծնունդով աշխարհը նոր շունչ, ոգի ու կերպարանք ստացաւ։ Աշխարհը Քրիստոսի սիրով ողողւեց։

Այդպէս է նաեւ ժողովուրդների կեանքը։ Մեծագոյն եւ ճակատագրական յեղաշրջումներն ու մեծ իրագործումները արդիւնք են մեծ սէրերին եւ այդ սէրերով արտայայտւող կեանքի։

Աստւածային սիրոյն իբրեւ արտայայտութիւն աշխարհը նոր իմն կերպարանափոխւեց, մարդ արարածը ինքն էլ վերանորոգւեց։ Առաքեալի բառերով. «Որեւէ մէկը, որ միացած է Քրիստոսին նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց» (Բ Կրն. 5։17)։ Քրիստոսի ծնունդով վերանորոգւած մարդը մի կողմից իր մէջ վերակենդանացնում է Աստծու անաղարտ պատկերը, միւս կողմից էլ պարտականութիւն է ստանում իր շրջապատում լինել սիրոյ եւ խոնարհութեան, հեզութեան եւ մարդկանց միջեւ հաճութեան սերմնացանը։

Պօղոս Առաքեալը Կորնթացիներին գրած իր երկրորդ նամակում յայտաբար իր նորահաստատ եկեղեցու անդամներին թելադրում է, որ միշտ հետամուտ լինեն Քրիստոսի ներկայութեանը եւ նրա ուսուցումների գործադրութեան, որովհետեւ Քրիստոս Ինքն է նորոգութեան աղբիւրը։ Հայոց Շնորհալի հայրապետի բառերով. «Հնութիւնների նորոգողն է, որին դիմում է մարդ արարածը յարատեւօրէն նորոգւելու յոյսով»։

Քրիստոսով վերանորոգւած մարդը առաւել զօրացած, ամրացած ու բիւրեղացած սիրոյ ողջոյնով մեր սիրտն ու հոգին լցնում են ներողամտութեան, փոխադարձ յարգանքի զգացումներով, այլեւ կապւած կը լինեն միմեանց, մեր հայրենիքին, լեզւին, մշակոյթին, բռնագրաւած Արցախին վերատիրանալու անվրէպ յոյսին։

Քրիստոսի Հրաշափառ ծննդեան եւ Աստւածայայտնութեան «մեծ եւ սքանչելի խորհուրդը» դարերով փառաբանւած, ամէն տարի աւելի կենդանի գիտակցութեամբ, յարաճուն հաւատքով ու վերանորոգ կամքով զրահաւորում է բոլոր նրանց, ովքեր տեսնում ու ապրում են սէր Աստծու մարդեղութեան խորհուրդը եւ բարի հովիւների նախանձախնդրութեամբ շտապում են տեսնելու նորածին մանուկ Փրկչին։

Այս խոհերով շնորհաւորում եմ մեր թեմի հաւատացեալ քոյրերին եւ եղբայրներին, ինչու չէ նաեւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ կան։

Աղօթում ենք նաեւ իրանահայ մեր քոյր թեմերի թեմակալ առաջնորդներին եւ հաւատացեալ ժողովրդին՝ բոլորին մաղթելով անամպ կեանք եւ գործերի յաջողութիւն։ Աղօթում եմ վասն խաղաղութեան՝ հայոց աշխարհի, վիրաւոր Պաղեստինի, բռնագրաւած վիրաւոր Արցախի եւ արցախահայութեան։

Ո՛վ Օծեալ Փրկիչ Բեթղեհէմեան քո լոյսով իմաստութիւն տուր բոլոր նրանց, ովքեր յանուն խաղաղութեան եւ իրենց իրաւունքների ձեռքբերման անդուլ պայքար են մղում։

Խաղաղութիւն պարգեւիր ո՛վ Տէր ողջ աշխարհին եւ նաեւ հայոց աշխարհին եւ Իրանին. Ամէն։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

1 Յունւարի 2024
Թեհրան

Related Articles

Back to top button