Մշոյ Ս. Կարապետ վանքի սուրբ դուռ
Տասներեքերորդ դարի սրբութիւն ես դու,
Ընդամէնը ելումուտի մի դուռ,
Երկու թեւերով,
Որ գրկել ես համայնքիդ,
Սեղմել ես տաճարիդ,
Որ աւելի մօտ լինեն Աստծուն։
Տասներեքերորդ դարից ի վեր
Գրկումդ պահածդ համայնքդ
Մնում է սեղմ գրկիդ մէջ,
Որպէս՝
Սուրբ Կարապետ թաղի ժողովուրդ,
Որ այնուհետեւ
Արհաւիրքով բացակայում է թաղից։
Համայնքդ
Մինչեւ 1915 թւականը
Դեռ ելումուտ էր անում…
Յիշողութեանս մովում
Այդպէս է ստւերւած…
Գնում-գալիս են,
Որ այլեւս չեն գնում-գալիս…
Բեկւել է գնալ-գալը…
Ելումուտը սրբադուռ սուրբ տաճարիդ…
Մշոյ Սուրբ Կարապետ վանք…
Բացւիր վերստին
Պատմական վաղեմի սրբութեամբ,
Եւ ընդունիր համայնքիդ,
Որ… որ նախկինը չէ,
Բայց ձգտում է լինել համայնքդ…
Չէ՞ որ սեղմ էիր պահում գրկումդ
Որ մօտ լինեն Աստծուն…
Այնուհետեւ,
Խափանւել է իմ յիշողութիւնը,
Գրկիդ սեղմ ջերմութիւնը,
Եւ չգիտեմ թէ մնացել է սրբութիւնդ…
Ախր… այնքան աւերումներից յետոյ,
Որ այնպէս կնջռոտեցին քանդակներդ,
Որ մեր օրաւուրն էր պատկերում…
Տասներեքերորդ դարի մեր օրաւուրը…
Ես քեզ պէտք է առնեմ իմ վտիտ ուսերին,
Ու պիտի տանեմ Մհերի անդուռ Դռանը
Կախելու,
Զօդելու,
Ինձ էլ վրադ խաչած։
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Ցեղասպանութեան Մեծ Եղեռնից յետոյ, երբ ամբողջապէս աւերւեց Մշոյ Ս. Կարապետ վանքը, նրա գեղարւեստական գլուխգործոց դուռը, 1212 թւականի քանդակւած, անյայտացաւ… Վերջերս երեւաց Նիւ Եօրքի Մետրոպոլիտէն թանգարանի «Արմենիա» ցուցահանդէսում։