Բողոքի ակցիա՝ ի պաշտպանութիւն Հայաստանի քաղբանտարկեալների եւ Բաքւում պահւող հայ գերիների

Չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերեալ, այլապէս այդ լռութեան գինը մեր երկրում քաղբանտարկեալների թւի աւելացումն է դառնալու։ Այս նպատակով հոկտեմբերի 29-ն Ազգային ժողովի մօտ տեղի ունեցաւ բողոքի ակցիա՝ ի պաշտպանութիւն Հայաստանի քաղբանտարկեալների եւ Բաքւում պատանդառւած հայ գերիների։
Ակցիային մասնակցում էին ՀՀԿ, ՀՅԴ Երիտասարդական եւ Ուսանողական կառոյցների, այլ քաղաքական ուժերի, հասարակական միաւորումների երիտասարդներ։
Նշենք, որ ԱԺ-ում այդ պահին ընթանում էր Եւրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, եւ ակցիայի մասնակիցները փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել եւրոպացի խորհրդարանականների համար։
«Մեր կոչն է միջազգային հանրութեանը, որպէսզի երկակի ստանդարտներ չկիրառի եւ կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ուղղորդում են դատական համակարգը սմս հաղորդագրութիւններով եւ ԱԺ այն դահլիճում, որ դուք հիմա գտնւում էք: Այդ մարդն ամիսներ առաջ ասել է, որ ընդդիմախօսների տեղը ԱԱԾ պադւալներում է։ Դուք պէտք է հասկանաք, որ չէք կարող պաշտպանել մի իշխանութեան, որն ամէն օր գործում է օրէնքից դուրս»,- ակցիայի ժամանակ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ դիմելով եւրոպացի խորհրդարանականներին։
«Մենք տեսնում ենք Բաքւում պահւող մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ այլ գերեվարւած անձանց խոշտանգումներ եւ տեսնում ենք ձեր լռութիւնը, որն անթոյլատրելի է։ Միջազգային հանրութիւնը յստակ գնահատականներ պէտք է տայ, դուք նրա համար էք, որպէսզի պաշտպանէք Հայաստանում ժողովրդավարութիւնը, ոչ թէ Նիկոլ Փաշինեանին»:

Ակցիային մասնակցում էին նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան երիտասարդները։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան վարչութեան ատենապետ Միրօ Սարգսեանը անգլերէն ելոյթով դիմեց եւրոպացի խորհրդարանականներին.
«Եւրանեսթի խորհրդարանական վեհաժողովի յարգարժան պատւիրակներ,
Այսօր դուք հաւաքւել էք այստեղ՝ քննարկելու Արեւելեան գործընկերութեան տարածաշրջանին եւ դրանից դուրս վերաբերող կարեւորագոյն հարցեր։ Այս բողոքի ակցիայի միջոցով մենք ցանկանում ենք ձեր ուշադրութիւնը հրաւիրել մի քանի հրատապ՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին հարցերի վրայ։
Եւրամիութիւնը չի կարող հանդուրժել էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը, պատանդների խոշտանգումները, արցախցների վերադարձի իրաւունքի մերժումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան, մարդու իրաւունքների զանգւածային խախտումները եւ այլ յանցագործութիւններ, որոնք կատարւել են Ադրբեջանի՝ որպէս տարածաշրջանում Արեւելեան գործընկերութեան անդամ երկրի կողմից։
Եւրամիութեան գործադիր մարմինները՝ հիմնականում Եւրոպական Յանձնաժողովը եւ Եւրոպական խորհուրդը, պէտք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ իրենց գործողութիւններն ու քաղաքականութիւնը համապատասխանեցնելու Եւրախորհրդարանի կողմից ընդունւած բանաձեւերին։ Եւրոպական արժէքները չեն կարող տեղի տալ նաւթով հարուստ աւտոկրատիաների տնտեսական շահերին։
Պատմութիւնը, յատկապէս վերջին շրջանում, ապացուցել է, որ անպատժելիութիւնը յանգեցնում է, յատկապէս մարդկութեան դէմ, նոր յանցագործութիւնների։
Յարգելի՛ պատւիրակներ, մենք նաեւ կոչ ենք անում ուշադրութիւն դարձնել Հայաստանի ներքին զարգացումներին, մասնաւորապէս՝ օրէնքի գերակայութեան խնդրին, քաղաքական ազատ կամարտայայտման նկատմամբ յարգանքին ու դատական համակարգի անկախութեանը։ Քաղաքական հետապնդումները, քաղբանտարկեալների գոյութիւնը, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակումները չեն կարող ընդունելի լինել ձեր կողմից։
Այսօր Հայաստանում ժողովրդավարութեան իմիտացիա է։ Քաղբանտարկեալների այս պաստառները, որ տեսնում էք, այդ իմիտացիայի կենդանի ապացոյցն են»։
ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Լիլիթ Գէորգեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ Հայաստանի Հանրապետութիւնում ընդհանրապէս չկայ ժողովրդավարութիւն եւ խօսքի ազատութիւն:
Իր հերթին ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Արամ Արշակեանն էլ ասաց, որ հետապնդումներն ու դատապարտութիւնները չեն կարող ազդել իրենց վրայ, իրենք երկրի հետ կապւած ունեն իրենց յստակ նպատակները, տեսլականը:



