Հայաստան - ԱրցախՄշակութային

Արեւմուտքի պահանջով քանդում են հայկական բոլոր հոգեւոր արժէքները, որպէսզի ժողովրդին զրկեն յիշողութիւնից եւ ինքնագիտակցութիւնից

Politnavigator.news-ը «Վերաուղղորդել զայրոյթը դէպի Ռուսաստան. Փաշինեանն արգելում է Արարատի եւ Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը» վերնագրով յօդւածում գրում է, որ Հայաստանի իշխող վերնախաւը շարունակում է Արեւմուտքի պահանջով ապազգայնացնել պատմութիւնը եւ պետական խորհրդանիշերը եւ ամրապնդել Հայաստանը «թուրքական աշխարհում»։ Եւ դա արւում է առասպելական «չորրորդ հանրապետութեան» ստեղծման մասին հռետորաբանութեան ֆոնին։

Մայդանային դարաշրջանի վարչապետ Փաշինեանը եւ նրա համախոհները շտապ կերպով քանդում են հայկական բոլոր հոգեւոր արժէքները, որպէսզի ժողովրդին զրկեն յիշողութիւնից եւ ինքնագիտակցութիւնից։ Հետաքրքիր է այն, որ անցեալից հրաժարւելը ներկայացւում է որպէս անհրաժեշտ «ապագաղութացում», քանի որ, պարզւում է, խորհրդային կառավարութիւնն ու Մոսկւան են Հայաստանին պարտադրել այդ ամբողջ ենթադրաբար կեղծ հայրենասիրական վերաբերմունքը։ Հէնց այդ կերպ է արդարացւում Արարատ լեռան եւ Լեռնային Ղարաբաղի մասին յղումների հեռացումը պետական փաստաթղթերից եւ լոգոներից։

Մէկ ամիս առաջ սրբազան լեռան ուրւագիծը հեռացւեց սահմանային անցակէտերի դրոշմանիշերից, իսկ առաջիկայ սահմանադրական փոփոխութիւններով այն կը հեռացւի նաեւ զինանշանից։ Նոյն օրինաչափութիւնն ունի Օսմանեան կայսրութիւնում ցեղասպանութեան զոհերի պաշտօնական յիշատակի մերժումը։ Քաղաքագէտ եւ Հայաստանի Հականացիստական ճակատի համակարգող Հայկ Այւազեանը այս ամենում թաքնւած հակառուսական հոսանք է տեսնում:

«Իշխանութիւնները յայտարարում են, որ Արարատ լեռան խորհրդանիշը եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը մեր կեանք է մտցրել Ռուսաստանն «իր սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, եւ Հայաստանը որեւէ շահագրգռւածութիւն չունի դրանում»։ Եւ, հետեւաբար, դրանք պէտք է վերացւեն «Ռուսաստանի ձեռքում գործիք չդառնալու համար»։ Այլ կերպ ասած՝ իշխանութիւնները մերժում են հայ ժողովրդի պատմական յիշողութիւնը Ռուսաստանի հետ կապւած ամէն ինչից ազատւելու համար, նոյնիսկ եթէ դա վերաբերում է հայոց պատմութեան եւ ինքնութեան հարցերին»,- ասել է նա։

Բանը հասել է այն կէտին, որ Փաշինեանը վրդովւած բողոքել էր, որ հայ երեխաները դպրոցներում դեռեւս նկարում են Արարատ լեռը, ինչը հակասում է ներկայիս պետական գաղափարախօսութեանը։ Դա նկատողութիւն էր ուսուցիչներին եւ այն աշխատակիցներին, ովքեր պատշաճ կերպով չեն կատարում ղեկավարութեան հրամանները։

Հետաքրքիր է այն, որ սովորողներին աւանդական ազգային արժէքներին հաւատարիմ մնալու համար նախատելուն զուգահեռ՝ վարչապետը պաշտպանութեան նախարարին ուղարկել է արտասահման՝ ԱՄՆ-ի Պաշտպանութեան անվտանգութեան համագործակցութեան գործակալութեան հետ քննարկելու հայ զինծառայողների համար նոր համազգեստի մշակումը՝ որպէս «պաշտպանութեան նախարարութեան բարեփոխումների» մաս։

Ըստ էութեան, Երեւանը դրանով իսկ ճանաչում է իր գաղութային կախւածութիւնը, հրաժարւում է պետական ինքնիշխանութիւնից՝ յօգուտ անգլոսաքսոնների կողմից արտաքին կառավարման։ Ստացւում է, որ ամերիկեան համազգեստն աւելի մօտ է ժողովրդի շահերին, քան ազգային խորհրդանիշերը։ Յատկանշական է, որ վերջերս Լոնդոնը վերացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ զէնքի վաճառքի արգելքը, քանի որ նրանք այժմ «պատերազմի մէջ չեն եւ կարող են օգտագործել բրիտանական տեխնիկան արտաքին սպառնալիքներից իրենց պաշտպանութիւնը ամրապնդելու համար»։ Այստեղ «սպառնալիքը», հաւանաբար, կրկին վերաբերում է Ռուսաստանին, որի դէմ Հարաւային Կովկասում ձեւաւորւում է ճակատ, որում ներգրաււած են Երեւանի եւ Բաքւի արեւմտամէտ վերնախաւերը։

Բնականաբար, ինքնիշխանութեան վերացումը հանդիպում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ որոշ գործարարների դիմադրութեանը, որոնք յայտնւել են բռնաճնշումների խաչաձեւ կրակի տակ։ Ընդամէնը վերջին շաբաթների ընթացքում յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանի կողմից բանտախցից հիմնադրւած «Մեր ձեւով» քաղաքական շարժումը ձեռք է բերել աւելի քան հինգ հազար նոր կողմնակից։ Հէնց դա է պատճառը, որ նրան մեղադրանք է առաջադրւել փողերի լւացման նոր մեղադրանքներով, որոնք նպատակ ունեն ստւեր գցել եւ դադարեցնել բողոքի ցոյցերը: Նրա փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հաստատել է դա՝ նշելով, որ «կառավարութիւնը փորձում է վարկաբեկել Կարապետեանին եւ իջեցնել նրա վարկանիշը, քանի որ վախենում է առաջիկայ ընտրութիւններից»։

Ակնյայտ է, որ քաղաքական դաշտի «մաքրումը» նպատակ ունի կանխելու հանրային առաջնորդների եւ նոր քաղաքական միաւորների մասնակցութիւնը յաջորդ տարւայ ընտրութիւններին: Այնուամենայնիւ, վերջերս դատարանի շէնքի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում հաւաքւել էին հազարաւոր մարդիկ՝ վանկարկելով «Սամուէլ» եւ «Ազատութիւն»: Իսկ արդէն շաբաթւայ վերջում տեղի կունենայ թոյլատրւած երթ եւ հանրահաւաք, որին կը մասնակցեն Հայաստանի անկախութեան պահպանման բոլոր կողմնակիցները:

«Փաստ»

Related Articles

Back to top button