
Թարգմանչաց Տօնին նւիրւած միջոցառումների շարանում, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, hոկտեմբերի 10-ին, երեկոյեան ժամը 19:00-ին, միութեան «Յովհ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական մշակութային միջոցառում:
Ողջունելով ծրագրի ներկաներին, հաղորդավար՝ Լորեթա Ղեւոնդեանը ակնարկեց օրւայ կարեւորութեան մասին, որով հայ ազգը գոյատեւել է դարեր շարունակ՝ պահպանելով իր լեզուն եւ բազմադարեայ մշակոյթը:
Ապա բեմ հրաւիրեց բանախօս՝ Հայրիկ Աղանեանին, ով անդրադարձաւ հայկական մշակոյթի տարատեսակ դրսեւորումների ու կարողութիւնների մասին, որոնք բնութագրում են ազգի կեանքը:
Նշելով հայկական մշակոյթի կառուցւածքն ու ձեւերը, բանախօսը իւրաքանչիւր բաժնում վերլուծեց ներառեալ ենթաբաժանմունքները եւ դրանց ազդեցութիւնը հայ ժողովրդի ծագման հետ միասին՝ անցած զարգացման ուղին, միաժամանակ պահպանելով տեղական որոշակի աւանդոյթները:
Բանախօսը նշեց, որ «Մեր էութիւնն ու ինքնութիւնը» եղել է այբուբենը եւ դարեր շարունակ հայ ժողովրդի կեանքի լոյսն ու յոյսն է եղել: Նրանով է, որ մեր քերթողները, պատմիչները եւ թարգմանիչները, մեր մշակոյթի ջահը անմար պահեցին եւ այն յանձնեցին յետնորդ սերունդներին: Նրանով է, որ երբ մենք ժողովուրդ էինք, ազգ դարձանք: Այն մեզ պահեց իբրեւ հայ եւ դեռ պիտի պահի այնքան ժամանակ, որ մենք ինքներս մեզ պահենք:
405 թւականին, ազգային գրի ստեղծումը, խթան հանդիսացաւ կրթական, հասարակական եւ այլ մշակութային ստեղծագործական կեանքի զարգացմանը: Այսպիսով՝ մշակոյթը այն ամէնն է, ինչ շրջապատում է իւրաքանչիւրիս եւ մեծ դեր է խաղացել մեր երկրի, ինչու չէ նաեւ սփիւռքի զարգացման գործում:
Անդրադառնալով ներկայիս հայրենիքում տիրող օտարացման ծրագրերին, բացադրեց դրանց բացասական կողմերը ու նաեւ հետագայ կործանիչ արդիւնքների մասին:
Հ. Աղանեանը իր խօսքերն աւարտեց Կոմիտասից, մի քանի տող ասմունքով՝
«Սիրտս լցւած է.
Տես աչքովդ, թէ ինչպէս մարդիկ
Աւերում, կործանում են
Պատիւ, անուն, եկեղեցի,
Սրբութիւն, ազգայնութիւն
Եւ գործիք են դառնում չարի ձեռքին
Եւ ապա մի լցւիր,
Մի լար,
Մի ողբայ Խորենացու պէս…»
Ծրագրի գեղարւեստական բաժինն սկսւեց «Կակաչ» պարախմբի «Տօնական Պար» եւ «Տարազ» պարային կատարումներով, ղեկավարութեամբ՝ Արուս Սարգսեանի եւ պարուսոյց փորձավար ու բեմադրիչ՝ Արմինէ Աւագեանի:
Մեներգեցին Նորիկ Աբրահամեանը, խօսք՝ Քլոդիա Բասեղեանի «Հայ մնա՛» եւ Ֆրէդ Մաւաթեանը՝ Արամայիս Սահակեանի «Ուզում եմ քեզ տեսնել» ստեղծագործութիւնը:
Ապա, ասմունքեցին՝ Արթին Մովսիսեանը՝ Գէորգ Էմնինի «Սասունցիների Պարը» եւ Նոյ նազարեանը՝ Վարանդի «Արիականք» բանաստեղծութիւնը:
Գեղարւեստական բաժինը առաւել երանգաւորւեց, քանոնահար՝ Մելինէ Մարգարեանի, «Ծովակ» եւ «Շալախօ» պարեղանակների կատարումով:
Միւս բաժնում, «Ակունք» պարախումբը «Հայաստան Աշխարհ» եւ «Ուզունդարա» պարային կատարումները ներկայացրեց, Կարինէ Մանուչերեանի գեղարւեստական ղեկավարութեամբ եւ բեմադրութեամբ:
Ծրագրի աւարտին, հաղորդավարը բեմ հրաւիրեց արժանապատիւ քահանայ հայր՝ Տէր Յակոբ Քեշիշեանին, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի պատգամը օրւայ առիթով ընթերցելու: Պատգամը հակիրճ եւ բովանդակալից կերպով նշեց օրւայ իմաստը եւ խրախուսեց կառչած մնալ հայկական մշակոյթին, որպէս գոյատեւման անսասան յենակ:
Վերջում Լ. Ղեւոնդեանը Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան անունից, խորին շնորհակալութիւն յայտնեց՝ ձեռնարկի գեղարւեստական կատարողներին, բանախօսին, ծրագրի կազմակերպիչ՝ գրական-գեղարւեստական բաժանմունքին եւ բեմի յետնամասում համագործակցող բոլոր անհատներին, ովքեր ամենայն նւիրւածութեամբ՝ ծրագրի կատարեալ ներկայացման համար ոչ մի ջիգ ու ջանք չեն խնայել:
Միջոցառմանը հանդիսատեսի կողքին, ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդից ներկայացուցիչներ, քահանայ հայր՝ Տէր Յակոբ Քեշիշեանը, վարչութեան անդամները եւ ներկայացուցիչներ՝ այլ միութիւններից:
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութիւն