Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպի իրական ուղերձները. Նայիրեան ստոր եւ նենգ դաւաճանութիւնը
(Մաս երրորդ)

ԱՐԱ ԶԱՐԳԱՐԵԱՆ
Գրականագէտ
Սոյն յօդւածաշարի նպատակն է՝ ցոյց տալ Եղիշէ Չարենցի իրական գաղափարները «Երկիր Նայիրի» վէպում, որոնց մասին «կրթողները»՝ «Կրթւելը նորաձեւ է» շարժմանը մասնակցող (նաեւ դրանից դուրս) մի շարք գրականագէտներ եւ «գրականագէտներ», լռում են:
Յօդւածաշարում, որը ունի թեմատիկ տարանջատում եւ բաղկացած է մի քանի մասերից, մենք խօսում ենք, թէ ովքե՞ր են կեղծում Չարենցին, ի՞նչ նպատակով, եւ ո՞րն է ճշմարտութիւնը: Քանի որ Չարենցի կենդանութեան օրօք «Երկիր Նայիրի» վեպն ունեցել է 4 հրատարակութիւն, մենք այս յօդւածում օգտագործում ենք «Երկիր Նայիրի» վէպի 1932 թւականի հրատարակութիւնը, որը խմբագրել է Եղիշէ Չարենցը, եւ այն վերահրատարակւել է 2022 թւականին:
Նայիրեան երկաթէ վրէժը
Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպն ունի մի շարք գաղափարական ուղերձներ: Նախորդ յօդւածում մենք ներկայացրեցինք վէպում Նայիրեան ստոր եւ նենգ դաւաճանների եւ նրանց պատժի մասին: Այս յօդւածում կը ներկայացնենք վէպում առկայ մէկ այլ կարեւոր գաղափար, ինչը «կրթողները», գրականագէտներն ու «գրականագէտները» փորձում են շրջանցել:
«Երկիր Նայիրի» վէպում Եղիշէ Չարենցը Կարսի անկման, Նայիրիի կործանման հետ մէկտեղ՝ պարբերաբար ընդգծում է նաեւ պայքարի եւ վրէժի մասին: Կարսի ազատագրման ու վրէժի մասին վէպի տարբեր հատւածներում պարբերաբար ընթերցում ենք: Սրանով Չարենցն արթուն է պահում յաւիտենական հիւանդից՝ թուրքից, ազգային վրէժն առնելու գիտակցումը: Վրէժի առաջին կոչը կարդում ենք վէպի հէնց առաջին մասում.
«Եւ նորից, բերդի անառիկ ամրութիւններից, որպէս երկաթեայ ահեղ մի սպառնալիք-կելնէ, կը յառնէ ահասաստ, Նայիրեան ոգին, կորովը, ուժը հազարամեայ-Նայիրեան աշխարհի…Ու կը վառւի նորից անմար խնդութեամբ, կը ժպտայ խնդագին երկիրը հազարամեայ-երկիրը Նայիրիի…»: (Չարենց Ե., «Երկիր Նայիրի», Երեւան, 2022, էջ 31):
Չարենցը վրէժի միտքը վէպում արտայայտում է տարբեր ժամանակներում: Այդպէս էին մտածում «իրական նայիրցիները» (Նոյն տեղում, էջ 31) նախքան Կարսի վերջնական անկումը: Չարենցը պարբերաբար կրկնելով այս միտքը, վրէժի կայծը վառ է պահում նաեւ Կարսի անկման փաստն արձանագրելուց յետոյ: Այս կէտում կարեւորն այն գաղափարն է, որ Կարսի ազատագրման գաղափարակիցներն «իսկական նաիրցիներն» են՝ իրական հայերը: Սրա մասին խօսելով (վէպում նմանատիպ հատւածները Չարենցը ներկայացնում է Կարսի տարբեր բնակիչների խօսքերով, զրոյցներով, մտածմունքներով)՝ Չարենցը սահմանում է նաեւ վրէժի բանաձեւը՝ երկաթէ վրէժ:
«…Օրը կը գայ եւ նորից կելնէ, կը յառնէ մշուշից-Նայիրեան ոգին: Յաղթ, հաստատ, կիջնի թշնամու գլխին-երկաթէ վրէժ»: (Նոյն տեղում, էջ 37):
Վրէժի չարենցեան մոդելը վրէժն է ռազմական ճանապարհով, զէնքով, պատերազմով: Այդ ամէնի հիմքում «Նայիրեան ոգին» է, որի վերածննդի շնորհիւ պայքարի, ազատագրման, երկաթեայ վրէժի հիմքերն են դրւելու:
«…Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպէս այդ քաղաքի, նմանապէս եւ ամբողջ Նայիրիի գլխից-եւ չէ՛ին, չէ՛ին կարող, այո՛, այդ դժբախտ օրերը չծնել անձնաւորութիւններ՝ դժբախտ ու հերոսական: Չէ՛ր կարող, օ, ո՛չ այդ դժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չյառնել, պայծառ ու սրբացած-Նայիրեան Ոգին»: (Նոյն տեղում, էջ 89):
Թէեւ ընթերցողի համար կարող է տպաւորութիւն ստեղծւել, որ Չարենցի վրէժի եւ Նայիրեան ոգու վերածնման կոչը վէպում սիւժետային իրադարձութեան ժամանակի մէջ է, այնուամենայնիւ Չարենցի գաղափարական կոչը յաւիտենական է: Չարենցը, վրէժի մասին խօսելիս զատ, բերում է նաեւ հայկական երկաթեայ վրէժի պատմական օրինակ.
