Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Գոմք գիւղ է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։ Գտնւում է մարզկենտրոնից 35 կմ հեռաւորութեան վրայ՝ Ախտա գետի ափամերձ լանջերին։ Սահմանակից է Զառիթափ եւ Արտաւան համայնքներին, ինչպէս նաեւ Նախիջեւանին։ Գիւղը վերանւանւել է Գոմք 1991 թւականի ապրիլի 3-ին։ Բարձրութիւնը ծովի մակերեւոյթից կազմում է 1800 մ։

Նախնիների մի մասը 1828 թ.-ին գաղթել է Խոյի գիւղերից։ Գիւղում գործում է միջնակարգ դպրոց եւ բուժկետ։ Գոմքի մշտական բնակչութիւնը կազմում է 138 մարդ։ Գիւղի տարածքը ընդհանուր առմամբ կազմում է 3834.4 հեկտար, որից գիւղատնտեսական հողերը՝ 3671 հեկտար։ Բնակչութիւնը հիմնականում զբաղւում է անասնապահութեամբ եւ հողագործութեամբ։

 

«Պատմութիւն»

1989 թւականին լքւած գիւղ են եկել առաջին հայ բնակիչները, ովքեր մազապուրծ փախել էին Սումգայիթից, Բաքւից, Կիրովաբադից եւ այլ վայրերից, իսկ մի քանիսը՝ աղէտի գօտուց։ Գոմք գիւղը յիշատակւած է Ստեփանոս Օրբելեանի «Սիւնիքի պատմութիւն» մեծարժեք աշխատութեան մէջ։ Մեծանուն պատմիչը պարզել է, որ Գոմք գիւղը վեց չափ հարկ է վճարել Տաթեւի վանքին, ինչը վկայում է, որ այն եղել է փոքր բնակավայր։

Գիւղն այդպէս էլ յիշատակւում է՝ «Գոմք», եւ հիմնազուրկ է այն ենթադրութիւնը, թէ այն հին Գոմեր գիւղն է։ Շէնը, թէեւ փոքր է եղել, աչքի է ընկել իր մի հրաշալի զարդով՝ որմնափակ խաչքար-մատուռով, որը մեր բազմադարեան ճարտարապետութեան եզակի նմուշներից է։ Մատուռը կառուցւել է 1263 թւականին՝ ըստ պահպանւած արձանագրութեան։ Այն իր կառուցւածքով, մտայղացմամբ, քանդակներով եւ վիմագրութիւններով մի անգնահատելի մշակութային կոթող է։

Գիւղամիջում պահպանւել են եկեղեցու աւերակներ, որոնք իրենց ոճով վերաբերում են 16–17-րդ դարերին։

 

«Պատմամշակութային կառոյցներ»

Գոմքում պահպանւել են՝

1263 թ.-ին կառուցւած մատուռ,

XVI-XVII դարերի եկեղեցի,

XI-XVII դարերի խաչքարեր։

Գոմք գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է 15 յուշարձան (7 միաւոր):

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button