«…Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թաւ, թեթեւ թռաւ՝ անսիրտ դիւանագէտների ժանգոտած ուղեղներում, որպէս Նայիրեան, այսինքն «Ընկերութեան» ոգու ցասումնալից մի ցոյց, արդարութեան բողոք–պայթեց, օդը ցնցեց Բանկը Օտտոման…»: (Նոյն տեղում, էջ 118):
Սա յղում է 1896 թւականին զինւած հայերի կողմից Կ. Պոլսի բանկի գրաւմանը, որը պատմութեան մէջ յայտնի է «Բանկ Օտտոմանի գրաւում» անւամբ: Երկաթեայ վրէժի հետեւանք պիտի լինէր եւ ազատագրւած Երկիր Նայիրին: Այդ երազանք-նպատակը Չարենցը պարբերաբար ներկայացնում է վէպի գլխաւոր հերոս Մազութի Համոյի մտածմունքներով, որոնց հանդիպում ենք վէպի տարբեր հատւածներում: Երկիր Նայիրիի յաւիտենականութիւնն ընդգծելու համար Չարենցը ցոյց է տալիս, որ Նայիրիի համար մահը, կործանումը դատավճիռ չի դառնում.
«…ազգային եռանդ (էներգիա), որով, եւ միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հաւասարւել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամեայ–հազարամեայ Նայիրին……»
«Եգիպտական բուրգերը փոշի կը դառնան՝
Արեւի պէս, երկի՛ր իմ, կը վառւես վառման…»: (Նոյն տեղում, էջ 188):
Նայիրեան երկաթէ վրէժի գաղափարը, բնականաբար, նպատակայնօրէն անտեսւում է «կրթողների», գրականագէտների եւ «գրականագէտների» կողմից, քանի որ չի բխում «Խաղաղութեան դարաշրջանի» տրամաբանութիւնից։
Չարենցը, «Երկիր Նայիրի» վէպում պատմելով Կարսի անկման մասին, միաժամանակ վէպի միջոցով փոխանցում է վրէժի եւ ազգային դիմադրութեան գաղափարը։ Նրա պատկերացմամբ՝ վրէժը ռազմական ճանապարհով, պայքարով ու զէնքով վերադարձւող արժանապատվութեան հարց է, որի շարժիչ ուժը Նայիրեան Ոգին է եւ դրա վերածնունդը: Այդ ոգին նա դիտում է որպէս յաւիտենական արժէք, որի վերածնունդը կապում է իրական նայիրցիների, այսինքն՝ իրենց հայրենիքի ճակատագրով ապրող, գործող իսկական հայերի հետ: Վէպի գլխաւոր հերոս Մազութի Համոյի կերպարով արձանագրւում է այդ պայքարի տեսլականը, իսկ Նայիրի երկիրը Չարենցի համար ենթակայ չէ մոռացութեան կամ պատմական մահւան։ Այսպէս, «Երկիր Նայիրի»-ն դառնում է ոչ միայն անցեալի վերլուծութիւն, այլեւ ապագայի երազանք՝ հիմնւած վրէժի գաղափարի վրայ։
Յ. Գ. – Իսկ ինչո՞ւ մեր գրականագէտները եւ «Կրթւելը նորաձեւ է» շարժման շրջանակներում չեն խօսում այս մասին, կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպի կարեւոր ուղերձներից է նաեւ յաւիտենական հիւանդին՝ թուրքին երկաթէ վրէժով ոչնչացնելու կոչը:
168.am